Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՌԱՍԻ՞ՍՏ ԵՔ

Մարտ 16,2004 00:00

ԱԺ
արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանն անդրադառնում է «հայերի եւ ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության»
վերաբերյալ իր հայտարարությանը եւ դրան հետեւած արձագանքներին:
Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը տարածել էին հայտարարություն, ուր «մտահոգիչ» էին անվանել իշխող կոալիցիան ներկայացնող գործիչների «անպատասխանատու» եւ «անընդունելի» որոշ հայտարարություններ: Որպես այդպիսին՝ մատնանշված էր մասնավորապես սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ Արմեն Ռուստամյանի պնդումը, որն, ըստ հայտարարության հեղինակների՝ կարող է «ստեղծել նոր խոչընդոտներ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցերում»: Նաեւ նշել էին. «Ադրբեջանում հակահայկական տրամադրության բորբոքումն ու դրա հետեւանքները պետք է խստագույնս դատապարտվեն, բայց դա ոչ մի դեպքում չպետք է դառնա մեր հասարակությանը խորթ ռասայական եւ շովինիստական գաղափարների տարածման արդարացում»:

Ասել, թե Արմեն Ռուստամյանին զայրացրել էր «քաղաքական զսպվածություն» դրսեւորելու այս կոչը՝ նշանակում է չասել գրեթե ոչինչ: «Շատ մտահոգիչ է, որ այդպիսի հայտարարություններ են անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները այն պահին, երբ լրիվ այլ բնույթի հայտարարություններն էին տեղին: Երեւի եթե ես այդպիսի ելույթով հանդես չգայի՝ նրանք չէին էլ գլխի ընկի, որ անհրաժեշտ է դատապարտել Գուրգեն Մարգարյանի կացնահարումը: Համատեղելի է, հա՞, Գուրգենը Ռամիլի հետ. համատեղելի չի եղել, որ կացնահարվել է: Դեռ շատ մեղմ եմ գնահատել,- ասաց նա:- Իսկ այս հայտարարության ժամանակավրեպությունը եւ տեքստի շեշտադրումները ցույց են տալիս, որ հեղինակները գործել են ինչ-որ մեկի հրահանգով կամ դրդմամբ: Այստեղի ծնունդ չի այդ միտքն ու գաղափարը՝ սա ներմուծված հայտարարություն է: Շատ ուժեր կան, որոնք ունեն որդեգրած մոդել, որով ենթադրում են լուծել Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է հայտարարության բնույթին՝ նրանք կա՛մ չեն ընկալում իրավիճակը, կա՛մ դիտմամբ նորից բթացնում են մեր զգոնությունը: Մի լավ երգ ունենք՝ «Հիմի է՞լ լռենք, եղբարք». նրանք առաջարկում են հիմի էլ լռել, քողարկել իրականությունը կամ, ըստ էության՝ արդարացնել Ադրբեջանում տիրող այն մթնոլորտը, որը վկայում է, որ ադրբեջանական ամբողջ հասարակությունը հերոսացնում եւ արդարացնում է Ռամիլ Սաֆարովի կատարածը»: Առարկեցինք, թե 4-ի հայտարարությամբ դատապարտվում է նաեւ այդ մթնոլորտը, սակայն Արմեն Ռուստամյանն ասաց. «Փորձ է արվում զուգահեռ տանել ու հավասարության նշան դնել իմ ելույթի եւ Ադրբեջանում իրականացվող այդ «հերոսացման» գործընթացի միջեւ: Բայց երեւի ամբողջությամբ չեն էլ լսել իմ ելույթը կամ չեն ըմբռնել դրա տրամաբանությունը, քանի որ հիմնական միտքն այն էր, թե չի փոխվում մեր հարեւանը ու նույնն է նաեւ վտանգի ծավալը: Ուստի ես սթափության կոչ էի անում հասարակությանը, որ պարզ գիտակցեն՝ թեեւ փոխվել են աշխարհն ու մենք, բայց մեր հարեւանը չի փոխվում, նույնն է: Այս առումով՝ այն հայտարարությունը, որ արեցի՝ որեւէ առնչություն չի կարող ունենալ ռասիզմի կամ շովինիզմի հետ: Ես ասում եմ, որ հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են. բնության մեջ շատ կան անհամատեղելի բաներ, բայց դա չի նշանակում, որ ես գերակայության խնդիր եմ արծարծել, թե այս ռասան ավելի լավն է, մյուսն ավելի վատ, որ ռասիզմի բնորոշ գիծն է: Կան կենսաբանական անտիպոդներ, որոնք իրար պարզապես չեն բռնում. օրինակ՝ երկրորդ կարգի արյունը չի կարելի ներարկել առաջին կարգի արյանը: Բայց դա չի նշանակում, թե մեկն ավելի լավն է, քան մյուսը»:

Հայերն ու ադրբեջանցիներն այնուամենայնիվ հարեւաններ են, եւ շարունակելու են ապրել իրար կողքի. եթե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նրանց համարում է անհամատեղելի, անտիպոդներ՝ ի՞նչ է առաջարկում, որ մեզնից մեկնումեկն ազգովի քոչի՞ այս տարածքից: «Ո՛չ,- ասաց պրն Ռուստամյանը:- Ելույթիս երկրորդ մասն այն էր, որ այսօրվա Ադրբեջանն իր մոտեցումներով անհամատեղելի է նաեւ միջազգային արժեքներին ու չափանիշներին: Դրանք պահանջում են փոխվել, որ հասարակությունը համապատասխանի այդ պահանջներին: Եվ սա չի նշանակում, թե այլեւս անհնար է, որ նրանք փոխվեն, վերջացավ՝ նրանք դատապարտված են: Այս պահին վիճակն այսպիսին է, բայց հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա ու կընկալի, թե ռազմատենչ հայտարարությունները, տարածվող գաղափարախոսությունն անհամատեղելի են միջազգային արժեքային համակարգին: Այլապես կլսեինք գոնե մեկ կազմակերպության հայտարարություն, թե իրենք դատապարտում են Ռամիլ Սաֆարովին»:

Մեր զրուցակիցը նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է, եւ հայտարարությունն անելուց հետո մասնակցել է ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի նիստին: Իսկ մեր երկիրն այս կառույցի առջեւ պարտավորություն ունի, թե նպաստելու է Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը: Մեր հարցին՝ արդյոք եվրոպացիները չե՞ն անդրադարձել հակամարտությունն առավել խորացնող այս հայտարություններին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բացարձակապես որեւէ անդրադարձ չի եղել: Հենց դա է խնդիրը՝ չգիտես ինչու, այստեղից են ավելի շատ հակազդում, փոխանակ այդպիսի հարց արծարծեին ադրբեջանցիները: Այդ դեպքում գոնե հույս կունենայի, որ իրենք փոխվելու ճանապարհին են, եթե, օրինակ, նման հայտարարություն լիներ, թե մենք անհամատեղելի չենք, անլուծելի չդարձնենք իրավիճակը: Եթե Ադրբեջանից հնչի դա՝ դրական կհամարեմ: Պիտի սկսել անհամատեղելի վիճակը համատեղելի դարձնելու գործընթացը, բայց դրա համար նախ պետք է իրականությունը ներկայացնել եւ ոչ թե փորձել չտեսնելու տալ: Ջայլամի քաղաքականությո՞ւն վարենք եւ ուրիշներին էլ համոզենք, թե պարզապես Ռուստամյանն ու նրա նմաններն են այսպես մտածում, իսկ հակադրությունն իրականում այդ բնույթի եւ որակի չի»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել