Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք գյումրեցի՞ ենք, թե՞ ազատանցի»

Մարտ 16,2004 00:00

«Մենք գյումրեցի՞ ենք, թե՞ ազատանցի» Այդ հարցը կադաստրի պետ Մանուկ Վարդանյանը արհեստական է համարում: Ինչպես հայտնի է, օրերս Շիրակի մարզ էին այցելել մի խումբ նախարարներ ու փոխնախարարներ: Տեղեկանալով, որ կառավարական պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյանը՝ Օդանավակայանի տարածքի կամ, որ նույնն է, Արեւելյան թաղամասի մի խումբ բնակիչներ շտապել էին մարզպետարան ճշտելու իրենց հուզող ավանդական հարցը. «վերջապես մենք գյումրեցի՞ ենք, թե՞ ազատանցի»: Հիշեցնենք, որ Օդանավակայանի տարածքի համար ուժեղ «կռիվ» է սկսվել Գյումրիի ու Ազատանի համայնքապետարանների միջեւ: Իսկ այդ տարածքում բնակվող գյումրեցիները բողոքավոր դարձան այն պահից, երբ պարզվեց, որ կադաստրային գործերը Գյումրիի ստորաբաժանումից Ախուրյան են տեղափոխվել: Բնակիչներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել պարոն Վարդանյանին, փոխարենը մենք պարզաբանումներ ստացանք նրանից: Մանուկ Վարդանյանը ստեղծված իրավիճակը որակելով որպես «անհասկանալի անհանգստություն»՝ վստահեցրեց, որ մի համայնքից լրացուցիչ հողեր չեն վերցվի ու չեն տրվի մյուսին. նմանապես 30-40 տարի առաջ կատարված հողհատկացումներն ու կառուցապատված տարածքները չեն անցնի որեւէ այլ համայնքի: Վերջինս միաժամանակ շեշտեց, որ սա դեռ անձնական կարծիք է, իսկ պաշտոնական կարծիք կհայտնի Գյումրիի գլխավոր հատակագծի քննարկումից հետո: Արեւելյան թաղամասի բնակիչներին հուզում էր նաեւ Ախուրյանի կադաստրից սեփականության իրավունքի վկայական ստանալու հարցը: Պետական կոմիտեի պետը պարզաբանեց, որ դա վարչատարածքային բաժանման հետ բացարձակապես կապ չունի: «Եթե այդպես լինի, գարեջրի գործարանը գտնվում է հարեւան գյուղական համայնքի տարածքում, ինչո՞ւ է Գյումրիի ստորաբաժանումը սպասարկում: Գրանցումը կատարվում է ըստ գույքի գտնվելու վայրի եւ իմ կողմից սահմանված տարածքներում, եթե ես այսօր սահմանեմ, որ այդ տարածքը ծանրաբեռնվածությունից ելնելով պետք է սպասարկի Գյումրիի կամ Ախուրյանի ստորաբաժանումը, դա չի նշանակում, թե վարչատարածքային փոփոխություն է կատարվում»,- հանգստացրեց Մանուկ Վարդանյանը: Նույն հարցը մեզ այլ կերպ էին մեկնաբանել Ազատանի համայնքապետարանում: Համայնքապետի տեղակալի ասելով, քանի որ Ազատանը գտնվում է Ախուրյանի շրջանում, իսկ Օդանավակայանի տարածքը Ազատանի վարչական սահմաններում է, ուստիեւ օրինական չէր Արեւելյանի բնակիչների Գյումրիի ստորաբաժանումում կադաստրային գործարքներ կատարելը: Մի խոսքով, «Արեւելյանի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, իսկ Մանուկ Վարդանյանը հարցը «արհեստականորեն սրված» համարելով՝ զարմանում է, որ տեղի պաշտոնյաները, մասնագետների ներկայությամբ, աշխատասենյակներում հարցը քննարկելու փոխարեն մամուլի միջոցով են կռիվ մղում: Իսկ եթե հարցը չլուծվի կաբինետային մակարդակով, ստիպված կլինի միջամտել մի նոր հանձնաժողով: Այս անգամ ոչ թե նախագահական, այլ վարչապետական: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել