Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ՏԱՊԱԼՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 13,2004 00:00

ՀՅԴ-Ի ՏԱՊԱԼՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ Կամ ինչպես խրտնեցնել դատարաններից Արաբկիրի ջրի աղտոտումից տուժած եւ ՀՅԴ նախաձեռնությամբ դատարան դիմած բնակիչների հայցերի հիման վրա արդեն մի շարք դատական վճիռներ են արձակվել: Միեւնույն հանգամանքների վերաբերյալ տարբեր վճիռները հետաքրքիր հակասություններ ու տարբերություններ են պարունակում: Նախ, ինչպես արդեն «Առավոտը» գրել է, գումարի փոխհատուցման վերաբերյալ զավեշտական վճիռներ կան: Օրինակ, Բավական Աբրահամյանի օգտին՝ 344 դրամ 49 լումա, Հովհաննես Ավետիսյանի օգտին՝ 1896 դրամ 87 լումա, Սիրուշ Մանուկյանի օգտին՝ 1321 դրամ 27 լումա եւ այլն: Եվ սա այն դեպքում, որ այս նույն մարդկանցից դատարանը որոշել է որպես պետական տուրք բռնագանձել 1500-ական դրամ: Փաստորեն, որոշ դեպքերում տուժած քաղաքացին պետք է վճարի մի երեք անգամ ավելի շատ, քան ստանալու է որպես փոխհատուցում: Այս եւ մի քանի այլ քաղաքացիների հայցը քննել եւ վճիռ է կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Հ. Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ այս նույն դատավորը եւ այլ դատավորներ (այդ թվում՝ Պ. Օհանյան, Ս. Արամյան) ուրիշ դեպքերում գումարի փոխհատուցման միանգամայն այլ չափ են սահմանել: Մինչդեռ վճիռներում նշվում է, որ հաշվարկի հիմքը նույնն է: Բացի այդ, հանգամանքները խիստ ընդհանուր են բոլոր տուժածների համար. ընկերության մատակարարած անորակ եւ ստանդարտներին չհամապատասխանող ջրի պատճառով «այդ օրերին գտնվել են լարված վիճակում, խանութից օրական գնել են 10 շիշ խմելու ջուր, ջուրը եռացնելու համար օգտագործել են գազ (ոմանք էլ՝ էլեկտրական հոսանք), քաղաքի տարբեր վայրերից չաղտոտված ջուր տուն տանելու համար կատարվել են տրանսպորտային ծախսեր» եւ այլն: Բնակիչների հաշվարկը, սակայն, էականորեն տարբերվում է թե «Ջրմուղ-կոյուղու», թե դատարանի «գիտականորեն հիմնավորված (մեջբերումը վճռից է- Ա. Ու.)» հաշվարկներից. «քանի որ ի հաստատումն հայցվորի հաշվարկի, չներկայացվեցին պատշաճ ապացույցներ»: Հետաքրքիր տրամաբանություն է. այսինքն, բնակիչները գնած ջրի դիմաց կտրոնի համար խանութպաններիների հետ կռիվ չեն տվել, իրենք իրենց, կամ իրենց ծանոթներն էլ մեքենայով ջուր տեղափոխելու համար հաստատված նմուշի կտրոն չունեն, վկաներ չունեն: Արտասահմաններում նման իրավիճակները ցնցող PR են ապահովում նախաձեռնողների համար, Էրին Բրոկովիչի (Ջուլիա Ռոբերտսի հերոսուհու) հաջողություններ են արձանագրում: Հայաստանում նախաձեռնությունը տապալվեց: Բնակիչները դատարան դիմելով ակնկալել են ստանալ մինչեւ 65500 դրամ փոխհատուցում: Մինչդեռ, դիմողներից շատերն ավելի տուժեցին: Ինչում ՀՅԴ-ի մեղքը փոքր չէ: Կուսակցությունը ճշգրիտ չէր հաշվարկել բոլոր հանգամանքներն ու քայլերը: Նրա իրավաբաններն անգամ տեղյակ էլ չեն եղել, որ Հայաստանի օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ չի գործում: Հայցերից մեկով 200 հազար ԱՄՆ դոլարի պահանջ է ներկայացվել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Համեմատության համար նշենք, որ նմանատիպ մի ակցիայով էլ մինչ այս հանդես էր եկել «Հայաստանյան PR ասոցիացիան» «Ընդդեմ Թելեպլասի» գործով, որը, ի տարբերություն ՀՅԴ-ի, հաջողությամբ է առաջ գնում եւ առայժմ հաղթել է նաեւ վերաքննիչ դատարանում: Չնայած ՀՅԴ փաստաբաններն էլ են հայտարարել, որ պատրաստ են մինչեւ Եվրոպական դատարան գնալ: Իսկ ՀՅԴ-ի ստեղծած այս նախադեպը, հնարավոր է, տարբեր մարմինների անփութությունից տուժած քաղաքացիներին երկար ժամանակ հետ պահի դատարանների օգնությանը միասնական դիմելու մտադրությունից: Այս ամենի վերաբերյալ ՀՅԴ-ից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց՝ «Առավոտից» անկախ պատճառներով: Մեկնաբանությունները, սակայն, պատրաստ ենք տպագրել. սոցիալիստական գաղափարախոսություն որդեգրած կուսակցությունը միգուցե պատրաստ է բնակիչների դատարան դիմելու պատճառով տուժած գումարները փոխհատուցել կուսակցական ֆոնդի՞ց: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել