Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ԱՍՎԵԼ ԵՎ ԻՆՉՈՒ

Մարտ 17,2004 00:00

ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանն անդրադառնում է ՀՅԴ 28-րդ Ընդհանուր ժողովին:

Սկիզբը՝ նախորդ համարում:

«Քանի դեռ ժողովրդի մեջ չունես գաղափարական ճանաչում (խոսքը, բնականաբար, նաեւ ՀՅԴ-ի մասին է), չես շահել ժողովրդի գիտակից համակրանքը եւ չես ձեւավորել համապատասխան կազմակերպվածություն, մի դեպքում ստիպված ես լինելու դիրքերդ պաշտպանել ընտրախախտումներով, մի այլ դեպքում, ծայրահեղությունից ծայրահեղություն մղվելով, փորձելու ես բարձրացնել ժողովրդային ալիք եւ վստահորեն չես հաջողելու ու հուսահատվելով՝ հուսահատություն ես տարածելու։ (Ահա այս հուսահատության «բարերար» մթնոլորտում են բազմանում մարգարե-ագռավները, որոնք մեր սակավաթիվ ծառերին նստած կռռում են, կռռում… Ռ. Հ.)։

Դեռ կա ավելի վտանգավորը. այդ հոգեվիճակը հավանական է դարձնում ոմանց՝ օտարի համար կամա թե ակամա միջոցի, հինգերորդ զորասյան վերածվելը»։

Կոալիցիան կազմող կուսակցությունների միջեւ այսօր էլ կարող են ծագել հակասություններ, անհամաձայնություններ եւ դժգոհություններ՝ այս կամ այն հարցը քննարկելիս, լուծման ուղիները փնտրելիս։ Ոչ մեկը կոալիցիա կազմող կողմերից, կարծեմ, չի երդվել Աստվածաշնչի վրա՝ ուրանալ իր ինքնությունը, ծրագրային իր դրույթները։ Համախոհությունը՝ միախոհություն չէ եւ ոչ էլ միասնականությունը՝ նույնականություն։

Քաղաքականացված հասարակության մեջ տարակարծությունը բախման աղբյուր չէ, այլ ճշմարտությանը հասնելու, շարժման ճիշտ ուղղությունը որոշելու հնարավորություն։ Նույնիսկ մերժված կարծիքն իր ազդեցությունն ունի ճիշտ ուղղությունը որոշելիս։ Բայց մեր ունեցածը, ցավոք, քաղաքականացվածության տնազ է, եւ այդ տնազն օրնիբուն մեզ լեզու է ցույց տալիս հայրենական գրեթե բոլոր հեռուստաալիքներից ու մամուլի էջերից։

Մեր տարակարծությունը վեկտոր չի ծնում։ Երբ չես մասնակցում վեկտորակազմությանը եւ քեզ ես վեկտոր համարում, դու կորցնում ես դեմքդ, դու քեզ «մենք» ես կարծում եւ խաբելով ինքդ քեզ, խաբում ես եւ ուրիշներին։ Որքան էլ հզոր, բազմաթիվ, դու չես կարող դառնալ «մենք», լավագույն դեպքում պատմական այս կամ այն կարճատեւ պահին, այս կամ այն պալատում կլինես մեծամասնություն, բայց ոչ երբեք՝ «մենք»։

Եվ սա վերաբերում է բոլորին՝ թե՛ կոալիցիա կազմող կուսակցություններին եւ թե՛ ընդդիմադիրներին, որոնց շարքերում քաղաքական դերակատարություն ունեցող որոշ պատասխանատուների սթափության եւ զգոնության շնորհիվ, նաեւ հետընտրական լարված մթնոլորտում, երկիրը զերծ մնաց ավելորդ ցնցումներից։ Ժամանակին եւ հետագայում էլ, արժանվույնս չգնահատվեց այդ քայլը եւ փորձ իսկ չարվեց հասարակությունն առողջացնող երկխոսություն սկսել նրանց հետ։

Եվ հիմա, երբ ունենք այն, ինչ ունենք, ընդդիմության գարնանային այս շարժումից այլեւս սթափության եւ զգոնության հոտ չի փչում։ Մի շարժում, որին անցած օրերի փորձով կարելի էր կոչել «ոչխարամորթային», այնինչ, գերադասվեց՝ «ձնագնդայինը», թեեւ բնության հուշածը «հեղեղայինն» է։ Այս շարժման միակ նպատակը իշխանափոխությունն է։ Մնացածն ածանցյալ է։

Ածանցյալ է Հայոց ցեղասպանության, Արեւմտահայաստանի, հայ-թուրք եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցը։ «Եթե Ցեղասպանության ճանաչման հարցը մեր արժանապատվության եւ իբրեւ այդպիսին պատմական հարց չէ, այլ առօրյա եւ ապագային միտված խնդիր, ապա Արեւմտահայաստանի հարցը մեր իրավունքի, մեր գոյությունը ապահովող, հարատեւությունը պայմանավորող անհրաժեշտություն է,- իր խոսքում ասում է Հրանտ Մարգարյանը։ – Մենք անցյալով սահմանափակված չենք, ոչ էլ մեզ առաջնորդում է ատելության, ագրեսիվության մարմաջը»։

Ածանցյալ է Արցախի խնդիրը. «Վերջին
շրջանի ադրբեջանական մերժողական կեցվածքները, հարցի լուծման ձգձգման քաղաքականությունը բավարար չե՞ն համոզվելու, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիշխանության մասին հայտարարության՝ Ղարաբաղի այսօրվա փաստացի սահմաններում»։

Ածանցյալ են Ջավախքի խնդիրը, Սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության բնականոն հարաբերությունների խնդիրը, աղքատության վերացման, կոռուպցիայի դեմ պայքարի, երկրի կայունության, հզորացման եւ ազգի մեջ արդարություն ու միասնականություն հաստատելու խնդիրները։ Իշխանափոխությունից հետո, մատի մի շարժումով այս ածանցյալները կյանքի կկոչվեն։ Ահա հիմարացնող այս միտքն է այսօր թեւածում հանրապետության մեծ ու փոքր բոլոր հրապարակներում։

«Ապստամբությունները մեր երկրի համար այլեւս շռայլություն են,- իր խոսքում նկատում է Հրանտ Մարգարյանը։ – Սա մենք ենք ասում։ Մենք, որի պատճառով չէ, որ հակառակ շատ շատերի, անարդարություն կա այս երկրում. մենք երեկ իշխանություն չենք եղել ոմանց նման եւ այսօր էլ այն իշխանությունը չունենք։ Պայքարի ձեւը ամենօրյա աշխատանքն է, քաղաքական գործը եւ ընտրությունները… Մեզ համար կառավարության կազմում լինելը երբեք ինքնանպատակ չի եղել։ Մենք համաձայնել ենք մաս կազմել կառավարությանը՝ հստակ գիտակցելով, որ մեր դերակատարությունը սահմանափակ է լինելու, սակայն մենք ներկա ենք այնտեղ, որպեսզի ավելի ազդու պայքարենք հասարակության օրըստօրե ահագնացող բեւեռացման դեմ, կարողանանք տնտեսական քաղաքականությանը տալ սոցիալական ուղղվածություն, որպեսզի կազմակերպված պայքար ծավալենք կոռուպցիայի, ստվերային տնտեսության եւ, ընդհանրապես, անարդարությունների դեմ»։

Մոտեցումների խնդիր է, եւ հաղթողը (այս հարաբերություններում, իրոք,
վեկտոր չի ծնվելու) համոզված եմ, բանականությունն է լինելու։ «Ինչ արել եւ
անելու ենք՝ արել եւ անելու ենք մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ
ունեցած բացառիկ պատասխանատվությամբ։ Հայաստանը դառնալու է ուժեղ, կազմակերպված,
արդարացի երկիր, Հայաստանն ու հայությունը համատեղ դառնալու են լիարժեք,
ինքնուրույն գործոն տարածաշրջանում ու աշխարհում։ Այս պատասխանատվությունը,
այս հավատը, այս վճռականությունն են Դաշնակցության երթը երկարել երեք դարերի
վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել