Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք անմեղ ենք, մեր օրենքն է մեղավոր

Մարտ 17,2004 00:00

Հայաստանի դեղերի շուկայում առկա 40% կոռուպցիան առողջապահության ոլորտի պատասխանատուները բարդում են 1998թ. ընդունված դեղերի մասին ՀՀ օրենքի անկատարության վրա։

Երեկ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի հրավիրած «Կոռուպցիան դեղերի շուկայում» թեմայով քննարկումը պատեհ առիթ էր մասնակիցներին՝ խոսելու ոչ թե կոռուպցիայի պատճառների, այլ իրենց աշխատանքը խոչընդոտող խնդիրների շուրջ։ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը խոսքը սկսեց դեղշուկան կարգավորող վատ օրենքից, որոշ դեղերի մատակարարման ընդհատումներից եւ ավարտեց նրանով, որ բուժհաստատություններում պետք է ուժեղացնել մարդասիրական օգնության բաշխման վերահսկողությունը։ Դեղգործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանը նույնպես գտնում էր, որ «անհաս երեխա» հիշեցնող օրենքն է մեղավոր, որ մեզ մոտ դեղը դիտում են որպես ապրանք, ոչ թե ստրատեգիկ միջոց, հաշվի չառնելով, որ աշխարհում գոյություն ունի դեղաբանական ահաբեկչություն։ Շուկայում առկա կեղծ դեղամիջոցների մեղավորն էլ, ըստ «պետական» առողջապահների, դրանք երկիր թողնող մաքսային ծառայություններն են եւ մի այլ՝ ստուգումների մասին օրենքը, երբ անհրաժեշտ է 3 օր առաջ զգուշացնելուց հետո միայն սկսել ստուգումներ։ Նախարարության վերջին ներկայացուցիչը՝ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը, որը նաեւ զբաղվում է ամենակոռումպացված՝ մարդասիրական դեղերի ընդունման եւ բաշխման ճյուղով, հակիրճ խոսեց. «Օգնության դեղերի առումով Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, դեղերի գերակշիռ տոկոսը գրանցված չէ, թեպետ որակի ստուգում անցնում են, պետք է աշխատենք ներկրել հնարավորինս երկար ժամկետ ունեցող դեղեր եւ հնարավորինս ճիշտ բաշխել դրանք»։ Վարչության պետը խոսեց նաեւ գործընթացի թույլ վերահսկողության մասին։ Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության ոլորտում Ա. Բիշարյանի «դեղասիրական ու դրամասիրական» գործունեությանը մամուլում անդրադարձել են պարբերաբար։ Թերեւս այդ հրապարակումներն ակնարկելով, Բ. Եսայանը նկատեց, որ բաշխման գործընթացը պետք է լինի խիստ թափանցիկ ու կասկածեց. «Միգուցե մարդասիրականի տակ եկող դեղն այստեղ դառնում է ապրա՞նք»։ Այդ հարցին Ա. Բիշարյանը հակադարձեց. «Մամուլում տրված մեկնաբանությունները համարում եմ սխալ, աղավաղված, դրա համար ոչինչ չեմ պատասխանում»։

Տարբեր պատճառներով ժամկետանց դարձած շուրջ 120 տոննա դեղի վերացման համար կառավարության կազմած հանձնաժողովը, ըստ փոխնախարար Հակոբյանի, ամենայն հավանականությամբ կընտրի դեղերն այրելու տարբերակը՝ որպես էկոլոգիապես ամենաքիչ վտանգ պարունակող ձեւ։ Հայաստանում այժմ դեղառեւտրով զբաղվում են շուրջ 1000 դեղատներ։ «Հայաստանի դեղագործների ասոցիացիայի» ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանը գտնում է, որ 3 մլն բնակչության համար ամեն մուտքի մոտ մի դեղատուն ունենալը ճիշտ չէ, որովհետեւ մանր-մունր դեղատները պատրաստ են վաճառել նաեւ ստվերային դեղեր։

Իսկ Մեդինֆորմ գործակալության տնօրեն Տիգրան Ներսիսյանի համար անհասկանալի էր առողջապահության նախարարության քաղաքականությունը. «Անցյալ տարի անցկացված ստուգումներն ու չգրանցված դեղերի արձանագրումը ժողովրդի մեջ խորացրին կասկածը դեղերի արդյունավետության նկատմամբ եւ մղեցին դեպի հեքիմները։ Չգրանցված՝ չի նշանակում վնասակար, այլ՝ որ այդ արտադրողին մեր շուկան հետաքրքիր չէ։ Դրա փոխարեն վերցրեք ու պետական միջոցներով գրանցեք շուկայում առկա մի քանի օգտակար դեղեր՝ չբերության ու այլ հիվանդությունների դեմ»։ Էմիլ Գաբրիելյանն անմիջապես վստահեցրեց. «50 անուն դեղ արդեն ներկայացրել ենք գրանցման»։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել