Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԳՅՈՒՂ ԳՆԱՑԻՆ

Մարտ 17,2004 00:00

Քաղաքացիների
հետ երկխոսությունը բավականին նյարդային է ստացվում
Կառավարության անդամները երեկ այցելեցին Արարատի մարզ։ Հանրապետության տարբեր մարզեր կատարած արդեն բազմաթիվ այցերի ընթացքում նախարարները հասցրել են բավականին կոփվել եւ սովորել ժողովրդական պահանջներին ու դժգոհություններին դիմադրելու որոշ հնարքներ։ Նախարարներից շատերը, որոնք նախկին հանդիպումների ժամանակ որպես արված գործ էին նշում այս կամ այն միջազգային կառույցից վարկեր կամ ուրիշ բաներ ստանալը, այժմ դարձել են ավելի իրատես եւ փորձում են մարդկանց ավելի հասկանալի հայերենով բացատրել ինչն ինչոց է։

Այնթապ գյուղում հենց ոտքի վրա պարզվեց, որ այս տարածքից ընտրված պատգամավորը գյուղացիների համար ճարել եւ գյուղ է ուղարկել պարարտանյութ՝ 3700 դրամով, սակայն գյուղապետը այն նույն գյուղացիներին վաճառել է 4000 դրամով։ Այնթապում ամենից շատ հարձակումների ենթարկվեցին «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն ու ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Հենց որ գյուղացիք լսեցին, որ այցելուների մեջ է նաեւ պրն Կարապետյանը, տեղերից կանչեցին. «Այ, դրան բռնեք, մի թողեք»։ Մինչ պրն Կարապետյանը բացատրում էր, որ այս պահի դրությամբ գյուղում չկա գազի մեկ բաժանորդ, որը վճարել է գազի դիմաց, բայց նրա գազն անջատված չէ, մի խումբ գյուղացիներ կանչեցին. «Էսօր միացրել եք, կգնաք, վաղը կանջատեք»։ Սակայն, գյուղը, իրոք, 27 մլն դրամ պարտք է «Հայռուսգազարդին» եւ վերջինիս տնօրենը բացատրում էր, թե գազը եւս ապրանք է եւ իրենք էլ ուրիշից են գնում։ Այնթապը 9 հազար բնակիչ ունի, սակայն չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, գյուղացին չունի գյուղտեխնիկա, պարարտանյութ գնելու փող ու էլի հազար ու մի բան։

Ամենաշատը գյուղացիք չէին սիրում Գագիկ Մարտիրոսյանին եւ այն բանի համար, որ վերջինս. «Աստծո տված ջուրը գյուղացու վրա ծախում է»։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին այս միտքը կարծես թե վիրավորեց. «այդպիսի կոչերով դուք համակարգը կքանդեք»։ Գյուղացիներից մի քանիսը պատասխանեցին. «Է՜հ, համակարգ թողեցի՞ք, էն գլխից եք քանդել, կերաք հոգիներս»։ Մարդիկ նաեւ չէին հասկանում, թե ի՞նչ եղավ երբեմնի ջուրը, որի պակաս ժամանակին չունեին. «ջո՞ւրն ինչ եղավ, պարտիան քանդվեց, հասկացանք, բա ջո՜ւրն ի՞նչ արեցին»։

Նախարարների հաջորդ այցը Նոր Խարբերդի միջնակարգ դպրոցն էր, որը ըստ մասնագետների սեյսմակայուն չէ, կառուցվել է 1932 թվականին ու տպավորությունն այնպիսին է, որ ամեն րոպե կարող է քանդվել։ Այստեղ կոնկրետ հարց լուծվեց։ Դպրոցի նոր մասնաշենքի կառուցման համար պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի այս խոստումից դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գոհ էր։

Բուրաստան գյուղի մշակույթի տան հրապարակը լեփ-լեցուն էր։ Հավաքվածները բաժանվել էին մի քանի խմբերի։ Մարդկանց մի մասը խումբ-խումբ շրջապատել էր եկած նախարարներին, մյուս մասը մի կողմ կանգնած հետեւում էր հանդիպմանը։ Այս խմբի մարդիկ պնդում էին, որ իրենք են իսկական բուրաստանցիք, իսկ նախարարներին շրջապատողները բերվել են հանդիպման համար։ Հենց այդ՝ մի կողմ կանգնած խմբի մարդիկ բավականին ակտիվ տրամադրություն ունեին եւ չթաքցրին, որ սպասում են ընդդիմության կոչին՝ գալ քաղաք ու կանգնել որքան պետք լինի։ Վերջիններիս դժգոհությունը նույնն էր, ինչպես հանրապետության այլ մարզերում՝ ջրի հարցը, որդիներին չեն կարողանում ամուսնացնել, քանի որ վերջիններս ոչ աշխատանք ունեն, ոչ փող, շատերը մեկնել են երկրից, իսկ իշխանությունները միայն իրենց սեփական հարցերն են լուծում. «Նախարարների այցից ոչ մի սպասելիք չկա, էս ամեն ինչը մասկիրովկա է»,- դժգոհում էր Պողոս Հարությունյանը։ Մեկ ուրիշ բուրաստանցի, որ իր անունը չասաց, դժգոհելով, լրացրեց ընկերոջը. «3800 դրամ թոշակ են տալիս, բայց մեկ պարկ ալյուրը տասը հազարից ավելի է, թոշակիս գրքույկը թողել եմ էլեկտրիկի մոտ, որ ամեն ամիս հոսանքի փողը վերցնի, որ գոնե տան լույսը չկտրեն։ Բա սա կյա՞նք է»։ Կողքից մի քանիսը ավելացրին. «առավոտից իրիկուն սուտ ենք լսում, հեռուստացույցը միացնում ենք՝ սուտ, ռադիոն միացնում ենք՝ սուտ»։

Ուսուցիչների մի ստվար խումբ շրջապատել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին եւ դժգոհում էր օպտիմալացումից ու աշխատավարձի քչությունից։ Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացավ, որ ամեն ինչ աստիճանաբար կշտկվի, որ նախարարներն ավելի հաճախ կայցելեն գյուղեր. «Աշխատասենյակներում նստած հարցերը չեն լուծվի, մարդկանց հետ անմիջական շփումները կօգնեն շատ խնդիրների լուծմանը։ Հիմա շատերն են զարմանում՝ ի՞նչ է պատահել, նախընտրական շրջան չէ, բայց մենք գիտենք, որ տեղերում լինելով ավելի օգտակար կլինենք մեր հայրենակիցներին»։ Նախարարների հաջորդ կանգառը Արեւշատ գյուղն էր. այստեղ լարվածությունը գագաթնակետին էր։ Գյուղացիներից մեկը՝ Վազգեն Հարությունյանը, պարզապես հարձակվեց նախարարների խմբի վրա. «Գնացեք, ինչի՞ եք եկել։ Եթե եկել եք ժողովրդի վիճակը չիմանաք, ինչի՞ եք եկել»։ Նախարարները մի պահ սառեցին, մարզպետը փորձում էր Վազգեն Հարությունյանին մի կողմ քաշել եւ լռեցնել։ Համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը հարթեց իրավիճակը. «թող խոսի, ինչո՞ւ ես արգելում»։ Գյուղացիների դժգոհությունը նույնն էր՝ պարարտանյութ, ջուր. «Մարտիրոսյան Գագիկին գործից հեռացրեք, նստել է ջրի գլխին»,- առաջարկում էին գյուղացիները։ Գյուղնախարար Դավիթ Լոքյանը բացատրում էր արեւշատցիներին, որ գյուղատնտես արդեն ունեն, իսկ անասնաբույժ կունենան եկող տարի։ Գյուղացիներից մեկը նկատեց. «որ ուզում ես իմանալ, մենք անասուն չունենք, եղածը մի կով է, որի վրա ամբողջ ընտանիքով դողում ենք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել