Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես շտապում եմ կայացնել ինստիտուտը»

Մարտ 17,2004 00:00

Երեկ
Եվրախորհրդարանի պատվիրակությունը, տիկին Ուրսուլա Շլայխերի գլխավորությամբ,
նախաձեռնել էր հանդիպում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի
հետ։
Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացան, որ օմբուդսմենի նշանակումից առայսօր շաբաթական մոտ 40 գրավոր եւ 10 բանավոր բողոք է ստացվում՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու, պաշտոնյաների կողմից արհամարհական վերաբերմունքի, հաշմանդամների իրավունքների, սոցիալական, կենցաղային վատ պայմանների վերաբերյալ։ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սկզբնական շրջանում 13 բողոք է ստացվել տեղական ինքնակառավարման մարմինների դեմ. «Սա նշանակում է, որ մարզերի բնակիչները տեղյակ են իրենց իրավունքներին, ինչն ուրախալի է»։

Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են զանգվածաբար, առավելապես՝ պետական միջին մակարդակի պաշտոնյաների կողմից, հաճախ՝ վատ ու անորակ օրենքների, վատ վարչարարության, օրենքներն անտեսելու պատճառով։ Ըստ տիկին Ալավերդյանի, հենց ՀՀ օրենքների եւ միջազգային փաստաթղթերի անհամապատասխանությունն է թույլ տալիս խախտել ընտրության կամ խոսքի ազատության իրավունքը, ուստիեւ «ԱԺ եւ կառավարության նիստերին օմբուդսմենի մասնակցելու օրինական իրավունքը շատ լավ միջոց է նպատակին հասնելու համար»։ Ի դեպ, ԱԺ խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել օգնել օմբուդսմենին՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու գործում։

Եվրոպացի հյուրերը անդրադարձան նաեւ Եհովայի վկաների խնդրին։ Լ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ առայժմ բողոք է եկել միայն կրոնական մի խմբավորումից, որը հոգեորսությամբ է զբաղված։ Իսկ երբ ՀՀ կառավարությունը ընդունի ոլորտը կարգավորող նոր կոնցեպցիա, «մենք առանձին-առանձին կհանդիպենք կրոնական խմբավորումների ազատազրկված անդամներին։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցում միանշանակ արդարացված է անհատական մոտեցումը»։ Ըստ ՀՀ օմբուդսմենի, հենց ազատազրկման վայրերում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերհանումն է դժվար լինելու, բայց «սա քաղաքացիական խիզախություն ունեցող մասնագիտություն է, եւ ես շտապում եմ կայացնել այս ինստիտուտը»՝ կարեւորելով օմբուդսմենի նկատմամբ հասարակության վստահության ձեռքբերումը։ Հյուրերն այդ հարցում մաղթեցին հաջողություն եւ համբերություն։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել