Լրահոս
Օրվա լրահոսը

Աջարական ռեզոնանս

Մարտ 17,2004 00:00

Աջարական ռեզոնանս

«Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել եւ անտեսել վրաց-աջարական
հակամարտությունը, որն արդեն իսկ թեւակոխել է Աջարիայի համընդհանուր տնտեսական
շրջափակման փուլ»,- երեկ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի միջազգային կոմիտեի
նախագահ Միխայիլ Մարգելովը:
Միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի դերակատարությունն այդ հարցում պետք է կրի բացառապես անաչառ եւ խաղաղասիրական բնույթ: Թե որքանով է այդ դերակատարությունն անաչառ, պարզ երեւում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի «անձնական» նախաձեռնությունից: Վերջինս ռուսաստանցի գործարար Գարի Լուչանսկու ընկերակցությամբ երեկ Թուրքիայի տարածքով ժամանել է Աջարիա եւ առայժմ անհայտ բովանդակության խոսակցություն ունեցել ինքնավարության ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ: «Ես չեմ կարող դժվար պահին միայնակ թողնել իմ եղբորն ու ընկերոջը»,- հայտարարել է Լուժկովը, չմանրամասնելով, թե ինչպես է պատրաստվում փարատել իր «եղբոր» միայնությունը: Համենայնդեպս, նա հասցրել է տեղում նկատել, որ լարումը գալիս է միայն Թբիլիսիից եւ բնավ ոչ՝ Բաթումից: Այդուամենայնիվ, այս պահի դրությամբ, քիչ հավանական է, որ հակամարտությանը կմիջամտեն ռուսական ստորաբաժանումները: ՌԴ-ում Վրաստանի դեսպան Վլադիմիր Չխիկվիշվիլին լրագրողներին հավաստիացրել է, որ ռուսական զինտեխնիկան Բաթումում տեղակայված զորակայանի տարածքից դուրս չի բերվելու, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարի հատուկ կարգադրությունը:

Աջարական ճգնաժամն արդեն իսկ միջազգային մեծ հնչեղություն է ստացել: Արձագանքներ են ստացվում ինչպես տարածաշրջանի հարեւան երկրներից, այնպես էլ երկրագնդի բոլոր ուժային կենտրոններից: Հակամարտության սաստկացման կապակցությամբ իրենց անհանգստությունն են հայտնել եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ-ը, Թուրքիան: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու տնտեսական բարգավաճմանը եւ, որպես բարեկամ երկիր, պատրաստ է աջակցել բոլոր միջոցներով»: Կնճռի խաղաղ կարգավորման հույս եւ ցանկություն է հայտնել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հատուկ ընդգծելով Հայաստանի համար Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հույժ կարեւոր տնտեսական նշանակությունը: Չի ուշացել նաեւ Բաքվի արձագանքը: «Վրաստանի իրադարձությունները կարող են Հարավային Կովկասում հանգեցնել անջատողականության նոր ալիքի առաջացման»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Աջարական զարգացումների նկատմամբ անտարբեր չեն նաեւ միջազգային կազմակերպությունները:

Իսկ մինչ այդ, շրջափակման օղակը Աջարիայի շուրջ ավելի է սեղմվում: Ռուսական փորձագետներն արդեն իսկ հաշվարկներ են անում, թե որքան կարող է դիմանալ պաշարված ինքնավարությունը, առավելապես եզրակացնելով, որ աջարներին տեսանելի ապագայում սով չի սպառնում: Այլոք հակված են ենթադրել, որ հանգուցալուծումը կգա ավելի շուտ, քան սովը:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել