Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհ չի լինի

Մարտ 18,2004 00:00

Կառավարությունը փորձում է կարգավորել էլեկտրոնային հաղորդակցությունը

«ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիան փոփոխելուն զուգընթաց, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նաեւ հեռահաղորդակցության իրավական դաշտի փոփոխություն՝ ԱԺ ներկայացնելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրինագիծ, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գեւորգ Կոստանյանից տեղեկացանք, որ այս նախագծի ընդունման դեպքում էլեկտրոնային հաղորդակցության դաշտը կարգավորող մարմին է դառնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Նախագծին ծանոթանալիս տպավորություն ստացանք, թե հանձնաժողովը այս ոլորտում չափից ավելի մեծ լիազորություններ է ստանում։ Կոստանյանը համամիտ չէր մեր դիտարկմանը. «Դաշտն ամբողջությամբ ազատականացվում է եւ հանձնաժողովն ուղղակի կարգավորիչ դեր է ունենում։ Չկա որեւէ մենաշնորհային վիճակ եւ, ինչպես պետական ցանկացած այլ կառույցի, այնպես էլ այս մեկի որոշումները կարող են բողոքարկվել դատարանում»։ Համաձայն օրինագծի, հանձնաժողովը կարող է բավական կոշտ քայլերի դիմել, եթե ոլորտում ծառայություն մատուցող եւ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները չարաշահեն իրենց դիրքը։ Կոստանյանի խոսքերով, օրինագիծը չի գրված «ԱրմենՏելի» դեմ, այլ՝ կարգավորում է հետագայում ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնելու դեպքերը։ Թեեւ դեռեւս պարզ չէ, թե բջջային կապ մատուցող քանի ընկերություն կլինի Հայաստանում, որը որ տարածքում եւ որքան «կծածկի» Հայաստանը, այնուհանդերձ, Կոստանյանի հավաստմամբ, օրինագծի ընդունման դեպքում, «կտրամադրվեն ոչ մենաշնորհային պայմաններով մի քանի լիցենզիաներ։ Մենաշնորհ չի լինի»։

Այսօր «ԱրմենՏելի» ու այլ ընկերությունների միջեւ լուրջ խնդիրներ է ստեղծում IP ծառայությունը՝ ինտերնետ հեռախոսը։ Օրինագիծը կկարգավորի այս դաշտը եւս։ Ըստ պրն Կոստանյանի, առայսօր միջազգային որեւէ փաստաթղթով ձեւակերպված չէ, թե ինտերնետ հեռախոսն ինչ է՝ հեռախոսակապի՞ ծառայություն, թե՞ տվյալների փոխանակում։ Այնուհանդերձ, «համաձայն ոչ թե հանձնաժողովի սահմանած կարգի, այլ օրենքի», ցանկացած ընկերություն պարտավոր է լինելու իրեն հատկացված տարածքում սահմանված հստակ չափանիշներով ծառայություններ մատուցել։ Իսկ ծառայությունների մատուցման անհրաժեշտ որակ ապահովելու համար օրինագիծը նախատեսում է խաչաձեւ ֆինանսավորում. տնտեսապես շահութաբեր ծառայության ֆինանսական միջոցների հաշվին կֆինանսավորվի ոչ շահութաբեր ծառայությունը։

Ինչպես հայտնի է, «ԱրմենՏելն» ու ՀՀ կառավարությունը իրենց հարաբերություններն են պարզում Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում։ Գեւորգ Կոստանյանի հավաստմամբ, Լոնդոնի արբիտրաժի որոշումը չի կարող անդրադառնալ այս օրինագծի վրա, քանի որ «սա կարգավորում է ամբողջ հեռահաղորդակցության դաշտը, իսկ դա ինչպես «ԱրմենՏելն» է, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերություններ»։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել