«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՁԳՈՒՄ Է ԱՂԵՂԸ Երեկ ՀԺԿ գրասենյակում կայացավ «Արդարություն» դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը, որը տեւեց 2 ժամից ավելի: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ նիստում մանրամասն քննարկվել են Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած շտաբի ներկայացրած առաջարկությունները եւ գործողությունների ծրագրերի տարբերակները իշխանափոխության իրականացման մշակված սցենարների ու ժամկետի վերաբերյալ: «Դաշինքի անդամներն այս հարցերում չունեին որեւէ տարակարծություն»,- ընդգծեց Ռուզան Խաչատրյանը: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ գաղտնիք չէ, թե իշխանափոխության իրականացման առնվազն ժամկետների հարցերում դաշինքում կան տարբեր մոտեցումներ՝ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Այժմ էլ չի որոշվել ստույգ ժամկետը: Նշվել է, թե տրամաբանական է մարտի վերջ-ապրիլի կես ժամկետը»: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին է լրանում ՍԴ որոշման տարեդարձը, որում առաջարկ կար մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ: Նիստի ընթացքում ժամկետների շուրջ յուրօրինակ համեմատություն է արել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, թե նետաձիգը եթե մի քիչ է ձգել աղեղը, ապա հարվածը թույլ է լինում, եւ նետը տեղ չի հասնում, իսկ եթե շատ է ձգում, ապա լարը կարող է կտրվել: Ըստ այդմ՝ ոչ կարելի է ուշացնել, ոչ էլ արագացնել իշխանափոխության գործընթացը: Ռուզան Խաչատրյանը նաեւ հաղորդեց, թե դաշինքը շարունակելու է իր հանդիպումները Հայաստանի մարզերում եւ Երեւանում. «Մասնավորապես՝ Հրազդանում հանրահավաք կլինի մարտի 19-ին, իսկ 20-ին՝ Դավիթաշենում: Այս եւ մնացած հանդիպումների ընթացքում նաեւ պարզ կլինի, թե ինչ ինտենսիվությամբ են զարգանում գործողությունները եւ որ ժամկետն է առավել ընդունելի ու տրամաբանական»: Ըստ ՀԺԿ լրատվության պատասխանատուի, «Արդարությունը» նաեւ խորհրդատվություններ է անցկացնում «Ազգային Միաբանության» հետ՝ համախմբված գործելու նպատակով: Վերջնական համաձայնեցումներից հետո հանրությունը կտեղակացվի առավել որոշակի ժամկետների մասին: Ա. Ի.