Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջնագիր՝ Աբաշիձեին

Մարտ 16,2004 00:00

Վերջնագիր՝ Աբաշիձեին Չի բացառվում, որ արդեն առաջիկա ժամերին Աջարիայում համընդհանուր զորահավաք կհայտարարվի: Ինքնավարության ներքգործնախարար Ջեմալ Գոգիթիձեն տեղի բնակչությանը կոչ է արել մոբիլիզացնել բոլոր ուժերն ու ընդդիմանալ Թբիլիսիի ճնշումներին: Ներկայումս Բաթումի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին զենք է բաժանվում, ինչը չի ժխտել հենց նախագահ Ասլան Աբաշիձեն: Վրացական լրատվամիջոցների պնդմամբ, Բաթումի փողոցներում ծանր զրահատեխնիկա է հայտնվել: Իրավիճակը ծայրաստիճան լարված է եւ պատրաստ՝ ցանկացած պահի պայթելու: Վերջնականապես դեն նետելով քաղաքական կոռեկտության նմանակման եւ դիվանագիտական խուսանավումների՝ մինչ այժմ իրեն բնորոշ հնարքները, Աբաշիձեն այլեւս բացեիբաց հայտարարել է, որ վրացական հատուկ ջոկատայինների հարձակումը կանխելու հարցում ինքն ակնկալում է ինքնավարության տարածքում տեղակայված ռուսական զինկոնտինգենտի աջակցությունը, «սակայն ռուսական ստորաբաժանումներին, բնականաբար, համապատասխան կարգադրություն կարող է անել միայն Մոսկվան»: Ասենք, Մոսկվան կարգադրություններ է իջեցնում ոչ միայն ռուս զինծառայողներին, այլեւ հենց նույն՝ Վրաստանի անկախ հանրապետության բաղկացուցիչներից մեկի ղեկավար Ասլան Աբաշիձեին, որն իր ավատատիրական իշխանությունը երկարաձգելու, իսկ գուցեեւ՝ սեփական կաշին փրկելու համար, փաստորեն, մտադիր է արյունահեղ մարտերի հորձանուտ նետել «իր կողմից այդքան սիրված» աջար ժողովրդին, եւ այն էլ՝ Մոսկվայի գրեթե բացահայտ հրահրմամբ: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, թե բավականաչափ ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ Թբիլիսին մտադիր է ուժի դիմել: Հետաքրքիր է, որ դեպքերի հետագա սրման եւ հավանական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը Յակովենկոն բարդել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների վրա, որոնք վերջնագիր են ներկայացրել Աբաշիձեին: Յակովենկոյի համար, թերեւս, օրինաչափ է, որ Փոթիից դեպի Աջարիա ուղեւորված Վրաստանի նախագահին տեղի զինված կազմավորումները թույլ չեն տվել մուտք գործել ինքնավարության տարածք: Մի բան, որն իհարկե, Աբաշիձեն կտրականապես ժխտում է: Ներկա պահին Աբաշիձեն զբաղված է հարցը «միջազգայնացնելով»: «Նովոստի» ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջինս մտադիր է իր ձայնը հասցնել համաշխարհային կազմակերպություններին՝ ներառյալ Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարությունները՝ «հնարավոր ծանր հետեւանքները կանխելու նպատակով»: Աբաշիձեն հիշեցրել է, որ հավաստի տվյալներով, երեկվանից սկսած Վրաստանի տարբեր շրջաններից մտադիր է Աջարիա շարժվել շուրջ հարյուր հազար մարդ: «Ռուսաստանը եւ հարեւան պետությունները պարտավոր են կանխել Աջարիայում բռնությունը»,- ասել է հնարավոր բռնությունների գլխավոր մեղավորը: Ի դեպ, Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ հարաբերությունների աննախադեպ սրումը որոշ անհանգստություններ է առաջ բերել նաեւ Աջարիայի սահմաններից դուրս ապրող աջարների շրջանում: Մի շարք լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Եթե Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում այդ անհանգստությունը այնքան էլ արտահայտված չէ, ապա, ըստ Ծալկայի շրջանից պատգամավոր ընտրված Հայկ Մելտոնյանի, այս շրջանում խնդիրը բավականին լուրջ է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել