Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՆԱԳԱՅԼԻ ՊԵՍ ՉՎԱԶԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՏԵՎԻՑ»

Մարտ 19,2004 00:00

Առաջարկում է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: Ըստ նրա՝ «Ռուսաստանն ուղղակի ուզում է խեղդե՛լ մեզ իր քաղաքական գրկախառնությամբ ու մենք պետք է զգույշ լինենք»:

Օրեցօր առավել հաճախ են կոչեր հնչում, թե Հայաստանը պարտավոր է հրաժարվել իր ավանդական «Հավերժ ռուս մեծ ժողովրդի հետ» կողմնորոշումից: Նախօրեին Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էր առաջարկել դուրս գալ ԱՊՀ-ից եւ Հավաքական անվտանգության պայմանագրից: Իսկ երեկ էլ այդ գաղափարը ՄԱԱ-ի կազմակերպած «Պուտինյան Ռուսաստանը եւ ՀՀ արտաքին քաղաքականությունը առկա քաղաքական իրողությունների դաշտում» քննարկման ժամանակ զարգացրեց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: Նա նկատեց, թե ի տարբերություն հայ գործիչների, որոնք անընդհատ օգտագործում են «մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը» արտահայտությունը՝ «Երբեւէ չեմ լսել, որ ՌԴ նախագահ Պուտինը կամ վարչապետներից որեւէ մեկն օգտագործի այս ձեւակերպումը Հայաստանի հետ հարաբերությունների ընթացքում: Կարող է Ռուշայլոյի կարգի երկրորդական գործիչներ օգտագործեն այդ արտահայտությունը, այն էլ մեզ դուր գալու՝ Հայաստանի հանրության համար: «Ռազմավարական դաշնակից» ասելով ես հասկանում եմ, թե ինչ-որ խնդրի ժամանակ նա անպայման մեր կողքին է լինելու, բայց Հավաքական անվտանգության եւ բոլոր այլ պայմանագրերում այն հարցին՝ եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, Ռուսաստանը մեր կողքին կանգելո՞ւ է, թե՞ ոչ, շատ որոշակի պատասխան կա, որ ո՛չ, չի՛ կանգնելու: Եվ Պուտինը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, թե Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, եւ այդ երկրի տարածքային ամբողջականության կողմնակից է»:

Երջանիկ Աբգարյանը պնդեց, թե այն իրողության շեմին ենք, որ Ռուսաստանը դարձյալ սկսում է հակադրվել աշխարհին. «Սա շատ վտանգավոր է նաեւ մեզ համար: Մենք բացարձակապես ոչ մի այնպիսի նպատակ չունենք, որ կհամընկներ ռուսական կայսերական շահերին: Եթե ռուսները դա են ընտրել իրենց ճանապարհը՝ ոչինչ չունեմ ասելու, իրենց իրավունքն է: Նրանք ելնում են իրենց շահերից: Բայց երբ որ մենք շնագայլի նման վազում ենք նրա ետեւից՝ առանց հաշվի առնելու մեր շահերը, արդեն վկայում է մեր հասարակության զարգացածության մակարդակի մասին»:

Նա ուշադրություն հրավիրեց, որ չեն աշխատում ՌԴ-ին պարտքի դիմաց հանձնված գործարանները. «Չեն էլ աշխատելու՝ 100 տոկոսով վստահեցնում եմ ձեզ: Քանի որ ռուսական այն ընկերությունը, որին շահագործման են հանձնվել այդ ընկերությունները՝ ինքը կարիք ունի ահռելի ներդրումների»:

Ասելիքի «մեխն» այս էր. «Ռուսաստանի հետ անվտանգության, տնտեսական եւ այլ համակարգերում մենք չունենք ապագա՝ դա ձախողված կուրս է: ՌԴ-ն հայտարարում է, թե ինքն էլ է ուզում մտնել Եվրամիություն ու ՆԱՏՕ: Եվ մենք էլ պետք է մտնենք ավելի հզոր ու զարգացած համակարգերի մեջ՝ խոսքը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մասին է»: Հավելեց, թե նոր իշխանություն պիտի ձեւավորվի նաեւ այս պատճառով. «Այս իշխանությունն ի վիճակի չէ այդպիսի քայլեր կատարել: Այս իշխանության քիչ թե շատ բարձրաստիճան յուրաքանչյուր պաշտոնյա քրեական կապվածություն ունի ՌԴ-ի հետ»: Նրան հարցրին, թե արդյոք պաշտոնական Մոսկվան շահագրգիռ է գործող իշխանության պահպանմամբ, քանի որ վերջինս իր իշխանությունը զիջել է նրան եւ Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Երբ վասալական հարաբերություններ են, տերը միշտ ձգտում է, որ թույլ լինի իր վասալը: ՌԴ-ն չի ուզի, որ Հայաստանում լինի ուժեղ իշխանություն՝ դա փաստ է»:

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն իր ելույթում ասաց. «Ես բոլորովին ալերգիա չունեմ այն բանից, որ ռուսական զորքերն այստեղ են գտնվում: Ընդհակառակը՝ մենք գտնում ենք, թե պետք է խթանել ՌԴ-ի տնտեսական ներկայությունը Հայաստանում»: Սակայն նա էլ նշեց, թե հայ-ռուսական հարաբերությունները գին ունեն ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ՀՀ-ի համար. «Եվ յուրաքանչյուր կողմ պետք է պատրաստ լինի այդ գինը վճարելու»: Նաեւ հայտարարեց, թե համոզված է, որ մեր երկրի քաղաքական ապագան Եվրոպան է:

Կարող եք հարցնել, բա այդ քննարկման ժամանակ չկայի՞ն հայեր, որ առարկեին այս ամենին ու Խաչատուր Աբովյանին համերաշխ բացականչեին՝ «Օրհնվի՜ էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը…»: Թվում էր՝ կային: Մեկը «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Մինասյանն էր, որը բավարարվեց այն դիտարկմամբ, թե մեծագույն սխալ է պահանջելը, որ ՌԴ-ն հեռանա այս տարածաշրջանից: Մինչդեռ այդ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի մասին քաղաքագետ Հրաչ Գալստյանը «Տարեգրին» ասել էր. «Նա Ռուսաստանի ազդեցության գործակալ է Հայաստանում եւ ավելի շատ խոսում է ՌԴ-ի շահերի մասին, քան ՀՀ-ի»: Ու միակ արժանի հակահարվածը տվեց Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը. «Ես էլ կողմ չեմ, որ Ռուսաստանն իր սապոգը դնի մեր երկրի վրա ու տրորի: Մենք անպայման կդիմադրենք այդպիսի քաղաքականությանը… Բայց վտանգավոր է նաեւ եկող ընդդիմությունը, որ ծախվելու է Ամերիկային կամ Եվրոպային: Ճիշտ չի մի գերտերության տակից փախնելով՝ մտնել մյուս գերտերության տակը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել