Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական քաղաքականությունը զրո է

Մարտ 16,2004 00:00

Պնդում են մարզաբնակ երիտասարդները

Մարտի 12-14-ը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն, որի նպատակը մարզային երիտասարդական կազմակերպությունների ակտիվության բարձրացումն էր: Միջոցառմանը մասնակցում էին «բազեներ», մարզային երիտասարդական ՀԿ-ների եւ մարզպետարանների մշակույթի եւ կրթության բաժինների աշխատակիցներ:

«Ակտիվացնող» սեմինարին ներկա մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը թվարկեց մարզային երիտասարդության հիմնախնդիրները: Իսկ գործադիրի օրենսդիր ամուսինը՝ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) նախագահ Վազգեն Խաչիկյանն էլ խոստովանեց, որ «այդ մասով շատ թերացել ենք պետական երիտասարդական քաղաքականության տեսակետից»: Օրինակ, չնայած վարչապետի 1997թ. դեկտեմբերի 8-ի թիվ 598 որոշմանը, բացի Լոռու ու Արմավիրի մարզպետարաններից, մյուսները չունեն երիտասարդության հարցերով մասնագետի հաստիք:

Ամերիկացիներից «թխած» ոչ ֆորմալ կրթության մեթոդների շրջանակներում սեմինարի մասնակիցները հասցրին միմյանց հետ ծանոթանալ խաղային տարբերակով, օրինակ՝ 1 րոպեում միմյանց մասին փորձեցին առավելագույն ինֆորմացիա քաղել, համատեղ դոփեցին, ծափահարեցին: Նման եղանակով ծանոթությունը իսկապես անպտուղ չէր. պարզեցինք, որ մարզպետարանների ներկայացուցիչները հիմնականում մշակույթի նախարարի կուսակիցներն են կամ՝ վարչապետի:

Երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ բուռն քննարկումներ չեղան: Մարզային ՀԿ-ները, երիտասարդներին չաջակցելու համար, մի քիչ մեղադրեցին մարզպետարաններին, վերջիններիս ներկայացուցիչներն էլ սեփական անզորությունը շեշտելու համար վկայակոչեցին իրենց սուղ միջոցները: «Առավոտի» հարցին՝ ինչպես է գնահատում Շիրակի մարզում երիտասարդական քաղաքականության վիճակը, Գյումրիի ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Երիտասարդական քաղաքականություն կոչվածը մեր մարզում զրո է: Ավելին, մեզ մոտ հակաերիտասարդական քաղաքականություն է իրականացվում, երիտասարդները լքում են մարզը, որովհետեւ սոցիալական վիճակը ծանր է, գործազուրկ են, չունեն ազատ ժամանցի ու ինքնադրսեւորման հնարավորություն: Մեր մարզում պաշտոնյաները ակտիվ երիտասարդների մեջ տեսնում են իրենց աթոռի պոտենցիալ հավակնորդների»: Նրա դիտարկմամբ, Համահայկական երիտասարդական հիմնադրամից (այս տարի 150 մլն դրամ է) մարզային երիտասարդությանը ոչինչ չի հասնում, իսկ ՀԵԱԽ-ը իր համար «արժեք չունի, որովհետեւ մարզաբնակ երիտասարդը չգիտի նրա մասին»:

Վայոց ձորի ուսանողական ՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Գասպարյանը մեծ ակնկալիքներ ուներ սեմինարից, գտնում էր, որ մարզաբնակ երիտասարդների միմյանց հետ նմանօրինակ շփումները օգտակար են գոնե փորձի փոխանակման առումով:

Արագածոտնի մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակից Պարգեւ Համբարձումյանին հատկապես մտահոգում էր քննարկումների ժամանակ երիտասարդների ժամանցի կազմակերպման վրա շեշտը դնելը:

«Փոխանակ զբաղվածության խնդիրը լուծելու, ազատ ժամանց եք կազմակերպում չաշխատող երիտասարդի համար»,- դժգոհեց նա:

Սեմինարի վերջում ընթերցվեց մշակույթի նախարար Թամար Պողոսյանի բոցաշունչ ուղերձը երիտասարդներին եւ ընդունվեց բանաձեւ պետական երիտասարդական քաղաքականությունը մարզերում ավելի ակտիվացնելու վերաբերյալ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել