Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՐԻՏԱՐ ՆԱԽԱԳԻԾ

Մարտ 17,2004 00:00

ԱՎՏՈՐԻՏԱՐ ՆԱԽԱԳԻԾ Մեր ժողովրդին պետք չէ Ղարաբաղի հարցի լուծում, պետք չեն ազատ-արդար ընտրություններ, պետք չէ ազատ մամուլ եւ անկախ դատական համակարգ: Մեր ժողովրդին պետք է միայն մի բան՝ բարեկեցիկ կյանք: Եվ այդ առումով մենք յուրահատուկ ազգ չենք՝ նույնը պետք է, առանց բացառության, բոլոր ազգերին: Եթե դա (բարեկեցիկ կյանքը) լինի, մնացած բոլոր մեղքերը իշխանություններին կներվեն: Եթե դա չլինի՝ եղիր աշխարհիս ամենամեծ ժողովրդավարը, միեւնույն է՝ քեզ ատելու են: Այդ առումով նախագահ Քոչարյանն իրավացի է՝ պետք է բարձրացնել ժողովրդի կյանքի որակը: Եվ երբ ընդդիմադիրներն ասում են, որ նա չի ուզում այդ անել, դա պարզապես ընդդիմադիր քարոզչություն է: Նախագահի սխալը, իմ կարծիքով, պետք է այլ տեղ փնտրել: Ռ. Քոչարյանը վստահ է, որ կյանքի որակը հնարավոր է բարելավել՝ հարեւանների հետ թշնամական հարաբերություններ պահպանելով, ընտրությունները կեղծելով, եթերը վերահսկելով, ընդդիմությանը հետապնդելով եւ իրական տնտեսական մրցակցությունը սահմանափակելով: Որ դա սկզբունքորեն հնարավոր է, ցույց է տալիս Հարավ-Արեւելյան Ասիայի փորձը: Բայց արդյոք դա հնարավո՞ր է 21-րդ դարի Հայաստանում՝ իր աշխարհագրական դիրքով, իր ժողովրդի հոգեբանությամբ եւ մշակույթով: Ենթադրում եմ, որ այս ճանապարհով գնալու դեպքում Հայաստանում կյանքի որակը չի բարձրանա: Եվ երբ ասվում է, որ մեր ժողովուրդն արդեն իսկ տարեցտարի բարգավաճում է (հավանաբար, ուղիղ 13,9 տոկոսով), դա էլ իշխանության քարոզչությունն է: Ամբողջ ցավն այն է, որ այս խնդիրները մեզ մոտ լրջորեն չեն քննարկվում: Իշխանությունը չի խոստովանում, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը նրա առաջնահերթությունները չեն, նա չի փորձում ապացուցել, որ Հայաստանում կոշտ ավտորիտարիզմի պայմաններում հնարավոր է հասնել լուրջ տնտեսական առաջընթացի: Անկեղծության բացակայությունը (որը, հավանաբար, բացատրվում է Արեւմուտքի դոնորների աչքերին թոզ փչելու անհրաժեշտությամբ) դարձնում է Հայաստանի ապագան բավականին մշուշոտ: Իսկ ընդդիմությունը խոսում է տուրնիկներից եւ կազինոներից, ինչը մեր ապագան ավելի պարզ չի դարձնում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել