ԵՄ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՋՆՈՐԴ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը երեկ ավարտեց իր աշխատանքները՝ ընդունելով 33 կետից կազմված առաջարկությունների փաթեթ: 8 էջանոց հայտարարության մեջ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ընդգծել է «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների շարունակվող զարգացման կարեւորությունը»: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել խորհրդարանական անցած ընտրությունների առնչությամբ՝ վկայակոչելով դիտորդների գնահատականը, որ ընտրական այդ գործընթացը չէր համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի օրակարգում էր Հայաստանի քաղաքական իրավիճակի հարցը: Մեր պատվիրակության անդամ Խաչատուր Սուքիասյանը հարցին, թե ի՞նչ գնահատականներ են հնչել այս առնչությամբ՝ պատասխանեց. «Եվրամիության պատվիրակների առաջադրած հարցադրումները Հայաստանի ժողովրդավարացման հիմնախնդիրների վերաբերյալ նպատակադրված էին մեր օրենսդրական դաշտը, եւ դրանից բխող գործողությունները մոտեցնելու եվրոպական չափանիշներին»: Հայտարարության մեջ նաեւ այսպիսի պարբերություն կա, թե հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում «ազատ մամուլի կենսական դերի վրա Հայաստանում ժողովրդավարության զարգացումն ապահովելու համար եւ մասնավորապես շեշտում էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության կարեւորությունը»: Ակնհայտ է, որ Եվրամիության ներկայացուցիչներն այս առումով խնդիրներ են տեսնում Հայաստանում: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Դմիտրեո Վոլչիչը նախօրեին հայտարարել էր. «Փաստն այն է, որ «Ա1+»-ին արտոնագրից զրկելուց հետո այսօր չկա որեւէ ազատ եւ անկախ հեռուստաընկերություն, որտեղ հնարավոր լինի լսելի դարձնել ընդդիմության ձայնը»: Խաչատուր Սուքիասյանը հայտնեց, թե արծարծվել է նաեւ հեռուստաոլորտը կարգավորող մարմիններն ԱԺ-ի կողմից կազմավորելու վերաբերյալ հարցը, որ մեր ներկայացուցիչները պայմանավորել են սահմանադրության փոփոխմամբ: Եվրամիության պատվիրակները երեկ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում հանդիպեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանին եւ ԱԳՆ նախարար Աշոտ Ղուլյանին: Ընդունված փաստաթղթի բազմաթիվ դրույթներ են վերաբերում Ղարաբաղի խնդրին: Ընդգծված է, թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ հաշտեցմանը լավագույնս կնպաստի առեւտրի եւ փոխանակման արգելքների վերացումը: Մի շեշտադրում կա, որ թերեւս առավելապես վերաբերում է Ադրբեջանին. «Փախստականներն ու տեղահանված անձինք չպետք է օգտագործվեն որպես գործիք հակամարտությունների խնդրում»: Հանձնաժողովը նաեւ դատապարտել է Բուդապեշտում կատարված բռնությունը եւ արձանագրել, «որ այս հանցագործությունը եւ վերջերս ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ու հանցագործին արդարացնելու գործողությունները չեն նպաստի փոխըմբռնմանն ու վստահության ստեղծմանը եւ կարող են տարածաշրջանում առաջացնել նոր լարվածություն»: Կոչ կա նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին, որ խթանեն բարիդրացիական հարաբերությունները՝ լարվածությունը լիցքաթափելու համար: Իսկ թուրք եւ հայ ակադեմիական շրջանակներին, հասարակական կազմակերպություններին կոչ է արվում «երկխոսություն ծավալել միմյանց հետ՝ հաղթահարելու անցյալի ողբերգական փորձը»: Պաշտոնական Անկարային հորդոր է հղված, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար՝ «հստակ ուշադրություն դարձնելով առեւտրի սահմանափակումների վերացմանը եւ Հայաստանի հետ ցամաքային սահմանն աստիճանաբար վերաբացելուն»: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է արել Հարավային Կովկասի տարածաշրջանին տալ որոշակի կարգավիճակ «Ընդարձակ Եվրոպա-նոր հարեւաններ» քաղաքականության համատեքստում, եւ կրկնել կոչը՝ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի լիարժեք պատվիրակություն ստեղծելու վերաբերյալ: Հանձնաժողովը նաեւ պաշտպանել է Եվրախորհրդարանի 2004-ի փետրվարի 26-ի բանաձեւում արտահայտված կոչը, թե Հայաստանի եւ Հարավային Կովկասի մյուս երկրների համար պետք է լինի կատարման ենթակա նվազագույն պահանջների ցանկ: Հայտարարության մեջ շեշտված է. «Տարածաշրջանում ԵՄ աճող ներգրավվածությունը պետք է հիմնված լինի հակամարտություններում որպես միջնորդ եւ բարեփոխումների աջակից հանդիսանալու պատրաստակամության վրա: ԵՄ աջակցությունը եւ խորացված համագործակցությունը պետք է հստակ կերպով շաղկապված լինեն առաջընթացի հետ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ հակամարտությունների կարգավորումը, հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական արժեքները»: Արձանագրենք՝ Եվրամիությունը նույնպես հայտ է ներկայացնում որպես միջնորդ հանդես գալու Ղարաբաղի հակամարտությունում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ