Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռների մի մասը դեռեւս Բաթումում է

Մարտ 18,2004 00:00

Աջարիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշ չափով
ազդում են Հայաստանի տնտեսվարողների աշխատանքի վրա:
ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ արդեն իսկ ֆինանսական վնասներ է կրում, որովհետեւ իր բեռներն ուշանում են, ինչի պատճառով արտադրությունը կանգնած է: Իսկ ուրիշները հայտնել են, որ տուժում են ժամանակի առումով: Այդ լարված իրավիճակին գումարվել է նաեւ երկուշաբթի առավոտյան Վրաստանի երկաթգծում տեղի ունեցած պայթյունը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության փոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանի մոտավոր տվյալներով, Հայաստանի բեռների շուրջ 65 տոկոսն է կատարվում երկաթգծով, մնացածը՝ ավտոճանապարհներով եւ ինքնաթիռներով: Պարոն Խրիմյանը նշեց, որ այդ պայթյունը «պայթյուն էլ չի, որովհետեւ մեկ ժամվա ընթացքում վերականգնվել է», եւ բեռնափոխադրումները շարունակվել են: «Առավոտի» հարցումներին ի պատասխան, Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հավաստիացրին, որ երեկվա դրությամբ Հայաստան ներմուծվող եւ այստեղից արտահանվող բեռների հետ կապված խնդիր չկա: Ըստ նախարարության մամուլի ծառայության, երեքշաբթի օրվա տվյալներով «Իլյիչեւսկից 60 վագոն բեռ պետք է տեղափոխվեր Բաթումով, առաջարկել ենք տեղափոխել Փոթիով: Ծովում որեւէ արտառոց միջադեպ եթե չլինի, Իլյիչեւսկից 2.5-3 օրվա ընթացքում բեռները կհասնեն Փոթի: Իսկ այնտեղից Հայաստան՝ ոչ մի ճանապարհային խնդիր չկա այս պահի դրությամբ»: Այս մասին երեքշաբթի «Առավոտին» հայտնել էր նաեւ «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության գործադիր տնօրենը: Նախարարության տվյալներով, Հայաստանից ամեն օր բեռներ են ուղարկվում: Ինչ վերաբերում է Բաթումում մնացած մի նավ շաքարավազին, ապա այդ 11 հազար տոննա շաքարավազից այնտեղ ընդամենը 4 հազար տոննա է մնացել: 7 հազար տոննան արդեն Փոթի է տեղափոխվել: Մնացածի տեղափոխման ուղղությամբ եւս քայլեր են ձեռնարկվում:

Մաքսային պետական կոմիտեն ավելի ստույգ է տիրապետում տեղեկություններին: Կոմիտեի տվյալներով, այդ դեպքերի պատճառով, իրոք, ձգձգումներ են առաջացել, եւ գործարարներն այժմ ուղիներ են փնտրում բեռները Փոթիով տեղափոխելու ուղղությամբ: Երեկվա դրությամբ տարբեր տնտեսվարողների պատկանող մոտ 5000 տոննա շաքարավազ, 400 տոննա հավի ազդր, 2000 տոննա խառը սննդամթերք առայժմ Բաթումում է, եւ դրանց տերերը թեեւ դժվարանում են, բայց փորձում են Փոթի տեղափոխելու վերաբերյալ պայմանագրեր կնքել:

Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել