Լրահոս
Օրվա լրահոսը

Աջարիան կմասնակցի ընտրություններին

Մարտ 18,2004 00:00

Աջարիան կմասնակցի ընտրություններին Երեկ 6-ժամյա բանակցություններից հետո այդպիսի համաձայնության եկան Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն եւ Աջարիայի վարչակազմի ղեկավար Ասլան Աբաշիձեն: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Ն. Բուրջանաձեի մամլո քարտուղար Սոֆիա Գվալիան բանակցությունները բավարար գնահատեց եւ այդ համաձայնությունը՝ դրանց ամենակարեւոր արդյունքներից մեկը: Մյուսն, անշուշտ, նախագահ Սահակաշվիլու՝ այսօր Բաթում կատարելիք այցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունն է: Մ. Սահակաշվիլին Բաթումի կժամանի օրվա առաջին կեսին: Ս.Գվալիան հայտնեց, որ հանդիպման օրակարգում կլինեն Աջարիայի տնտեսական շրջափակմանն ու Բաթումում արտակարգ իրավիճակին առնչվող հարցեր: Ա.Աբաշիձեի մամլո քարտուղար Թամարա Գուդավան «Առավոտի» հետ զրույցում ավելացրեց նաեւ Ա.Աբաշիձեի եւ նրա մտերիմների բանկային հաշիվների սառեցման խնդիրը: Այդ հանգամանքը, ըստ նրա, լարում է բանակցությունների ընթացքը: Սակայն նա հույս հայտնեց, որ Մ.Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ այդ հարցը կհարթվի: Ն.Բուրջանաձեի մամլո խոսնակ Ս.Գվալիան վճռական՝ «ոչ, պատերազմ չի լինի» հայտարարեց մեր այն դիտարկմանը, թե Բաթումի բնակչությունը վախեցած է հնարավոր պատերազմի վտանգից եւ լքում է քաղաքը: «Մարդիկ, այո, վախենում են: Այնտեղ տհաճ իրավիճակ է»,- ավելացրեց նա: Ս.Գվալիան ձեռնպահ մնաց բանակցությունների անցկացման դափնիները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին շնորհելուց: «Համենայն դեպս, նա լրագրողների մոտ դուրս չեկավ»,- փաստարկեց նա: Ս.Գվալիան ոչինչ չէր կարող ասել այն մասին, թե որքանով է իրականությանը համապատասխանում Հայաստանից ռուսական զորքերի՝ դեպի Աջարիա տեղաշարժի մասին տեղեկությունները: Դրանց իրական լինելը հաստատեց Ա.Աբաշիձեի մամլո քարտուղար Թ.Գուդավան: «Այո, նման տեղեկություն կա: Սակայն ռուս զինվորականներն ասում են, որ դա սովորական ռոտացիա է: Նման բաներ միշտ են լինում, բայց դրանք միշտ աչքի են զարնում այսպիսի պահերին»,- իր կողմից ավելացրեց Գուդավան: Վերջինս ընտրությունների անցկացման շուրջ ձեռքբերված պայմանավորվածության կապակցությամբ ասաց. «Ոչ ոք երբեք չի ասել, որ Աջարիայում ընտրություններ չեն լինելու»: Նրա պնդմամբ՝ «Աբաշիձեն երբեք չի ասել, որ բոյկոտում է ընտրությունները: Նրան իրականում խանգարում է ընդդիմությունը»: Վերջինս, Թ.Գուդավայի ներկայացմամբ, «վստահ լինելով արդար ընտրություններում իր պարտությանը՝ երեսանց հայտարարում է, որ դրանք կեղծվելու են, իսկ իրականում խոչընդոտում է ընտրությունների անցկացմանը»: Ա.Աբաշիձեի մամլո քարտուղարը երեկվա հանդիպման մասին ասաց. «Բուրջանաձեն, ինչպես միշտ, կոնստրուկտիվ տոնով էր խոսում: Կարեւորը՝ նրա ասածը ռեալ է»: Թ.Գուդավան միաժամանակ ավելացրեց. «Սպասում ենք վաղվան: Բուրջանաձեն ասում է բաներ, բայց կարեւորն այն է, թե Սահակաշվիլին ինչ կասի վաղը: Երեւի նախագահը կհասկանա, որ շրջափակումը ոչ միայն Աջարիայի, այլեւ՝ ողջ Վրաստանի ժողովրդի դեմ է»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԹբիլիսի Հ. Գ. Աջարիայի վարչակազմի ղեկավար Ասլան Աբաշիձեի մամլո խոսնակ Թամարա Գուդավան ծիծաղելի որակեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի այն հայտարարությունը, թե Բաթումի բնակչությունը իր թոշակները կարող է ստանալ Փոթիում: «Նրանք ցույց են տալիս, թե իբր մտածում են ժողովրդի մասին: Իսկ իրականում իրենք Թբիլիսիում եւ այլ վայրերում էլ մի քանի ամիս թոշակ չեն վճարել»,- հայտարարեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել