Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ է

Մարտ 18,2004 00:00

Ասում
է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը
«Զինապարտության մասին» մինչեւ վերջերս ԱԺ օրակարգում շրջանառվող օրինագծի տապալումն ու դրա դեմ ԵՊՀ ուսանողների բարձրացրած բողոքի ալիքն էր պատճառը, որ եւ ՊՆ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները, եւ այդ կառույցին երբեւէ առնչված մարդիկ ստիպված էին զգուշորեն, բայց՝ անդրադառնալու բանակի հիմնախնդիրներին: Դրանց մասին զրուցեցինք ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Նրա գնահատմամբ, «բանակը նորանկախ Հայաստանի այն քիչ պետական կառույցներից մեկն է, որ 1990-93թթ.-երին փայլուն է կատարել իր գործառույթները, ազգի եւ պետության կողմից իրեն առաջադրված խնդիրները»: Սակայն ժամանակն առաջ է շարժվում, եւ բանակն էլ բարեփոխումների կարիք է զգում, մանավանդ, որ «ետզինադադարի 10 տարիների ընթացքում արտաքին ռազմական սպառնալիքները, քաղաքական լարվածությունը եւ մարտահրավերները ոչ թե պակասել, այլ՝ ավելացել են, իսկ բանակի ֆինանսական, ռազմատեխնիկական, զորակոչային եւ բարոյա-հոգեբանական ռեսուրսները դժվար թե ավելացել են»:

Իսկ այդ բարեփոխումները, ըստ նախկին փոխնախարարի, պետք է ներառեն «ԶՈւ շինարարության ռազմա-քաղաքական, ռազմա-ստրատեգիական, ռազմա-տեխնիկական եւ ռազմա-տնտեսական ոլորտները՝ ճշգրտելով դրանց հիմքը»: Դրա անհրաժեշտությունը նրա ասելով, թելադրվում է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործոններով:

Իբրեւ արտաքին գործոն Վ. Շիրխանյանը մատնանշեց «տարածաշրջանային սպառնալիքների աճման կայուն միտումն ու ՀՀ դիվանագիտական ճակատում շարունակական անհաջողությունները, որոնց արդյունքում այսօր մեզ համար սպառնալից իրավիճակ է ստեղծվել»:

Ներքին գործոնները «պայմանավորված են մի քանի հիմնահարցերի հրատապ լուծման անհրաժեշտությամբ, ինչպիսիք են՝ պետության ռազմական կազմակերպության գործունեության միասնական պլանավորման եւ համակարգման մեխանիզմների ստեղծումը, բանակի ռազմատեխնիկական ապահովման զգալի բարելավումը՝ նկատի ունենալով նաեւ այն, որ Ադրբեջանն է զինվում ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխան ժամանակակից զինատեսակներով, բանակում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումը, կյանքի եւ առողջության պարտադիր ապահովագրումը, բանակի համալրման խնդրի կայունացումը, կազմի եւ թվաքանակի վերանայումը: Նաեւ՝ երկրի ներքաղաքական հակասություններում բանակի մասնակցության բացառումը օրենսդրորեն եւ համապատասխան մեխանիզմների հաստատումով, երկրի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողության իրավական հիմքերի ապահովումը, մարտունակ պահեստազորի ստեղծումը եւ այլն»: Ընդ որում, Վ. Շիրխանյանի ասելով, սրանք միայն լուծում պահանջող խնդիրների մի մասն են:

Վերջինս մանրամասնեց թվարկվածներից մեկը՝ բանակի համալրման հիմնախնդիրը: Նրա դիտարկմամբ, «նույնիսկ առանց անդրադառնալու բանակում առկա բազմաթիվ թերություններին, պարզ է, որ 14 տարի շարունակվող արտագաղթը զորակոչային ռեսուրսների վրա պետք է անպայմանորեն ազդեր, նաեւ ակնհայտ է, որ առաջիկա 15 տարիներին բանակի համալրումը միայն զորակոչով դառնալու է ավելի խնդրահարույց, քանզի 2006-ից սկսվում է ավերիչ երկրաշարժի, դրան հետեւած պատերազմի եւ ակտիվ արտագաղթի տարիներին ծնվածների զորակոչը: Չպետք է նաեւ մոռանալ, որ այդ նույն տարիներին ՀՀ-ում բնակչության բնական աճն էլ քառակի պակասել էր: Ուստի, ժամանակն է բանակը խառը՝ պարտադիր եւ կամավոր սկզբունքներով, համալրելու շատ երկրներում արդեն կիրառվող մոդելը կիրառել նաեւ Հայաստանում եւ դա կյանքի կոչելու համար տարբեր մեխանիզմներ կան»: Վ. Շիրխանյանի ասելով, այդպիսի ձեւերից մեկը «ֆինանսական ծառայության ինստիտուտի օրինականացումն է»:

Վերջինիս համոզմամբ, ՀՀ-ում ԶՈւ համալրումը չի կարող պրոբլեմ դառնալ խառը մոդելի կիրառման դեպքում, քանի որ «ԲՈՒՀ ավարտած եւ ժամկետային ծառայությունից զորացրված տասնյակ հազարավոր տղաներ ամեն տարի գործազուրկների բանակը համալրելու փոխարեն, կձգվեն դեպի բանակ: Էլ չեմ ասում հազարավոր գործազուրկ եւ աղքատության մեջ ապրող ազատամարտիկների մասին»:

Վ. Շիրխանյանը նաեւ ասաց, թե թերագնահատել բանակաշինությանն այսօր ակնհայտորեն խոչընդոտող դրսեւորումները, նշանակում է՝ 2-3 տարի հետո լրջագույն պրոբլեմներ ունենալ այս ոլորտում: Մեր զրուցակիցը միաժամանակ համոզմունք հայտնեց, թե «արտահամակարգային չոլերում գործող մերօրյա իշխանություններին այս հիմնախնդիրները չեն էլ մտահոգում: Վախենամ, թե մեր կայացած բանակն էլ արժանանա այն նույն ճակատագրին, ինչին արժանացան մեր կրթական, առողջապահական, արդյունաբերական, ՌԱՀ-ի, գիտության եւ այլ համակարգերը»,- մտահոգություն հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել