Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ԱՍՎԵԼ ԵՎ ԻՆՉՈՒ

Մարտ 16,2004 00:00

ԱԺ
պատգամավոր, գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանն անդրադառնում է ՀՅԴ 29-րդ
Ընդհանուր ժողովին։
Հիմա, երբ փոքր-ինչ մարել են ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի շուրջ բորբոքված կրքերը եւ ավելի հազվադեպ են հնչում ժողովի բացման խոսքի եւ ժողովի հայտարարության մեկնաբանությունները, ժամանակն է վերլուծելու կատարվածը, պարզելու՝ ժողովն ի՞նքն էր կրքահարույց, թե՞ մեր հասարակական մթնոլորտն է դարձել գերզգայուն, դյուրաբորբոք, հիվանդագին։ Հարցիս պարզաբանումն անհրաժեշտ է ոչ միայն եւ ոչ այնքան ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի բացման խոսքը եւ հայտարարությունը ճիշտ ընթերցելու համար, որքան ճիշտ ընկալելու, առհասարակ, բոլոր այն երեւույթներն ու իրադարձությունները, որ կատարվել են երեկ, կատարվում են այսօր եւ պիտի կատարվեն վաղը, եկող օրերին։ Պետք է պարզել՝ մեր հասարակության մեջ երեւույթներն ու իրադարձություննե՞րն են մանր ու մեծ կրքեր առաջացնում, թե՞ նախապես լիցքավորված հասարակական մթնոլորտն է սպասում երեւույթին, իրադարձությանը, երբեմն էլ, նյութականացնելով կիրքը՝ ծնում անկանխատեսելի եւ օրապակաս նոր երեւույթ ու իրադարձություն։ Ագռավի կռռո՞ցն է դժբախտություն բերում, թե՞ դժբախտության սպասումն է մարգարե ագռավի կերպարանք առնում։ Տեսեք, թե մեր երկրի սակավաթիվ ծառերին որքան մարգարեներ են թառել… Կռռում են, կռռում…

Եվ այսպես, ի՞նչ է ասվել ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի բացման խոսքում եւ, որ անկարեւոր չէ, ինչպե՞ս է ասվել այդ խոսքը։

Իրեն հարգող ամեն կուսակցություն մի քանի տարին մեկ (ՀՅԴ-ի դեպքում՝ չորս տարին մեկ) հրավիրում է Ընդհանուր ժողով (համագումար), լսելու, քննարկելու, գնահատելու իր ղեկավար մարմնի հաշվետվությունը, որ նույնն է, թե ողջ կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվությունը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Բյուրոյի ծավալուն հաշվետվության սեղմ տարբերակն էր՝ հաշվետվություններին բնորոշ խոստովանանքի ժանրով։

Անկախ նրանից, թե այսօր ուր եւ ինչի ես հասել, հաշվետվության, խոստովանանքի ժանրը պարտադրում է անդրադառնալ անցած ճանապարհի բոլոր հանգրվաններին, վերհիշել անցած տարիների ոչ միայն դեպքերն ու իրադարձությունները, այլեւ դրանց նկատմամբ օրվա, պահի եւ ոչ թե սոսկ այսօրվա վերաբերմունքը։ Այլ կերպ՝ կազմված զեկույցը կկորցնի ժամանակագրական իր բնույթը, պատմականությունը, հավաստիությունը, անկեղծությունը եւ կվերածվի չոր ու ցամաք տեղեկանքի։

«Երբ փոքր ես,- ասում է Հրանտ Մարգարյանն իր խոսքում,- եւ քո կեցվածքները ծառայում են միայն քո կայանալուն եւ դեպքերի ընթացքի վրա էական ազդեցություն չունեն, երբ քո քաղաքականություն կոչվածը լոկ անձնական կարիերայի ապահովման միջոց է, երբ ատելությունը բռնում է աչքերդ եւ ազգային-քաղաքական հարցերում ի վիճակի չես հեռուն տեսնել, կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ։ Բայց մեր տեսակը, Դաշնակցության տեսակը մեզ թույլ չի տալիս նման շռայլություն»։

Հաշվետվությունն, այո, ունենում է նաեւ այսօրվա բարձրությունից (կամ՝ հեռավորությունից) կայացրած ամփոփիչ ընդհանրացում, եզրակացություն, բայց չորս տարիների ընթացքում կայացել են նաեւ հանգրվանային ընդհանրացումներ, եզրակացություններ, որ պիտի ասվեն, հիշեցվեն՝ ցուցադրելու գործունեության ընթացքը, «որտեղից՝ ուր հասնելու» իրողությունը եւ ոչ թե այն հակասությունը, որ հնարավոր է նշմարել հանգրվանայինի եւ ամփոփիչի միջեւ։ Եվ անվերջ կսխալվի նա, ով հանգրվանային ընդհանրացումը, եզրակացությունը կընկալի այսօրվա իրողության դիրքերից։ Այդկերպ վարվողները ոչ միայն մեր նորօրյա, այլեւ դարավոր պատմության շերտերն են քրքրում, կազմում սխալների, վրիպակների վիթխարի մի ցուցակ, ինչից գարշահոտում է քայքայիչ նիհիլիզմը, ցինիզմը՝ թե ձեռքբերումների եւ թե կորուստների նկատմամբ։

Եթե այսօր կոալիցիա է կազմվել երեք կուսակցությունների միջեւ եւ նրանք միասին պատասխանատվություն են վերցրել այս երկրի կառավարման եւ դաշնագրում ամրագրված խնդիրների իրականացման համար, ապա դա չի նշանակում, թե գոնե հաշվետվության սահմաններում պիտի մոռացության տրվեն բոլոր այն հակասությունները, անհամաձայնություններն ու դժգոհությունները, որ եղել են մինչեւ կոալիցիա կազմելը։

«Հոկտեմբերի 27-ից հետո մենք վերահաստատել էինք մեր զորակցությունը երկրի նախագահին։ Ծանր օրեր էին եւ մենք կրկնակի էինք կարեւորում մեր կեցվածքը, թեեւ բոլոր հարցերում չէ, որ համակարծիք ենք եղել նախագահի հետ։ Նախագահի գործնապաշտությունը, արդար լինելու համար՝ նաեւ Ազգային ժողովի այդօրվա պատկերը, նախագահի աչքին օրըստօրե մեծացրին եւ հանիրավի կարեւորեցին օլիգարխների ապաքաղաքական եւ տնտեսական տարրերի դերակատարությունը երկրում։ Նախագահը մասամբ՝ պարտադրված փաստերով, մասամբ՝ անհրաժեշտ վճռականություն չցուցաբերելով, հանդուրժեց երկրում կոռուպցիայի, անարդարության՝ արդեն վաղուց մեկնարկած հաղթարշավը։ Իմիջիայլոց, պետք է նշենք, որ այս եւ հետագա բոլոր գնահատականները օրը օրին փոխանցել ենք ուր որ հարկն է»։

Չասվի՞ այս մասին։ Չասվի՞, որ երկրին ու ժողովրդին ամենից շատ անհրաժեշտ էր արդար ու համոզիչ հաղթանակով ընտրված նախագահ ու Ազգային ժողով։ «Հավատացած էինք, որ մեր պաշտպանած թեկնածուն այդ հաղթանակը ապահովելու բոլոր տվյալներն ունի։ Համոզիչ ընտրություններով ընտրված նախագահը պետք է ձերբազատված լիներ պարտադրված գործընկերներից, պետք է ունենար անկաշկանդ գործելու ազատություն»։ Ինչը, ցավոք, տեղի չունեցավ։ «Առջեւում Ազգային ժողովի ընտրություններն էին, եւ ոմանց համար վատ նախադեպ կարող էին դառնալ կեղծիքներից զերծ նախագահական ընտրությունները,- ճշգրիտ եզրակացության է հանգում Հրանտ Մարգարյանը եւ անցնում Ազգային ժողովի ընտրությունների վերլուծությանը։- Մենք վարեցինք աշխատատար, դասական ընտրապայքար։ Եվ ըստ հայտարարված արդյունքների, մենք պահպանեցինք մեր նախկին դիրքերը։ Վրդովմունքը մեծ էր։ Ոչ թե հաղթանակ չունենալու պատճառով. առնվազն մենք լավ գիտենք, որ ընտրապայքարների համար ստեղծված կուսակցություն չենք, ինչ-որ ժամանակավոր ընտրակուսակցություն չենք, մենք երկար շնչի կուսակցություն ենք եւ չէինք կարող եւ չենք կարող պահի հաջողության համար վտանգել մեր ապագան։ Եվ ոչ միայն ապագան։ Մեր վրդովմունքը մեծ էր ի տես լկտի ամենաթողության, որ չհարգվեցին, նույնիսկ, փողոցի կանոնները, ճամբարակիցները նույնպես մեջքից դաշունահարվեցին»։

Չասվի՞ այս մասին, չասվի՞, որ մենք ազգովին կորցրինք երկիրը բնական զարգացման ուղի գցելու եւս մի բացառիկ հնարավորություն եւ մինչ օրս էլ ու դեռ երկար ժամանակ բարոյական ու նյութական ահռելի միջոցներ ենք վատնելու՝ շեղումը շտկելու համար։ Չասվի՞, որ այդ ամենի մեղավորը նաեւ քաղաքական կուսակցություններն են, ներառյալ եւ ՀՅԴ-ն, որն իր անկարողությամբ չկարողացավ ընդդիմանալ համատարած խախտումներին։

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել