ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈԽՎԵԼ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԸ Մեկնաբանում են քաղաքական ուժերը Անցած շաբաթվա ընթացքում փոխվել է ՀՀ գլխավոր դատախազը, իսկ Երեւանի ոստիկանության ներսում ներքին տեղաշարժեր են նկատվում։ Արդյոք այդ քայլերով իշխանությունը պատրաստվում է ընդդիմության «գարնանային հարձակմանը»։ Այդ հարցին պատասխանում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ «Արդարություն» դաշինքի իշխանափոխության գործընթացը համակարգող շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բավականին արտառոց է համարում գլխավոր դատախազի նշանակումը. «որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ պաշտոնանկ արված գլխավոր դատախազը դեկորացիա էր Աղվան Հովսեփյանի համար։ Սա՝ մեկ, հաջորդը՝ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվել «27»-ից անմիջապես հետո։ Իսկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է, որ եթե իրենց պարտականությունները լիարժեք եւ հստակ կատարեին երկրի անվտանգությունն ապահովող մարմինները (որոնց թվում է, ըստ պրն Դալլաքյանի, գլխավոր դատախազը), ապա «27»-ի ոճրագործությունը կկանխվեր։ Այսինքն՝ «27»-ից հետո պաշտոնանկ արված Աղվան Հովսեփյանը կրկին դառնում է գլխավոր դատախազ։ Ո՞րն է տրամաբանությունը»։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, այսօր Երեւանի, Կենտրոն եւ Արաբկիր համայնքների ոստիկանապետեր են դարձել մարդիկ, ովքեր թույլ են տվել եւ աջակցել են 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքներին. «այդ փոփոխություններն ակնհայտորեն պայմանավորված են ռեժիմի հոգեվարքով, եւ տեղափոխությունների ենթարկված մարդիկ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների, բռնարարքների եւ այդ ամբողջ համակարգի կիրառողներն են եղել»։ Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ՝ «ՍԴ ներկայացրած ընտրակեղծիքների մեջ ակնհայտ է եղել, որ ամբողջ ոստիկանական համակարգը զբաղված է եղել ընտրակեղծիքներ կատարելով։ Անգամ եվրոպական դիտորդական առաքելության եզրակացության մեջ զարմանք է արտահայտվել, որ ընտրություններին հետեւող հինգ հազար ոստիկանները որեւէ խախտում չեն արձանագրել, երբ արդեն բռնարարքներ են տեղի ունեցել։ Այսինքն, այսօր ասպարեզ են գալիս հենց այդ մարդիկ»։ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը որեւէ արտառոց բան չի տեսնում մայրաքաղաքի մի շարք համայնքներում ոստիկանապետերի փոփոխությունների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության մասով։ Ըստ նրա, այդ փոփոխությունները որեւէ կապ չունեն ընդդիմության ակտիվացման եւ իշխանափոխության մասին հնչող առավել կոնկրետ խոսակցությունների հետ. «ոստիկանապետերի փոփոխությունը ուղղակի կադրային ներքին փոփոխություններ են, այսինքն՝ մի պրոֆեսիոնալը մի տեղից մյուսն է գնում։ Նաեւ դատախազի փոփոխությունն է այդպիսին եւ ես չեմ կարծում, որ իշխանափոխության հետ կապված ենթատեքստ ունի»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի կարծիքով եւս ուժային որոշակի կառույցների ղեկավարների փոփոխությունը կապված չէ որեւէ այլ հանգամանքի հետ. «իշխանությունը ունի իր ինստիտուտները, որոնց աջակցությամբ երկրում կարգուկանոն պետք է պահպանի։ Եվ, բնականաբար, այդ ենթատեքստում իրենք գուցե մտածել են թարմացնել որոշակի ռեսուրսներ, որպեսզի կարգուկանոնը երկրում հնարավորինս ապահովվի։ Չեմ կարծում, որ ընդդիմությունը կամ իշխանությունները կդիմեն ապօրինությունների։ Երկուսն էլ պետք է զուսպ լինեն։ Վերջին հաշվով, երկուսի էլ բացասական գործողությունները բերում են վատ հետեւանքների, խաթարում են երկրի կայունությունը, արտաքին ազդակների ակտիվացում է նշանակում։ Երկրի անվտանգության խնդիր է վերջին հաշվով։ Բոլորս պետք է այս պահին լուրջ լինենք, եւ որեւէ մեկը թող չմտածի, թե իր պետությունն է եւ ոչ՝ մերը»։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ, ոստիկանապետերի եւ գլխավոր դատախազի փոփոխությունները հարկավոր է դիտել որպես աշխատանքային սովորական տեղաշարժ. «եւ դրանից ահաբեկվել, հետեւություններ անելը ճիշտ չէ։ Միշտ էլ նման տեղափոխություններ եղել են, ես դա ավելի շատ տեղափոխություններ եմ համարում, քան՝ փոփոխություն»։ Իսկ այդ «տեղափոխությունները» որեւէ կերպ կապված չե՞ն ընդդիմության ակտիվացման հետ։ Ըստ Գալուստ Սահակյանի, եթե ընդդիմության քայլերը լինեն օրինական եւ ընդդիմությունը գործի բացառապես սահմանադրական ճանապարհով, ապա որեւէ կադրային փոփոխություն կամ որեւէ փոփոխություն ընդհանրապես չի կարող բերել «սահմռկեցուցիչ հետեւանքների»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը շարունակ շեշտում էր, որ իրենք եւս ընդդիմություն են եղել, բայց երբեք թույլ չեն տվել, որպեսզի ներքին քաղաքական իրավիճակն այնքան լարվի, որպեսզի վերածվի քաղաքացիական պատերազմի։ (Արդեն բազմիցս նկատել ենք, որ Դաշնակցությունն իր ոչ վաղ անցյալը բավականին վարդագույն երանգներով է ներկայացնում.- Մ. Ե.)։ Հրայր Կարապետյանն ասաց նաեւ, թե Դաշնակցությունն այսօր եւս որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ թույլ չի տա, որ արյուն հեղվի։ Ոստիկանապետերի եւ գլխավոր դատախազի փոփոխությունները, ըստ Հրայր Կարապետյանի, եւս։ Հատկապես ոստիկանությունում պարբերաբար փոխատեղումներ են լինում. «ընդհանրապես կարծիք կա, որ համակարգում ոստիկանապետը պետք է մի տեղում երկար չաշխատի։ Հավանաբար, այստեղ ինչ-որ հակակոռուպցիոն մոտեցումներ կան։ Նման բաներ տեղի էին ունենում նաեւ անցյալ վարչակարգի օրոք, երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր։ Կարծում եմ, փոփոխությունների պատճառը այդ մոտեցումն է եւ ոչ թե ներքին, քաղաքական խնդիրները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ