Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի հոսքերը կարգավորողը

Մարտ 16,2004 00:00

Դեղերի հոսքերը կարգավորողը Դատախազությանը ոչ մի կերպ չի հաջողվում մինչեւ վերջ հասցնել Արտաշես Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործը: Առողջապահության նախարարությունը կառավարության նոր շենք տեղափոխելու ժամանակ անհետացել է փաստաթղթերի մի կապոց: Կորած փաստաթղթերը վերաբերում են ԱՄՆ Միացյալ Հայկական հիմնադրամից Հայաստան առաքվելիք դեղերի ցանկին: Այսինքն՝ թե հիմնադրամն ինչ դեղեր կարող է ուղարկել Հայաստան: Այդտեղ էր նաեւ Արտաշես Բիշարյանի՝ Միացյալ հիմնադրամին ներկայացրած դեղերի ցանկը, այսինքն՝ թե ինչպիսի դեղերի կարիք կա Հայաստանում: Հենց այդ փաստաթղթերում էր հստակ երեւում, թե որ դեղերն է Արտաշես Բիշարյանը դոնորներին խորհուրդ տվել չառաքել Հայաստան՝ իբրեւ թե դրանց կարիքը չկա: Մեզ հայտնի է, որ առնվազն 12 բուժհիմնարկների ղեկավարներ մեկ տարի առաջ, ցուցմունք տալով ՀՀ գլխավոր դատախազությունում, նշել են, որ չնայած մարդասիրական կենտրոնում դեղերի առկայությանը՝ Արտաշես Բիշարյանը իրենց պահանջած դեղերը չի տվել: Մենք հանդիպեցինք այդ մարդկանցից մի քանիսին, սակայն նրանք հրաժարվեցին հրապարակավ խոսել: «Ինձ Ա. Բիշարյանը բառացի ասաց հետեւյալը՝ ինչ տալիս ենք, էն էլ վերցրու ու գլուխդ կախ աշխատիր»,- մեր հանդիպման ժամանակ նշեց բուժհիմնարկներից մեկի տնօրենը: Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի պահանջով ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչությանը դիմել են բազմաթիվ բուժհիմնարկներ, սակայն մերժվել են: Մերժման պատճառը մեկն էր՝ այդ դեղերը ներկրել էին Ա. Բիշարյանի «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ն կամ նրա ընկերների ընկերությունները: Արտաշես Բիշարյանը կարգավորում է Հայաստանի դեղորայքային ամբողջ շուկան: «Դեղագործների ասոցիացիայի» նախագահ Ա. Բիշարյանի մասնակցությամբ են որոշվում ՀՀ ներկրվող բոլոր տեսակի դեղերի գները, դրանց առաջարկը եւ պահանջարկը: Նա է տալիս հանրապետություն ներկրվող դեղորայքի հավաստագրերը, ներկրման թույլտվությունները, որոշում, թե որ կազմակերպությունը պետք է ներկրի այս կամ այն դեղը: Դեղերի շուկայում մեծ կշիռ ունեցող Առողջապահության նախարարության այս պաշտոնյան տարիներ շարունակ «կարգավորում» է այս ոլորտը: Դեռեւս 2002թ. մի անգամ Ա. Բիշարյանի դեմ փորձել է գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազությունը: Նրանով այն ժամանակ զբաղվում էր պետական շահերի պաշտպանության դատախազ Ալիկ Սիրունյանը: Սակայն այդ գործը անհասկանալի պատճառներով փակվեց: Նույն 2002թ. մարդասիրական ճանապարհով ներմուծված դեղերից ՀՀ ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը հատկացրել է Հրազդանի թիվ 2 պոլիկլինիկային: Սակայն այդ հիմնարկը հատկացումից ամիսներ առաջ օպտիմալացվել էր: Լուծարված պոլիկլինիկային Բիշարյանի ստորագրությամբ հատկացվել է 26 մլն դրամի դեղորայք: Թե դրանք որ դեղատներում են իրացվել, առայժմ չենք կարողացել պարզել: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել