Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրում է Երեւանում,բեմ բարձրանում Փարիզում

Մարտ 18,2004 00:00

Փարիզից Երեւան է վերադարձել Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին դերասանուհի Փիրուզ Կոզակյանը:

Նա հայաստանցի այլ դերասանների թվում մասնակցում էր ֆրանսաբնակ ռեժիսոր Նարեկ Դուրյանի՝ Փարիզում հիմնած «Բոհեմ» թատրոնի ներկայացումներին։ Փ. Կոզակյանը հիշեցրեց, որ Ն. Դուրյանը դեռեւս 1989թ. Պատանի հանդիսատեսի թատրոնի այդ տարիների գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հրավերով թատրոնում բեմադրել է Մ. Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» ու Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ներկայացումները, իսկ 1990-ին միջնորդել, որպեսզի Ֆրանսիայի մշակույթի նախարարության հրավերով Պատանի հանդիսատեսի թատրոնի ստեղծագործական խումբը մեկնի Փարիզ՝ հյուրախաղերի։

Դերասանուհին հիշեց. «18 օր անընդմեջ Փարիզում խաղացինք 1863թ. կառուցված հայտնի «Էբերտո» թատրոնի բեմում, ուր հանդես են եկել Սառա Բերնարը, Ժերար Ֆիլիպը, իսկ 1936-ին՝ մեծն Փափազյանը եւ այլ աշխարհահռչակ դերասաններ»։ Տիկին Կոզակյանը տեղեկացրեց նաեւ, որ 1985թ. մինչեւ 1990-ը Ն. Դուրյանը Ֆրանսիայում բեմադրել է ներկայացումներ սիրողական թատերախմբով, իսկ «1990-ից տեսնելով պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ իր բեմադրության հաջողությունը, Դուրյանը հիմնեց «Բոհեմ» թատրոնը, որն, ի տարբերություն սփյուռքի հայկական թատերախմբերի, կայուն է, մշտական գործող, ուր ընդգրկված են Երեւանի տարբեր թատրոնների դերասաններ՝ Ռաֆայել Քոթանջյան, Քրիստինե Հովհաննիսյան, Կարինե Բուռնազյան, Զավեն Աբրահամյան, Արա Մաթեւոսյան եւ այլք»։ Ըստ Փ. Կոզակյանի, տարիներ շարունակ Ն. Դուրյանի՝ Երեւանում իր միջոցներով թատրոն հիմնելու բանակցությունները մշակույթի նախկին նախարարներ Հակոբ Մովսեսի եւ Ռոլանդ Շառոյանի հետ, անպտուղ էին՝ վերջիններիս մեղքով։ Դերասանուհու խոսքերով. «Անգամ դրանից հետո Դուրյանը չհիասթափվեց։ Ավելին, 1997-ին թատրոնին կից բացեց թատերական ստուդիա, որտեղ դասավանդում են Երեւանից հրավիրված մասնագետներ։ Ստուդիա բացելու անհրաժեշտությունը մեկն էր՝ ֆրանսահայերի երրորդ սերունդը հայտնվել էր մայրենին կորցնելու վտանգի առջեւ»։

Փ. Կոզակյանը մտաբերեց, որ անգամ եղեռնի թեմայով Իվ Տեռնոնի ու Ժիրայր Շալյանի պատմական աշխատությունների հիման վրա Ն. Դուրյանի սցենարով ու բեմադրությամբ «Օպերացիա «Նեմեսիս» ներկայացման 2001թ. երեւանյան առաջին բեմելին (պրեմիերան կայացել է 2000թ. Փարիզում) Հայաստանի մշակույթի նախարարության չինովնիկներն (այդ թվում դաշնակցականները), վաղօրոք ստանալով հրավեր, չէին եկել։ Հիմնադրման օրվանից «Բոհեմ» թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Բելգիա, Հոլանդիա, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Իրան, բնականաբար՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ։ «Առավոտի» հարցին՝ «Ն. Դուրյանը տեսնելով հոր՝ Օ. Դուրյանի նկատմամբ հայրենիքում ղեկավար ատյանների վերաբերմունքը, հիասթափություն չապրե՞ց արդյոք», Փ. Կոզակյանն ասաց. «Շատ պետություններ կերազեին ունենալ Օհան Դուրյան։ Իհարկե, Նարեկը ապրեց հիասթափություն՝ սա բնական է, բայց նա կարողացավ ազգին ծառայելու վեհ նպատակը բարձր դասել մի քանի չինովնիկների կամայականություններից»։ Փ. Կոզակյանը հայտնեց, որ օրերս պատրաստվում է ընդունելության՝ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի մոտ։ «Նպատակս է տիկին Խոդիկյանին ծանոթացնել Նարեկ Դուրյանի ղեկավարած «Բոհեմ» թատրոնի գործունեությանը։ Ժամանակն է որոնել, գտնել արտերկրի հայ թատերարվեստի ոլորտում համագործակցության եզրեր։ Կարծում եմ, «Հայրենիք-Սփյուռք» արտահայտության նոր դրսեւորում կհանդիսանա Հայաստանի ու Ֆրանսիայի հայ թատերարվեստի մերձեցումը։ Ակնկալում եմ գրչի մարդու, գրողի ու արվեստագետի՝ տիկին Խոդիկյանի դրական մոտեցումն այս հարցին»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել