ԱՊԱԳԱՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է Երեկ կայացավ ՀՖՖ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության եւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների (պատվիրակների) համատեղ համաժողով: ՀՖՖ 2003 թվականի գործունեության հաշվետվությամբ ելույթ ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց անցած մրցաշրջանի ձեռքբերումները, ընդգծեց մարզական լուրջ անհաջողությունները, որոնց համար ֆեդերացիան լուրջ հետեւություններ է անելու: ՀՖՖ նախագահը իր ծրագրային գործունեության հիմք նշեց հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի էլ ավելի ամրապնդումն ու հետագա զարգացումը՝ այդ նպատակի համար ջանք ու եռանդ չխնայելու պայմանով: Դա ոչ միայն Հայաստանի ֆուտբոլային ապագայի առաջնային հեռանկարն է, այլեւ ՈՒԵՖԱ-ի պահանջը: Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը պատվիրակների քվեարկությամբ գնահատվեց դրական: Այնուհետեւ, ՀՖՖ ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Հաշվետու տարում ֆեդերացիայի՝ այս ոլորտում կատարած աշխատանքներին նույնպես քվեարկությամբ միաձայն տրվեց դրական գնահատական: Պատվիրակները հաստատեցին նաեւ «Հեթտրիկ» եւ «Գոլ-2» ծրագրերի շրջանակներում ՀՖՖ-ի երկարաժամկետ ծրագիրը, վերակազմակերպեցին Միությունը, հաստատեցին «փոխանցման ակտերը», համապատասխան փոփոխություններ կատարեցին Միության կանոնադրությունում, ՀՖՖ կազմ ընդունեցին նոր անդամների, ինչպես թելադրում են նոր իրավական պայմանները: ՀՖ ֆեդերացիայի կոնֆերանսի մասին մանրամասները՝ հաջորդ համարում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ