Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՌՈՂՋՆԵՐԻՆ

Մարտ 18,2004 00:00

ԾԽՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՌՈՂՋՆԵՐԻՆ ԱԺ-ն երեկ չընդունեց «Ծխախոտի մասին» օրինագիծը: Այդ պահին 68 պատգամավոր էր ներկա ու բավական էր, որ «ԺՊ»-ն չմասնակցեր քվեարկությանը՝ նախագիծը ստացավ ընդամենը 41 «կողմ» ձայն: Օրինագծի հեղինակ Հրանուշ Հակոբյանը քվեարկության արդյունքները գնահատելու մեր խնդրանքին այսպես արձագանքեց. «Գտնում եմ, որ ԱԺ-ի ճնշող մեծամասնությունը, համենայն դեպս, կողմ է քվեարկել: Իսկ եթե սա զուտ քաղաքական խաղ է՝ չեմ ընդունում: Ես որեւէ մեկին չեմ պատրաստվում մոտենալ ու խնդրել, որ ձայն տան: Խորհրդարանական այս խաղերին ես ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ կմասնակցեմ: Ես սա չեմ անում որեւէ մեկի շահը պաշտպանելու, պատվերը կատարելու, ինչ-որ մեկի բիզնեսին խփելու համար կամ հակառակը: Ես ո՛չ արտադրող եմ, ո՛չ ներմուծող, ո՛չ ռեստորանի կամ սրճարանի տեր եւ ո՛չ էլ ծխող: Ուղղակի ուզում եմ, որ մեր երկիրն ավելի քաղաքակիրթ լինի, եւ մարդիկ՝ ավելի առողջ»: Ի շարս ՀՅԴ խմբակցության մի քանի անդամների՝ քվեարկությանը չէր մասնակցել նաեւ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության ղեկավար Միքայել Վարդանյանը, թեեւ Հրանուշ Հակոբյանը նախապես ասաց, որ ընդունել է նրա առաջարկը: Ընդհանրապես՝ օրինագիծը բավական մեղմացվել, ու մնացել էր գրեթե միայն կրթական հաստատություններում ծխելու արգելքը: «Բոլոր առաջարկներն էի ընդունել,- պարզաբանեց տիկին Հակոբյանը:- Հանել էի ռեստորաններում ծխելու արգելքը, նաեւ բիզնեսին, այսպես ասած՝ խփող դրույթները: Ընդհանրապես իմ սկզբունքը չէ այսպես հեշտությամբ զիջելը, բայց զիջեցի միայն նրա համար, որ քայլ առ քայլ կյանք մտնի այս դժվար խնդիրը: Եվ որեւէ մեկը եթե ասելիք ուներ՝ թող ելույթ ունենար ու հակաճառեր: Ինձ համար անհասկանալի է՝ բոլոր ելույթները դրական էին, բոլորը ողջունում էին ու հետո չմասնակցեցին քվեարկությանը»: «ԺՊ» պատգամավորներից մեկը մինչ քվեարկությունը Գալուստ Սահակյանին առաջարկեց, որ հետաձգի այս նախագիծը՝ պնդելով, թե այն չի անցնի: Հրանուշ Հակոբյանը չէր լսել այդ ռեպլիկը. «Եթե նման դիրքորոշում ունեին՝ թող խոսեին հեղինակի հետ: Բայց ինձ որեւէ մեկը չի առաջարկել, որ հետաձգենք: Ոչ էլ իրենց ելույթներում են արել այդ առաջարկը»: Հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու փաթեթի ճակատագիրը՝ այն վերստի՞ն է դնելու շրջանառության մեջ: «Ես կմտածեմ,- ասաց Հրանուշ Հակոբյանը:- Չեմ կարծում, թե մարդկանց, որոնք չեն մտածում բնակչության առողջության մասին՝ կարելի է հետագայում էլի առաջարկել նման նախագիծ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել