ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը, որ հայտնի է «Զինապարտության մասին» օրենքի նախագծի առիթով կազմակերպված հավաքներով ու միջոցառումներով, այժմ հասարակական կազմակերպության ստեղծման փուլում է: Ուսանողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը համոզված կանխատեսեց, որ այդ օրերի ակտիվիստներից շատերը կշարունակեն իրենց գործունեությունը, որ նրանց համար այդ հավաքները փորձաքար էին՝ նաեւ իրենց հնարավորությունները ճշտելու առումով: Սակայն նախաձեռնող խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը մեզ հայտնեց, որ իրենցից շատերը միշտ էլ հնարավորություն ունեցել են այս կամ այն կուսակցության շարքերը ներգրավվելու, սակայն չեն գնացել դրան: Բացի այդ, նրանք չեն պատրաստվում թողնել իրենց բուն մասնագիտությունները: Իսկ ստեղծվելիք հասարակական կազմակերպության նպատակը լինելու է գիտության եւ կրթության խնդիրներին աջակցելը, եւ ընդհանրապես՝ հասարակությանը հուզող ցանկացած հարցի լուծման ուղիներ գտնելը: Առաջիկայում նախաձեռնող խումբն իր առաջարկները կներկայացնի՝ կոնկրետ բանակի հետ կապված եւ կներկայացնի ռեֆորմների իր տարբերակը: Օրինակ այսպես. «Բանակից խուսափողները օրենքով սահմանված կարգով թող վճարեն որոշակի գումար, եւ այդ գումարն էլ տրվի ռեզերվի սպաներին (եւ ոչ միայն նրանց), որոնք կհրավիրվեն բանակում աշխատելու»: Այսինքն՝ խումբն առաջարկում է ընտրել որոշ երկրներում ընդունված զինծառայության խառը տարբերակը, որը, ըստ նրա, որոշ չափով կլուծի եւ աշխատատեղերի հարց: «Առավոտի» հետ զրույցում պրն Միրզոյանը իր մտահոգությունը հայտնեց ԵՊՀ-ում մի ուսանողի հանդեպ ՀՀ նախագահի կոպիտ վերաբերմունքի համար: Վերջինիս հետ երկխոսության ժամանակ նախագահը նրա վիճակը «անհույս» համարեց: Նախաձեռնող խումբը վրդովված է նաեւ լուրերով (մեր թերթը դրան անդրադարձել է) ըստ որոնց, Ազգագրության թանգարանը տրվելու է Պաշտպանության նախարարությանը եւ վերափոխվելու է ռազմական թանգարանի: Իսկ Ազգագրության թանգարանի էքսպոնատները ցրվելու են տարբեր թանգարանների միջեւ: