Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

Մարտ 19,2004 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

Ռոբերտ Քոչարյանը երեկ գլխավոր դատախազության ղեկավար կազմին ներկայացնելով
վերանշանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ասել է, թե 1999-ին նա այդ
պաշտոնից ազատվել էր ոչ թե աշխատանքում թերություններ ունենալու պատճառով,
այլ՝ զուտ քաղաքական իրավիճակից ելնելով: «Կարծում եմ, սա նաեւ արդարության
վերականգնում է»,- նշել է նա: «Արհեստավարժ, ամուր եւ սկզբունքային. ահա
այսպիսին եմ ես ճանաչում Աղվան Հովսեփյանին 1981-ից»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը
եւ ավելացրել, որ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է նաեւ ԼՂ-ում:

Խոսելով դատախազության անելիքների մասին Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Այլ իրավապահ մարմինների համեմատությամբ՝ դատախազությունն իր տեղի եւ արժեւորման տեսանկյունից որոշակի առումով անկում է ապրել»: Նաեւ ընդգծել է, թե դատախազությունն իր կարեւոր տեղը պետք է ունենա կոռուպցիայի դեմ պայքարում, եւ պետք է ակտիվացնի իր գործունեությունը քրեական եւ այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարում՝ պետական ունեցվածքի, սեփականության ու շահերի պաշտպանության տեսանկյունից: «Ամբողջ համալիրով ես շատ ավելի ակտիվ աշխատանք եմ ակնկալում դատախազությունից»,- շեշտել է նա: Միաժամանակ նշել է, թե այդ ամենին զուգահեռ՝ պետք է բացառվեն մասնավոր բիզնեսի, ձեռնարկատիրության մեջ միջամտության երեւույթները:

Խոսքի ավարտին Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ դատախազությունը պարտավոր է իր լիազորություններով զբաղվել լիարժեքորեն. «Նոր դատախազից ձեզ հետ միասին ակնկալում եմ ավելի վճռական աշխատանք»:

Սեփ. լր.
Հ. Գ. Նախկին գլխավոր դատախազը՝ Արամ Թամազյանն «Ազատություն»
ռ/կ-ին ասել է, թե այս պահին իրեն որեւէ այլ աշխատանք կամ պաշտոն չի առաջարկվել
եւ առայժմ զբաղվելու է ընթերցանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել