Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնորեն փակված աչքերով»

Մարտ 13,2004 00:00

«Լայնորեն փակված աչքերով» Զգուշացեք, ձեր ուղեղները կարող են ենթարկվել նախկին կարատեիստի հրամաններին Եթե տառապում եք միգրենով, ռադիկուլիտով, իշյազով, թութքով, մազաթափությամբ, ունեք դիմային ներվի բորբոքում, զոբ, խոց, երիկամներում՝ քար ու ավազ, ապա դիմեք Ռաֆայել Սարգսյանին: Նա կթելադրի ձեր ուղեղին՝ «բուժվել», ու ձեր հիվանդությունները «100%-ով կբուժվեն»: Ռաֆայել Սարգսյանը ապրիլի 16-ից սկսած «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում կտա միաժամանակյա բուժման սեանս: Սակայն մինչ այդ հարկ է իմանալ, որ պարոն Սարգսյանի հրամաններին չեն ենթարկվում քաղցկեղով, դիաբետով, ոսկրափուտով, մանկական պարալիչով տառապող մարդկանց ուղեղները: Այնպես որ, զուր փող չծախսեք ու չգնաք անտեղի տեղը Ռ.Սարգսյանի «էներգիան» խլելու: Մանավանդ որ, տոմսի արժեքի մասին տեղեկություն ստանալու մեր համառ խնդրանքներին ի պատասխան պարոն Սարգսյանի կողմնակիցները մեզ «մանր-մունր հարցերի մեջ խորանալու» մեղադրանք ներկայացրին: Պրն Սարգսյանն առաջարկեց լրագրողներին՝ ցուցադրել իր «հրաշքներից»: Լրագրողներից մեկն օգտվեց առիթից եւ առաջարկեց բուժել իր գլխացավը: Պարոն Սարգսյանը, մանրամասն տեղեկանալուց հետո, թե ինչպիսի ցավեր են անհանգստացնում փորձարկվողին, պատրաստակամորեն անցավ գործի. «Փակիր աչքերդ»: Աղջիկը փակեց աչքերը, «բժիշկը»՝ նույնպես: Տաս վայրկյան հետո նրանք բացեցին աչքերը: Պարզվեց, որ Սարգսյանի հրամաններին լրագրողուհու ուղեղը չի ենթարկվել, ավելին՝ ճակատացավին գումարվել է ծոծրակի շրջանում առաջացած ցավը: Կրկին փորձեցին: Նորից՝ ապարդյուն: Այս անգամ «բժիշկը» անցավ իսկական ֆիզիկական ազդեցության: Բռնեց ցավացող գլուխը, փակեց իր եւ դիմացինի աչքերը: Հրամայեց՝ «բուժվիր»: Չօգնեց: «Նման բան չի եղել իմ պրակտիկայում»,- ընդվզեց բժշկողը: «Բայց ես հավատացնում եմ՝ ցավը չի անցել»,- դիմադրեց անհնազանդ ուղեղով լրագրողուհին: Ռաֆայել Սարգսյանի կողմնակիցները անմիջապես գտան պատճառը. «Դուք անբուժելի հիվանդ եք»: Այս ամենը տեսնելուց հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ պարոն Սարգսյանն ասել էր, թե յուրաքանչյուր հիվանդություն տարբեր ժամանակում եւ տարբեր ներգործմամբ է բուժում, հետաքրքվեցինք՝ «այդ դեպքում, ինչպե՞ս եք անցկացնելու միաժամանակյա սեանս, եթե չգիտեք, թե նստածներից ո՞ր մեկն ի՞նչ հիվանդություն ունի»: Պատասխանը շատ ռոմանտիկ էր. «Էներգիան վերեւից իջնում է ամպերի նման, եւ հիվանդների ամեն խումբը ստանում է իր բաժին էներգիան, ու բուժվում»: Բուժման մեթոդը երկու նախադասությամբ բացատրեց այսպես. «Մտքի էներգիան ուղղում եմ հիվանդ տեղն ու ակտիվացնում: Հրամայում եմ, որ բուժվի»: Ի դեպ, Ռաֆայել Սարգսյանը ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, արեւելյան մարտաձեւերով է զբաղվել: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել