Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը՝ նոր պատերազմի շեմին

Մարտ 16,2004 00:00

Չոլոկի կամրջի մոտ արդեն սկսել են կրակել

Երեկ Թբիլիսիի լրագրողների հետ զրույցում Բաթումի գործընկերներն ու հասարակ մարդիկ հաստատեցին, որ Ասլան Աբաշիձեի կողմնակիցները բնակչությանը զենք ու զինամթերք են բաժանում: Նրանք մեզ հեռախոսով պատմում էին, որ զենք բաժանելուց հետո Աբաշիձեի կողմնակիցները մեքենաներով շրջում են Բաթումի փողոցներով եւ մարդկանց կոչ անում՝ պաշտպանել իրենց տարածաշրջանը: Սակայն փողոցները երեկ մինչեւ երեկո դատարկ էին, մարդիկ վախենում էին դուրս գալ փողոց, քանի որ համոզված էին, որ պատերազմ է լինելու: Բաթումին հոսանքազրկված է, փակ է կենտրոնական շուկան, չեն աշխատում խանութները, փակ են մուտքի բոլոր՝ ցամաքային, օդային եւ ծովային ճանապարհները: Բնականաբար, քաղաքը նաեւ տեղեկատվական շրջափակման մեջ է:

Թբիլիսիում երեկ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր մնացել, որն իրավասու լիներ պատասխանելու լրագրողների հարցերին: Նախագահ Սահակաշվիլին իր բոլոր մերձավորներով հանդերձ Փոթիում էր, որտեղ եւ անցկացվել է Վրաստանի կառավարության երեկվա նիստը: Նիստի ժամանակ ստեղծվել է ճգնաժամային կենտրոն, որը ղեկավարում է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Երեկ ուշ երեկոյան Մ.Սահակաշվիլին վերադարձել է Թբիլիսի, քանի որ Աբաշիձեն հայտարարել է, որ նրա հետ խոսելու ոչինչ չունի: Փոթիում են մնացել Զ.Ժվանիան եւ ուժային նախարարները: Հույս կա, որ գիշերը Ժվանիան եւ Աբաշիձեն կարող են համաձայնության գալ:

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, որ Չոլոկի կամուրջն ականապատված է եւ, իբր, Վրաստանի ներքին զորքերի վրա աջարական կողմից կրակոցներ են հնչել, իսկ ինքը հրամայել է չպատասխանել դրանց: Աբաշիձեի, նրա ընտանիքի եւ մտերիմների բանկային հաշիվները, ըստ որոշ աղբյուրների, սառեցվել են եւ իշխանությունները կոչ են արել այլ երկրների բանկերին եւս նույն կերպ վարվել:

Երեկ Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողները մայրաքաղաքում Աջարիայի ներկայացուցչության առաջ ցույց էին կազմակերպել եւ պահանջել Աբաշիձեին քրեական պատասխանատվության ենթարկել: Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Օքրուաշվիլին արդեն հայտարարել է, որ Աջարիայի կառավարական շրջանակներից 50 հոգու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Ըստ որոշ աղբյուրների, Վրաստանի ԿԸՀ-ում գրանցված ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը, մասնավորապես՝ «Ազգային ժողովրդավարական կուսակցություն եւ պահպանողականներ», նաեւ «Նոր իրավունք եւ արդյունաբերողները», իրենց համերաշխությունն են հայտնել Մ.Սահակաշվիլուն՝ Աբաշիձեին անվանելով «ֆեոդալ» եւ գտնելով, որ չի կարելի չենթարկվել կենտրոնական իշխանություններին:

Հիշեցնենք, որ Աջարիայի Սահմանադրությունը ինքնավարությանը լիակատար ինքնուրույնություն է ընձեռում: Բացի դրանից, մինչեւ «վարդերի հեղափոխությունը» Աջարիայի խորհրդարանը օրենք էր ընդունել, համաձայն որի, Վրաստանի եւ Աջարիայի Սահմանադրությունների միջեւ առկա հակասության դեպքում գերակայություն ունի Աջարիայի Սահմանադրությունը:

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել