ՀՖՖ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ Հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը Ուրբաթ օրը կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը հագեցած էր հետաքրքիր փաստերով եւ սենսացիոն հայտարարություններով: Իր ծրագրային ելույթում նա անդրադարձավ հաշվետու ժամանակահատվածում ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության հիմնական ուղղություններին՝ մանկապատանեկան ֆուտբոլ, մարզչական միջազգային չափորոշիչներին համապատասխանող շտաբների ստեղծում, ակումբների արտոնագրման գործընթաց, կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի զարգացում, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին, օրինակ՝ «Բաց, զվարճալի ֆուտբոլ», ակտիվ մասնակցություն: Ռ. Հայրապետյանն անդրադարձավ ներֆուտբոլային կյանքի կանոնակարգվածությանն ու կարգապահությանը՝ առաջնային համարելով նաեւ աշխատանքների թափանցիկությունը: Այստեղ նա նախորդ տարիներին ֆեդերացիայի ֆինանսական գործունեությունից բերեց մի շարք թվեր, որոնք սենսացիոն լինելուց բացի այլ կերպ չես կոչի: «2002թ. հունիսին (նրա ՀՖՖ նախագահ ընտրվելու ժամանակ) ֆեդերացիայի բոլոր հաշիվներում եղած դրամական միջոցները կազմել են ընդամենը $7611, մինչդեռ, ֆեդերացիան այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցել է ավելի քան $2 մլն 300 հազար կրեդիտորական պարտավորություններ՝ այդ թվում շուրջ $1 մլն 600 հազար հեռուստահեռարձակում իրականացնող «Սպորտֆայֆ» կազմակերպությանը, (ըստ «Սպորտֆայֆի»), շուրջ $700 հազար՝ ՈՒԵՖԱ-ի վարկի մասով՝տարեկան 2% տոկոսադրույքով, ավելի քան $25000՝ Հանրապետական մարզադաշտի մասով եւ շուրջ $ 8500՝ այլ կրեդիտորների: Սպասվելիք մուտքերը կազմել են ընդամենը $143 հազար: Պարզ հաշվարկն անգամ արձանագրում է, որ ՀՖՖ-ից ժառանգված հաշվեկշիռը եղել է բացասական եւ կազմել մոտ $ 2 մլն 200 հազար: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՖ եկամուտները կազմել են շուրջ $ 3 մլն 400 հազար, այդ թվում $900 հազար «Սպորտֆայֆից»: Ցավոք, մուտքերը եղել են ընդամենը $2 մլն 400 հազարի չափով, քանի որ պարտավորված ենք եղել հաշվետու ժամանակաշրջանում շուրջ $1 միլիոնի չափով մարել իմ նախորդների՝ տարիների ընթացքում կուտակած պարտքերը: Եթե դրա փոխարեն կարողանայինք այդ գումարները ներդնել հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքների մեջ, մի քանի անգամ ակնառու հաջողություններ կունենայինք»: Ռուբեն Հայրապետյանը այդ գումարների բացակայության համար մեղադրեց ֆեդերացիայի նախորդ ղեկավարներին, մասնավորապես, նախկին գլխավոր քարտուղարներ Պավել Խաչատրյանին եւ Արման Հովհաննիսյանին, որոնք, նրա խոսքերով, միլիոն դոլարից ավելի չափերի հասնող խոշոր գումարներ են յուրացրել ֆեդերացիայի միջոցներից՝ ֆուտբոլին հասանելիք գումարներից: Եվ երբ ֆեդերացիայի գործկոմի անդամներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ մարդկանց դեմ քրեական գործ չի հարուցվում, Ռ. Հայրապետյանը պատասխանեց, որ դրա համար կան համապատասխան մարմիններ եւ նրանք կարող են իր բերած փաստերի հիման վրա քրեական գործ հարուցել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ