Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆԸ

Մարտ 17,2004 00:00

ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆԸ Վրաստանի շախմատի ֆեդերացիան նույնպես փորձել է ձախողել Ստեփանակերտի մրցաշարը Վաղը Ստեփանակերտում ավարտվելու է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային մրցաշարը, որը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ համապատասխանում է 13-րդ կարգին: Կրկին հիշեցնենք, որ 2004 թվականը նույն ՖԻԴԵ-ի որոշմամբ հայտարարված է Տիգրան Պետրոսյանի տարի ու մրցաշարը, որ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ համատեղ կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, փաստորեն, առաջինն է ամբողջ տարվա ընթացքում աշխարհում անցկացվելիք բազում միջոցառումների շարքում: Տասն օրից ավելի է, ինչ արցախցիները մեծագույն հետաքրքրությամբ հետեւում են գրոսմայստերների եւ առաջատար վարպետների՝ շախմատի խաղատախտակների շուրջ ծավալած զուտ մարզական պայքարին: Սակայն գտնվել են ուժեր, որոնք մրցաշարին քաղաքական բնույթ տալով՝ ամեն գնով այն ձախողել-տապալելու ջանքեր են գործադրում: Եթե մրցաշարին ամեն գնով խանգարելու փորձեր անում է Ադրբեջանը, դա կարելի է հասկանալ. նրանցից այլ բան սպասել հնարավոր չէ: Բայց այդ հարցում ավելի ակտիվ է մեր մյուս հարեւանը՝ Վրաստանը: Թե ինչե՞ր են տեղի ունենում մրցաշարի շուրջ, խնդրեցինք պատմել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին: «Սկզբում մրցաշարի կազմակերպումը պաշտոնապես ողջունել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Բայց դրա հաջորդ օրը նա միանգամայն հակառակ բովանդակությամբ նամակ էր ուղարկել ինձ եւ մեր ֆեդերացիային, որում հրահանգում էր մեզ ամեն գնով հասնել այն բանին, որպեսզի մրցաշարը չկայանա՝ դա հիմնավորելով ՖԻԴԵ-ում ազգային ֆեդերացիաների միջեւ բարեկամությունը չխարխլելու գործոնով,- ասաց Վ. Զաքարյանը:-Հասկանալի է, ես պատասխանեցի, որ մրցաշարը կազմակերպողն ու անցկացնողը Հայաստանի շախմատի ֆեդերացիան չէ, բացի դա, արգելել էլ արդեն հնարավոր չէ, քանի որ այնտեղ նախապատրաստական հսկայական աշխատանք է կատարվել եւ բոլոր մասնակիցներն արդեն Ստեփանակերտում են: Իլյումժինովի երկրորդ նամակից պարզորոշ զգացվում էր, որ նրան «մշակել» էր ադրբեջանական կողմը: Սակայն ավելի զարմացնում է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլու, այսպես ասած, անչափ մեծ ոգեւորությունը: Իմանալով մրցաշարի անցկացման մասին, նա սկզբից եւեթ հակառակ կեցվածք է ընդունել: Նա արգելել է իրենց առաջատար շախմատիստներից Ջոբավային մասնակցել մրցաշարին՝ վերջինին սպառնալով հակառակ դեպքում հեռացնել ազգային հավաքականից: Գրոսմայստերը, որ մրցաշարին մասնակցելու ցանկություն էր հայտնել, ստիպված չմասնակցեց, բայց Ստեփանակերտ մեկնեց հյուրի կարգավիճակով: Այդուհանդերձ, իմ ունեցած տեղեկություններով, Ջոբավան, այնուամենայնիվ, որակազրկվել է: Վրաստանի շախմատի ֆեդերացիան մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի վեբ-սայթում գրել էր, թե իրենք Ջոբավային թույլ չեն տվել մեկնել Արցախ: Նա մեկնել է որպես մասնավոր անձ: Եվ պահանջել է, որպեսզի դահլիճից, որտեղ ընթանում է մրցաշարը, հանվի Վրաստանի դրոշը: Ասեմ, որ դրանից առաջ նույնատիպ բովանդակությամբ նի նամակ էլ ինձ էր հասցեագրել: Ու մենք նրան էլ պատասխանել ենք, որ Հայաստանն այստեղ որեւէ առնչություն չունի: Ազմայփարաշվիլու այդ վերջին քայլի կապակցությամբ ես զանգահարեցի Իլյումժինովին եւ օգնականից պահանջեցի անմիջապես վեբ-սայթից հանել այդ հայտարարությունը, այլապես շատ կոշտ կպատասխանեմ: Իսկ դա լավ չի անդրադառնա ինչպես ՖԻԴԵ-ում, այնպես էլ Կալմիկիայում Իլյումժինովի դիրքերի վրա: Իմ պահանջը կատարել են, սակայն նույն բանը կա նաեւ Լոնդոնում գործող մեկ այլ սայթում: Զարմացնողն ու զայրացնողն այն է, որ Ազմայփարաշվիլին նույն օրը՝ մարտի 11-ին, տարբեր հասցեներով տարբեր բովանդակությամբ նամակներ է գրել. մեզ, որ գիտենք՝ մրցաշարը դուք չեք կազմակերպել, ՖԻԴԵ՝ իբրեւ կազմակերպել է Հայաստանը, Ադրբեջան՝ թե ինչպե՞ս Հայաստանն ու ՖԻԴԵ-ն չեն ամաչում: Ես այս ընթացքում Ստեփանակերտում չեմ եղել, բայց գիտեմ, որ Արցախի իշխանությունները մրցաշարն անցկացնելու համար իսկապես շատ ժամանակ ու միջոցներ են ծախսել, Սմբատն էլ բավականաչափ չարչարվել է, ու մրցաշարն ընթանում է կազմակերպված, զուտ շախմատային մթնոլորտում: Այնպես որ, կայացած միջոցառումը վարկաբեկելու փորձերն անիմաստ եմ համարում»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել