Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշխատենք, կուղղվենք»

Մարտ 17,2004 00:00

Երեկ ԱԺ-ին ներկայացվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը 2003-ին իրականացված գործունեության վերաբերյալ:

Բավական անակնկալ բացահայտումներ էր պարունակում այդ հաղորդումը: Պարզվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության հիմնական նպատակն է եղել ապահովել քաղաքական տեղեկատվություն «ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը»: Բացի այդ՝ ձգտել են ներկայացնել այնպիսի հաղորդումներ, որոնցում հաշվի են առնվում հասարակական տարբեր շերտերի ու նաեւ «բոլոր քաղաքական ուժերի շահերը»: Ավելի՛ն՝ նպատակ են ունեցել «հանրությանն ապահովել անկողմնակալ, հավաստի եւ օպերատիվ տեղեկատվությամբ» ու բարձրացնել «տրամադրվող տեղեկատվության նկատմամբ» ունկնդիրների վստահությունը: Նկատի առեք՝ այս ամենն ասված է 2003-ի՝ ընտրությունների տարվա մասին: Իսկ մասնավորապես նախագահի ընտրության ժամանակ Հանրային հեռուստաընկերության բացահայտ կողմնակալ կեցվածքը արձանագրված է միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններում:

Սակայն ընդդիմության բացակայության պայմաններում ԱԺ պատգամավորներից որեւէ մեկը չհիշեց այս մասին: Թեեւ ինչո՞ւ միայն հիշել՝ այժմ էլ Հանրային հեռուստաընկերությունն այնպիսի հարձակումներ է գործում ընդդիմության դեմ, որ թվում է՝ նախապատրաստվում են ընտրությունների: Օրերս «Կիրակնօրյա Հայլուրը» ծաղրի ենթարկեց անգամ այն ուսանողին, որ համարձակվել էր ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ սուր հարցադրում ուղղել Ռոբերտ Քոչարյանին: «Առավոտի» հարցին՝ արդյոք այս ամենը նրա հետեւանքը չէ, որ հրապարակված տեղեկության համաձայն՝ ինքը վերահսկողություն է հաստատել «Հայլուրում»՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Նախ՝ ընտրությունների չենք նախապատրաստվում: Երկրորդը՝ «Հայլուրը» միշտ եղել է իմ հսկողության տակ, եւ որեւէ բան չի փոխվել այն առաջին օրվանից, երբ ես սկսել եմ աշխատել այնտեղ: Երրորդը՝ ես լրագրողների կարծիքին (անկախ նրանից՝ դրան համաձայն եմ, թե ոչ)՝ փորձում եմ չմիջամտել: Իսկ ինչ վերաբերում է այդ երիտասարդին ծաղրելուն՝ եթե ինչ-որ մեկի հոր անունը հիշատակվում է՝ ես չեմ կարծում, թե դա ծաղրանք է»: Մինչդեռ «Հայլուրի» թղթակիցն այդ ուսանողի մասին մասնավորապես ասել էր. «Ձեր դիմաց ամենասովորական տնաբույս հհշական է»:

Հաղորդման քննարկման ժամանակ Մանուկ Գասպարյանն էլ նշեց, թե «Հայլուրը» վիրավորանքներ է հասցնում ընդդիմադիրներին, ներկայացնում նրանց ելույթների միայն վրիպակները, մինչդեռ իշխանության գործիչների սայթաքումներն առնվազն շրջանցվում են: Ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասաց. «Չեմ ասում, որ «Հայլուրն» անթերի է, եւ նույնիսկ հակառակը՝ Ձեր ասածների մեծ մասի հետ համաձայն եմ: Բայց հասարակության մեջ կան նաեւ այլ գնահատականներ այլ երեւույթների վերաբերյալ, որոնք նույնպես անթերի չեն: Դրա համար ինձ մնում է աշակերտի նման ասել, որ կաշխատենք, կուղղվենք»:

Իշխանամետներն իրոք այլ գնահատականներ ունեին «Հ1»-ի գործունեության վերաբերյալ: Գովեստի խոսքեր հնչեցրեց ՕԵԿ անդամ Մեխակ Մխիթարյանը, թե «զգում ենք փոփոխությունների շունչը», իսկ «ԺՊ» անդամ Մկրտիչ Մինասյանը նշեց, թե առկա է բազմակարծություն եւ հանդուրժողականություն:

Թերեւս այս ամենը տեսանելի չէ միայն ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին, որոնք «Հ1»-ի թղթակիցներին վերաբերվում են այնպես, ինչպես 1988-ի ցույցերի մասնակիցներն էին վերաբերվում կենտրոնական հեռուստատեսության աշխատակիցներին: Սակայն Ալեքսան Հարությունյանը հետո «Հ1»-ի անաչառության վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց լրագրողներին. «Օբյեկտիվ միայն Աստվածաշունչն է, ուրիշ բան չկա»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել