Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌՆ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌԱՊԱՀՆԵՐԸ

Մարտ 16,2004 00:00

Անտառային հողերը վարձակալությամբ չեն տրվում՝ օրենքի այդ նորմը հայտնի չէ՞ ՀՀ պետական մարմիններին

«Երեւանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1990-2003 թվականներին քաղաքացիների հետ կնքել է Երեւանի անտառպետության տարածքները վարձակալությամբ տրամադրելու 235 պայմանագիր, որոնցով վարձակալներին հատկացվել են 53,8 հա անտառային հողեր՝ կանաչապատման եւ հանգստի գոտի օգտագործելու նպատակով։ Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքով անտառային հողերը վարձակալությամբ տրամադրելը նախատեսված չէ։ Օրենսգրքի 16-22 հոդվածներով սահմանված է դրանք տրամադրել միայն անտառօգտագործման նպատակով։ Բացի այդ, «Հայանտառը» վարձակալության պայմանագրեր կնքելու կանոնադրական իրավունք չունի։ Երեւան քաղաքի դատախազությունն ու «Երեւանի անտառտնտեսություն» ԴՓԲԸ աշխատողների համատեղ ուսումնասիրությունները պարզել են, որ վարձակալված հողամասերից 24-ում են կատարվել ծառատնկումներ, 52-ը միայն ցանկապատվել են, իսկ 59-ում կառուցվել են արտադրական, առեւտրի եւ հասարակական սննդի օբյեկտներ, բենզալցակայաններ, բնակելի եւ այլ շինություններ։ Ավելին, շատերը պայմանագրով ձեռք բերածը «կուսական» վիճակում թողնելով, ապօրինի շինարարություն են սկսել մեկ այլ անտառային տարածքում։ Մեզ տրամադրված նյութերից ներկայացնենք մեկ օրինակ. քաղաքացի Վարդան Սարիբեկյանը 1997-ին Նոր Նորքի անտառային հողերից վարձակալությամբ ձեռք է բերել 500 քմ, սակայն որեւէ աշխատանք դրա վրա չի կատարել։ Փոխարենը պարսպապատել ու ապօրինի շինություն է կառուցել անտառային այլ տարածքի 1000 քմ-ի վրա։ «Երեւանի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ն ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել նշված իրավախախտումը վերացնելու համար, այլեւ նույն քաղաքացու հետ 2003-ին կնքել է վարձակալության նոր պայմանագիր, որով նրան Էրեբունու անտառային հողերից հատկացրել է 1000 քմ հողամաս։ Վ. Սարիբեկյանը չի հապաղել նոր հողը պարսպապատել եւ կառուցել հերթական ապօրինի շինությունը։

«Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իր դուստր ընկերություններով հանդերձ միակ պետական կառույցը չէ, որ գործել է օրինախախտումներով։ Ապօրինի տրված 235 վարձակալական պայմանագրերից 139-ը 2000- 03թթ. ընթացքում վավերացրել են նոտարական գրասենյակները։ Իսկ Անշարժ գույքի կադաստրի տվյալների համաձայն, Երեւանի անտառային տարածքներում հողի վարձակալության ու սեփականության իրավունքների պետական գրանցում են ստացել 5 տնտեսվարող սուբյեկտ եւ 65 քաղաքացի։ «Էրեբունի», «Մարաշ» եւ «Նոր Նորք» կադաստրային ստորաբաժանումների միջոցով տրվել է անշարժ գույքի 13 սեփականության եւ 57 վարձակալության վկայական։ Կադաստրի աշխատակիցները հիմք են ընդունել «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ կնքված վարձակալական պայմանագրերը, դատարանների վճիռները, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետի որոշումները։ Անտառային հողեր համարվող «Նորքի այգիներ» տարածքից 2002 թվականին Երեւանի քաղաքապետարանն աճուրդով վաճառել է 12 հողամաս՝ շուրջ 1,5 հա ընդհանուր մակերեսով։ Ընդ որում, հողամասերից 7-ը կամ 1 հեկտարը վաճառվել է մեկ քաղաքացու՝ Պ. Խաչատրյանին։ Ինչպես եւ խոստացել ենք, Նորքի անտառներում սկսված նորակառույցների սեփականատերերին «Առավոտը» կանդրադառնա առաջիկայում։

Այսպիսով, անտառային հողերի վարձակալության եւ վաճառքի գործընթացում «Հայանտառ» ՊՓԲ եւ «Երեւանի անտառտնտեսություն» ԴՓԲ ընկերությունները, Երեւանի քաղաքապետարանը, նոտարական գրասենյակները, դատարանները եւ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումներն անտեսել են անտառային հողերի հատուկ կարգավիճակը եւ դրանից բխող ՀՀ անտառային եւ հողային օրենսգրքերի պահանջները։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել