Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԸ ՓԱԿՎԱԾ Է

Մարտ 17,2004 00:00

ԲԱՑԸ ՓԱԿՎԱԾ Է Երեկ ռազմական ակադեմիայում Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվեց բուհերում ռազմագիտական ամբիոնները վերականգնելու գաղափարին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա իր երեկվա այցը նախագահը մեկնաբանեց հետեւյալ կերպ: «Պետք չէ նաեւ սպառնալիքների կտրվածքով այս այցը գնահատել: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում հանգիստ, կայուն վիճակ ունենալու համար պետք է ունենալ մարտունակ եւ կարգապահ բանակ»: Իսկ այցի շարժառիթը եղել է պաշտպանության նախարարի հրավերը՝ արված մի քանի ամիս առաջ: Հրավերն ընդունվեց նաեւ հետեւյալ պատճառով. «Դուք հիշում եք՝ կային շատ առաջարկներ ուսանողների կողմից՝ շաբաթը մի քանի ժամ տրամադրել սպայական կոչում ստանալու համար, որից հետո պատրաստ սպաներ կլինեին հայկական բանակին ծառայելու համար: Եթե ես այդ ամբիոնից առաջարկեի շաբաթը մեկ օր մի քանի ժամ զբաղվել իրավաբանությամբ կամ տնտեսագիտությամբ կամ այլ մասնագիտությամբ, երեւի ոչ ոք լուրջ չէր ընդունի»: Իսկ այս ոլորտում, ըստ նախագահի, հնարավոր չէ որակյալ արդյունք ունենալ, եթե լուրջ ֆիզիկական պատրաստակամության աստիճան եւ կարգապահություն չկա: Ինչն էլ հնարավոր է միայն այսպիսի՝ ակադեմիական միջավայրում: «Նախկին սովետական կաֆեդրաները սպաներ չէին պատրաստում, մենք մեզ չխաբենք, հետո 2 ամսով զբոռների էին գնում, ամբողջ զբոռի ընթացքում բլոտ էին խաղում, եւ ոչ մեկը այդ սպաներին լուրջ չէր ընդունում բանակում: Ռազմական գործը լուրջ գիտություն է: Եթե մենք մտածում ենք մեր անվտանգության մասին, մտածում ենք այս տարածաշրջանում դերակատարություն ունենալու մասին, պետք է գիտակցենք, որ մեր բանակը պետք է համալրված լինի լուրջ սպայական կազմով»: Իսկ այսօր մենք, ըստ նախագահի, ունենք այն, ինչ բացթողում էր խորհրդային շրջանում, որովհետեւ այն ժամանակ մենք միակն էինք Հարավային Կովկասում, որ չունեինք ռազմական ինստիտուտ. «Այս բացը համարում եմ, որ փակել ենք, եւ տարեցտարի կաշխատենք որակի բարձրացման ուղղությամբ»: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ իր որդիներն էլ կծառայեն բանակում, եւ որ ինքն այնպես է արել, որ «ֆիզիկական հնարավորությունների առումով պրոբլեմներ չեն ունենալու, ձողից ամեն մեկը 10-ից ավելի են կարողանում ձգվել: Այո, ծառայելու են»: ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցին երկրի նախագահը ծանոթ չէր եւ չգիտեր, թե որտեղից են նրանք վերցրել, թե հայկական բանակում «դեդավշչինա» կա. «նման երեւույթներ ամենից զարգացած երկրներում էլ կան, բայց ծավալի առումով համոզված եմ, որ մեզ մոտ որակ չի կազմում: Նաեւ հանցագործությունների նվազման դինամիկան կա: Եվ դա ցույց է տալիս, որ բանակը տարեցտարի որակի ու կարգապահության տեսանկյունից լուրջ կատարելագործվում է: Եվ նաեւ՝ այսպիսի սպայական կազմ պատրաստելով»: ԱՄՆ պետդեպարտամենտի հիշյալ զեկույցի առնչությամբ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն ասաց. «Հայկական բանակում դեդավշչինա չկա: Հայկական բանակում կան այլ փոխհարաբերություններ, որ հիմնականում փողոցից են գալիս, բայց դա չի կարելի որակել դեդավշչինա: Նորաստեղծ բանակում մենք պայքարել ենք դրա դեմ, եւ հաջողվել է կանխել: Պետդեպարտամենտի զեկույցին կարող էի անդրադառնալ հայկական ասացվածքներով, բայց չեմ ուզում: Կարծում եմ, որ դեպարտամենտը չի կարողացել ընկալել հայի մենթալիտետը, հայի ապրելակերպը, հայի խնդիրները, որ կարողանա որակել մեր դժվարություններն ու առավելությունները»: Փոխնախարարն ասաց, որ պաշտոնյաների՝ բանակում ծառայող երեխաների անունները չի հրապարակում՝ ելնելով ծառայողական անվտանգությունից, եւ հավաստիացրեց, որ նրանք շատ մարտունակ են ու ծառայում են մյուսների հետ հավասար պայմաններում: Ա. Աղաբեկյանը 18 տարեկանից բոլոր զինապարտներին բանակ տանելու մասին հրաժարվեց կարծիք հայտնել, սակայն, ըստ նրա, կան դրույթներ, որ անհապաղ փոփոխության կարիք ունեն: Օրինակ, հիմնարկի պետը օրենքի շրջանակներում պետք է պատասխանատվություն կրի, եթե թաքցնում է զորակոչիկին: Ռազմական ակադեմիան իր հյուրերի համար կազմակերպել էր տոնական շքերթ, այնուհետեւ շրջայց՝ ակադեմիայի բոլոր մասնաշենքերով: ՀՀ նախագահի գլխավորությամբ, բոլորը ծանոթացան զինվորների առօրյային, եղան ճաշարանում, ուր հնդկաձավարով փլավի, լոբով սալաթի, կարտոֆիլի սոուսի ու մակարոնով ապուրի հետ, ամեն երեքշաբթի զինվորները 100-ական գրամ խտացրած կաթ են ուտում: Գրադարանում, ուր երեկոյան ժամերին 60-70 հոգի զբաղվում է ընթերցանությամբ՝ նախընտրելով հիմնականում հայ դասականներին: Թանգարանում, որտեղ ցուցադրված պատերազմական դրվագներով լուսանկարներում նախագահը ճանաչեց բոլոր կռվող զինվորներին եւ նախարարին էլ առաջարկեց քրքրել արխիվները եւ տեղափոխել թանգարան: Պատմական Հայաստանը ներկայացնող նկարների ցուցահանդեսում, ուր խաչքարերի կողքին կար նաեւ մի գյուղ՝ Միրզիկ անունով ու Վերինշենի խռոված կամուրջը, որից գետը հեռացել էր ու կողքով էր հոսում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել