Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՇԱՐԺՎԵՑ ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ

Մարտ 16,2004 00:00

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՇԱՐԺՎԵՑ ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ ՕԵԿ-ը տակտիկական հաղթանակ տարավ Խորհրդարանը 89 կողմ, մեկ դեմ եւ առանց ձեռնպահի որոշում ընդունեց «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններ ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը (որը ԱԺ-ն լսել էր անցած եռօրյայի ընթացքում) ընդունել ի գիտություն, հանձնաժողովի աշխատանքները գնահատել դրական, ավարտված եւ ԱԺ խումբ-խմբակցություններին հանձնարարել երկու ամսվա ընթացքում մշակել համապատասխան օրենքի նախագիծ։ Երեկվա որոշման մեջ հետաքրքիր կետ կա՝ օրենքը պետք է ընդունվի մինչեւ նոյեմբեր։ Դատելով վերոհիշյալ որոշման ստացած «կողմ» ձայների թվից, կարելի է փաստել, որ այս պահին ՕԵԿ-ն հաղթողի վիճակում է։ Համենայնդեպս՝ այս պահին։ Հանրապետականը, ըստ ամենայնի, դիրքերն այդքան շուտ չի հանձնի եւ որոշակի փուլում կպնդի ավանդների վերադարձման առաջարկվող չափերի, ձեւերի ու ժամկետների անիրատեսությունը։ ՀՅԴ-ի կարգավիճակը ավանդների վերադարձման հարցում ավելի պասիվ-սպասողական է։ Տպավորություն կա, որ Դաշնակցությունը սա իր կռիվը չի համարում եւ սպասում է։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին «Առավոտը» հենց այդ մասին էլ հարցրեց. «Եթե գումարը պիտի վերադարձվի, դա որեւէ մեկի մենաշնորհը չի, դա բյուջետային քաղաքականություն է, եւ հատկացումները բյուջեից պետք է լինեն։ Իսկ ավանդների վերադարձման հիմնախնդիրը ԱՊՀ բոլոր երկրներում առկա հիմնախնդիր է եւ տարբեր երկրներ այդ հարցը տարբեր ձեւերով փորձում են լուծել։ Մենք իսկապես այս հարցում երկու ծայրահեղությանն էլ դեմ ենք՝ ե՛ւ բացարձակ մերժման քաղաքականությանը, ե՛ւ ամպագոռգոռ, մեծ, լուսավոր խոստումներին։ Որովհետեւ մարդկանց մի զգալի մասը նյութական դժվարություններից ելնելով համաձայնում է ցանկացած լուծման։ Բայց մի խոշոր հատվածի համար էլ սա ապագայի հույսն է։ Հետեւաբար, շատ կարեւոր է, նաեւ արհեստավարժ ձեւով նախանշել մեխանիզմը։ Պետք է իմանանք, թե բնակչության քանի տոկոսն ունի 1000 կամ ավելի գումար։ Մեկ այլ կարեւոր դրույթ եւս՝ մենք ուզում ենք, որ դա լինի պարտադիր-կամավորության սկզբունքով։ Այսինքն, եթե քաղաքացին ուզում է պահպանել իր գրքույկը հետագայի համար, պետությունը ինչ-որ ձեւով այդ հնարավորությունը նրան տա»։ Լեւոն Մկրտչյանը հարկ համարեց հիշեցնել, որ ավանդների վերադարձման հարցը տեղ էր գտել նաեւ Դաշնակցության նախընտրական ծրագրում. «Բայց մենք գտնում ենք, որ պետք է բավականին լուրջ նախապատրաստական աշխատանք տարվի, որպեսզի նախ հասկանանք այս պահին պետության ունեցած հնարավորությունները, եւ հետո՝ ժողովրդի տրամադրությունները կոնկրետ տոկոսադրույքի մասով»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի գնահատմամբ, եթե կա խնդիր, այդ խնդիրը չի կարելի ծածկել, փակել եւ ձեւ անել, թե այն գոյություն չունի. «պրոբլեմը պետք է լուծում ստանա։ Լուծման ձեւերից մեկը, թերեւս, սա է, ինչ առաջարկում է հանձնաժողովը։ Տվյալ դեպքում շատ է, թե քիչ, ուրիշ հարց է, սակայն եթե համեմատում ենք այլ երկրների հետ, ենթադրվում է, որ այդ թվերը մոտ են այլ երկրների, ասենք՝ Ռուսաստանի եւ մյուսների թվերին։ Ունե՞նք ավելի շատ անելու հնարավորություն, կարծում եմ՝ հնարավորությունները բավականին սուղ են։ Եթե ՀՆԱ-ի կտրվածքով նայում ենք արտաքին պարտքը եւ դրան ավելացնում ենք տվյալ դեպքում ներքին պարտքը, ապա այս առումով, իրոք, պետությունը պրոբլեմներ ունի»։ Ըստ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի. «այսօր արդեն երեւում էր, որ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորները օրինագծի ստեղծմանն ուղղված աշխատանքներ կիրականացնեն։ Եթե հիշում եք, հանձնաժողովը կազմավորելիս ընդդիմությունը նույնպես օրինագիծ էր ներկայացրել եւ հրապարակավ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանձնաժողովի աշխատանքից հետո ընդդիմությունը նույնպես նախագիծ կներկայացնի։ Այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերը հակված են, որպեսզի լուծվի ավանդների խնդիրը»։ Կառավարությունն առայժմ որեւէ խոսք չի ասում։ Ակնհայտ է, որ ավանդների վերադարձման մեխանիզմներին վերաբերող օրինագծի հեղինակը կարող է լինել ցանկացած պատգամավոր, սակայն ոչ մի դեպքում՝ կառավարությունը։ Գործադիր մարմինը առայժմ կսպասի եւ հարցի կոնկրետանալու դեպքում, կոնկրետ օրինագծի հետ կապված կասի իր խոսքը։ Իսկ երկու ամիս հետո, թերեւս, շատ ջրեր կհոսեն, մինչեւ նոյեմբեր՝ ավելի շատ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել