Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «իշխանափոխական» հավաք

Մարտ 19,2004 00:00

Հերթական «իշխանափոխական» հավաք Մտավորականների ֆորումի ավագանին երեկ հերթական՝ 5-րդ, նիստը գումարեց Ու քանի որ մտավորականների այս կազմակերպությունը միավորում է բացառապես ընդդիմադիր մտավորականների, նրա հավաքներին էլ մասնակցող քաղաքական եւ հասարակական ուժերն էլ, հասկանալի է, որ պետք է ընդդիմադիրներ լինեին եւ իշխանափոխության հարց բարձրացնեին: Իսկ նիստը սկսվեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ելույթով: Նկատի ունենալով, որ իշխանափոխությունը պարզապես անհրաժեշտ է երկրում բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը փոխելու, երկիրը խոր ճգնաժամից դուրս բերելու համար, միաժամանակ արձանագրեց, որ իշխանափոխություն անելու երկու մոտեցումներ են առաջարկվում՝ սահմանադրական ճանապարհով եւ ցանկացած եղանակով: Պ.Մակեյանի կարծիքով, իշխանափոխությունը պետք է լինի անցնցում՝ ժողովուրդական զանգավածային ընդվզման եւ՝ «ապօրինի իշխանություններին անհնազանդության արդյունքում»: Իբրեւ ընդվզման արդյունավետության լավագույն օրինակ նա մատնանշեց «Զինապարտության մասին» օրենքի շուրջ ուսանողների բարձրացրած եւ հաջողությամբ պսակված բողոքի ակցիան, որով, Պ.Մակեյանի դիտարկմամբ, ուսանողները «ի չիք դարձրին Սերժ Սարգսյանի ամենակարող լինելու մասին լեգենդը»: Նրա համոզմամբ, ուսանողները դեռ անելիք ունեն: Ակնարկն ակնհայտորեն վերաբերում էր իշխանափոխության հարցում ուսնողներին ներգրավելուն: Կուսակցության ղեկավարի ասելով, իշխանափոխությունն անխուսափելի է եւ դա հասկանում են նաեւ իրենք՝ իշխանությունները, որոնք պատրաստվում են ուժային մեթոդներով այն կանխել: Իբրեւ փաստարկ նա մատնանշեց ՀՀ ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները, նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի նշանակումը: Մտավորականների նիստին մասնակցում էր նաեւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտեմ Գրիգորյանը: Նա հայտարարեց, որ խմբի նպատակը միանգամայն համահունչ է իր անվանը՝ հավելելով, թե «Զինապարտության մասին» օրինագծի կասեցումը իրենց գործունեության միայն առաջին քայլն էր: Հաջորդը, ըստ նրա, «քաղաքակիրթ երկրին անհարիր երեւույթի՝ Սարդարապատի թանգարանը փակելու ՀՀ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիան է լինելու»: Պատասխանելով իր իսկ հռետորական հարցին՝ որքանով է նախաձեռնող խումբն առնչվում քաղաքականությանը, Ա.Գրիգորյանն ասաց. «Այնքանով, որքանով գիտությունն ու կրթությունն առնչվում են քաղաքականությանը: Այդ շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ուժերի հետ, ովքեր կնպաստեն մեր բարձրացրած հարցերի լուծմանը»: Մտավորականների ժողովում միակ ելույթը, որ ոչ միայն միանշանակ չընդունվեց ներկաների կողմից, այլեւ՝ դահլիճից ռեպլիկների առիթ դարձավ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթն էր: Ներկաները աղմկեցին, երբ Հովհ. Հովհաննիսյանը դժգոհեց ընդդիմության ռուսամետ լինելու եւ ՌԴ-ն որպես հայերի միակ դաշնակից ու փրկիչ ներկայացնելու փաստից: «Ոչ մեկը մեր ժողովրդի կարծիքն այդ հարցում չի հարցրել: Խաչատուր Աբովյանը մի բան է ասել, բայց դա եղել է 200 տարի առաջ: Հիմա իրողություններն այլ են»: Հովհ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, իշխանությունների ուզած կայունությունը, որ «մեր երկրի համար վտանգավոր է, որովհետեւ ի տարբերություն մեզ, աշխարհը շատ արագ տեմպերով է զարգանում», իսկ գոյություն ունեցող արատավոր համակարգի պայմաններում «այդ կարծեցյալ կայունության պահպանումը հավասար է պետական դավաճանության»: Ներկաներին հատկապես դուր եկավ ուշացումով նիստին ժամանած մաեստրո Օհան Դուրյանի կոչը՝ «շատ սպասելը վնասակար է»: «Առողջության համար»,- հավելեցին ծափահարող դահլիճից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել