«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆՔ ԽՈՍԵԼՈՒ» Խոստանում է երեկ առավոտյան ԱՄՆ-ից վերադարձած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: – Պարոն Կարապետյան, դուք մեր հասարակությունում ընկալվում եք իբրեւ ռուսամետ քաղաքական գործիչ։ Սակայն վերջերս հաճախակի են դարձել ձեր ամերիկյան այցելությունները։ Արդյո՞ք դա կոմպլեմենտարիզմի դրսեւորում է։ – Եթե ապագայում իշխանության գալու համար որեւէ մեկը մտքին դրել է օգտագործել աշխարհաքաղաքական դաշտը՝ դա Հայաստանի համար լավագույն տարբերակը չէ։ Եվ մենք ոչ թե կոմպլեմենտարիզմի պետք է ձգտենք, այլ փոխշահավետ համագործակցության։ Պետք է ամեն մեկին հաճոյանալու համար մի բան զիջենք, վերջում էլ մնանք մեր դրոշի հետ։ Կամ էլ խնդրենք՝ մեզ այս արեք, այն արեք։ Մե՛նք պետք է հասնենք մեր նպատակներին։ Իսկ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Հայաստանում պետք է փոխշահավետ համագործակցեն, նրանք առճակատման խնդիր չունեն։ Մենք չէինք գնացել բողոքելու կամ օգնություն հայցելու։ Իմ խնդիրը եղել է ներկայացնել մեր ծրագրերը, բացատրել, որ Հայաստանում տեղի են ունենալու համակարգային փոփոխություններ ու մենք կարիք ենք ունենալու ամերիկյան ներդրումների, ռուսական շուկաների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման, դեմոկրատիայի փորձի փոխանակման եւ այլն։ Մեզ հետ հանդիպեցին Հայաստանով զբաղվող ամենաբարձր մակարդակի գործիչները թե՛ Պետդեպարտամենտում, թե՛ Կոնգրեսում եւ այլն։ Խստագույնս ներկայացրել ենք մեր տեսակետները թե արտաքին քաղաքականության, թե ներքաղաքական ոլորտներում։ Ի դեպ, ներսում մենք առաջիկայում ավելի խիստ ենք խոսելու՝ կամաց-կամաց կոշտ ընդդիմություն դառնալով։ Քանզի մեր ելույթները, վերլուծությունները, ծրագրերը առայժմ ոչնչի չեն բերում։ Իշխանությունը շարունակում է՝ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ – Ձեր մոտեցումները միշտ կառուցողական են եղել։ Իշխանությունները ընդառաջ չգնացին համագործակցության եւ դրա արդյունքո՞ւմ եք որոշել կոշտ ընդդիմություն դառնալ։ – Ո՛չ։ Կոշտ չի նշանակում հեղափոխական։ Այլ խստացնելու ենք ելույթները, պահանջները, գործողությունները։ Հայհոյանքի որակը, ձեւը եւ տեսքը մի քիչ փոխվելու է, մեր մոտեցումներն ու առաջարկները մնալու են նույնը։ Ես երբեք չեմ ձգտել իշխանությունների հետ համագործակցության։ Դա հնարավոր է միայն ամբողջական համակարգային փոփոխությունների պարագայում։ Եվ եթե որեւէ մեկը դրան (համակարգային փոփոխություններին- Ն. Գ.) համաձայն չի եւ համալսարաններում մեզ թվեր է ներկայացնում (նկատի ունի Ռ. Քոչարյանի հանդիպումը- Ն. Գ.), ես կարող եմ դրանք վերլուծել եւ հակառակն ապացուցել, ինչը ես արել եմ ՀԲ-ում եւ ՄԱԿ-ում։ Ես մնում եմ միակ քաղաքական գործիչը, որը չի ճանաչում նախագահին եւ պաշտպանության նախարարին (խոսքն անձնական շփումների մասին է- Ն. Գ.)։ – ԱՄՆ Պետդեպարտամենտի հրավեր-ծրագրի, որի շրջանակներում Դուք գտնվում էիք այդ երկրում, ներածական հատվածում նշված է, որ այդ ծրագրով հրավիրյալ 4,5 հազար գործիչներից 180-ը հետագայում դարձել են տվյալ երկրների նախագահներ կամ վարչապետներ։ Ձեզ ի՞նչ պաշտոն առաջարկվեց։ – «Կարգվելու» համար այնտեղ պետք չէ գնալ, Հայաստանում պետք է գործ անել։ – Ձեր բացակայությամբ, ձեր իսկ բնորոշմամբ՝ հեղափոխական ընդդիմությունն ակտիվացավ… – Ես դրան լավ եմ վերաբերվում եւ արտահերթ ընտրությունների պատրաստվելու մեր հայտարարությունը դրա պատասխանն էր։ Մենք տարաձայնություններ ունենք ժամանակի հարցում։ Կարծում եմ, որ դեռ մի քիչ վաղ է։ Սակայն մենք կլինենք առաջին արարի մասնակիցը։ Երբ կգա մեր ժամանակը, իսկ դա շուտով կգա՝ ներկայացումը կավարտվի։ – Ձեր ժամանակում Դուք ձեզ նախագահի՞, թե՞ վարչապետի աթոռին եք պատկերացնում։ – Աշխարհում ամենալավ պաշտոնն ընտրովին է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ