Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՋԱՐԴԸ

Մարտ 13,2004 00:00

ՍԿՍՎԵՑ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՋԱՐԴԸ «Արդարություն» դաշինքի երեկվա հանդիպումը Թալինի տարածաշրջանի բնակիչների հետ, մասնակիցների վկայությամբ, հիշեցնում էին անցած տարվա նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Մինչ Թալին քաղաք հասնելը դաշինքի անդամների ճանապարհը մի քանի անգամ կտրեցին ավտոմայրուղի դուրս եկած գյուղացիները եւ դհոլ-զուռնայով դիմավորեցին հյուրերին։ Բազմաբերդ եւ Եղնիկ գյուղերում մորթվեցին առաջին գառնուկները։ «Արդարություն» դաշինքի համակարգող շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «Այնպիսի տպավորություն էր, որ Թալինում իշխանափոխությունն արդեն իրականացել է, քանի որ մարդիկ հանդիպման էին եկել առանց վախենալու։ Հանդիպումը բազմամարդ էր եւ այնքան մեծ էր ոգեւորվածությունը, որ ակնհայտ էր՝ այս վարչախմբի հեռացումը դարձել է անխուսափելի։ Հանդիպման եկած կանանցից մեկը մոտեցավ ինձ, համբուրեց թուշս եւ ասաց. «Եթե չհեռացնեք Քոչարյանին, պատասխանատվությունը ձեզ վրա է»։ Թալինում հանդիպման եկած բազմությունը բավականին ակտիվ էր եւ վճռական եւ միայն մեկ պահանջ ուներ՝ վարչախմբի հեռացումը։ Մարդիկ իշխանափոխության մասին ցանկացած արտահայտություն դիմավորում էին ողջույնի ծափահարություններով։ Ելույթ ունեցան նաեւ թալինցիներ, որոնք պահանջում էին ասել Քոչարյանին հեռացնելու կոնկրետ օրն ու ժամը։ Իսկ մի ուսուցչուհի իր ելույթում ասաց, որ եթե պետք լինի, ինքը պատրաստ է սպանվել, միայն թե այս իշխանությունները հեռանան։ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ի պատասխան այդ կարգի ելույթների ասաց, որ «մեզ համար թանկ է յուրաքանչյուր մարդու կյանքը եւ ամեն ինչ պետք է լինի խաղաղ ճանապարհով եւ առանց զոհերի»։ Վիկտոր Դալլաքյանը շեշտեց, որ ժողովրդին ասվել է նաեւ հետեւյալը. «շրջապատելու ենք նախագահական նստավայրը եւ ժողովրդին ոտքի ենք հանելու, մարզերով շրջելու ենք, ժողովրդին ոտքի ենք հանելու, կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ ղարաբաղյան կլանը հեռանա»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել