Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՅԼԵ՛Լ ՍՈՎՈՐԵՔ

Մարտ 18,2004 00:00

ՔԱՅԼԵ՛Լ ՍՈՎՈՐԵՔ Առաջարկում է դիզայներ, քայլելու արվեստի (դեֆիլեի) մասնագետ Էմմա Ավետիսյանը Մոսկվայի արվեստի ինստիտուտի շրջանավարտ, առաջիկա գեղեցկության մրցույթների մասնակիցների ու մոդելների հետ աշխատող Է. Ավետիսյանը գտնում է, որ հայուհիները գեղեցիկ չեն քայլում: Նրա կարծիքով վաղուց ժամանակն է ռետրո ոճից դուրս գալու եւ «տանկետկա» կրունկներով կոշիկներին հրաժեշտ տալու: Եթե Ռուսաստանում նազելի քայլվածք ձեռք բերելու համար կանայք 1 ժամի համար $50 են վճարում, մեզ մոտ նույնքան վճարում են ամսվա համար, սակայն քչերն են օգտվում մասնագետի ծառայությունից: «Ոչ միայն «շարքային» կանանց, այլեւ հայ մոդելների հետ է դժվար աշխատել: 20 8211ից միայն 2-ը կարող է լսել ու ընդունել մասնագետի խորհուրդները, մյուսներն իրենց ամենագետի տեղ են դնում, ինքնահավան են, կարդացած չեն»,- փաստեց Միլանում ու Պրագայում աշխատած հայ դիզայները: 1996թ. նա փորձել է հայուհիներին ներկայացնել արտերկրում, նույնիսկ գեղեցկության տուն հիմնել Հայաստանում, բայց ամեն ինչ ձախողվել է տարբեր պատճառներով: «Այստեղ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ մոդելը թեթեւաբարո աղջիկ չէ: Այլ արտիստ է, ինչպես երգչուհին կամ օպերային թատրոնի դերասանուհին: Պոդիումն էլ նույն բեմն է, ուր գեղեցկությունը ներկայացվում է թատերականացված»,- ասում է դիզայները: Նա Հայաստանում համագործակցում է ոչ բոլոր կազմակերպությունների հետ: Պատճառը անվստահությունն է հայաստանցի գործընկերների նկատմամբ: Տիկին Էմմայի հավաստմամբ, դրսում դեֆիլեի մասնագետի ծառայություններից միայն մոդելներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները չէ, որ օգտվում են: Իրենց ավելի հաճախ դիմում են կանայք, ովքեր վճարունակ են եւ մտածում են արտաքինի եւ ոճի մասին, իսկ հայուհիները «մտածում են ընտանիքի, ամուսնու, երեխաների, ամեն ինչի մասին, բացի իրենցից»: Է. Ավետիսյանը դժգոհ է նաեւ հայ երգչուհիների արտաքինից. «Նրանք անճաշակ են հագնվում, անճաշակ է նրանց վիզաժը»: Նրա համոզմամբ, Հայաստանում դիլետանտական մակարդակով են գեղեցկության մրցույթներ կազմակերպվում ու շեշտը դրվում է «օդից փող շինելու» վրա: «Աշխարհում ամենաեկամտաբերը թմրադեղերի ու զենքի բիզնեսից հետո մոդելայինն է, ինչը մեր երկրում չեն գիտակցում: Այստեղ չկան պրոֆեսիոնալներ, մոդելներին հավաքում են հենց փողոցից: Դրա համար էլ «ընտրության» արդյունքում առաջին փուլից դուրս մնացած գիրուկ, մարմնի անհամաչափ մասերով աղջիկը դառնում է միսս ու հայտնվում պոդիումի վրա»,- նկատեց Է. Ավետիսյանը: Ըստ նրա ե՛ւ գեղեցկության մրցույթները, ե՛ւ մոդելային բիզնեսը ունեն կանոններ: Եթե դրսում մինչ պոդիում բարձրանալը աղջիկները 3 տարվա ուսուցում են անցնում, Երեւանում այդ ժամկետը 1 ամիս է: Եվրոպայում 150 մոդելային գործակալություններում աշխատելու համար 15 հազար աղջիկ սպասում է իր հերթին, իսկ Երեւանում «ցանկացած մեկը կարող է մոդել կամ գեղեցկության մրցույթի հաղթող դառնալ»: Ու քանի որ այստեղ տիկին Էմմայի մասնագիտությունը պահանջարկ չունի, գիտելիքները «ռեալիզացնում» է դրսում: Մինչդեռ կարող էր հայրենիքում էլ օգտակար լինել ու թեկուզ երիտասարդներին բացատրել, որ աշխարհի ոչ մի երկրում ուսանողը մակիաժով համալսարան, կամ տնային տնտեսուհին շքեղ հագուստով շուկա չի գնում: Նույն կարծիքին է նաեւ պաշտոնյաների կանանց մասին. «Անհաջող են եւ սանրվածքները, եւ կոստյումները: Չեն հասկանում, որ գեղեցկությունը ոչ թե ճոխության, այլ պարզության մեջ է»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել