Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Մարտ 13,2004 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Յուրաքանչյուր ընդդիմություն պիտի մեկ անգամ դառնա իշխանություն եւ՝ հակառակը: Եվ այդ դեպքում ավելի խորությամբ կգիտակցի այս պատվիրանի ճշմարտացիությունը՝ պետք չէ ուրիշին անել այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն: Դաշնակցական գործիչները հաճախ հորդորում են, թե երբ երկիրն արտաքին մարտահրավերների առջեւ է՝ պետք է մի կողմ դրվեն ներքին բոլոր տարաձայնությունները կամ՝ որ անգամ քննադատելիս պիտի պահպանվեն պատշաճության սահմանները ու աշխատեն չարժեզրկել երկրի կարեւորագույն պետական ինստիտուտների հեղինակությունը: Ընդ որում՝ նրանք կտրականապես ժխտում են, թե ընդդիմություն եղած ժամանակ վարվել են ճիշտ նույն կերպ՝ ինչ ներկա ընդդիմադիրները, եւ օգտագործել են անգամ նույն որակումները: Այս համոզմունքը վիճարկում են նախկին իշխանության ներկայացուցիչները: Նախկինում Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները զբաղեցրած Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ «ՀՅԴ-ն իշխանավորներին վերաբերվում էր ոչ իբրեւ քաղաքական հակառակորդների, այլ՝ թշնամիների: Կարող եմ ասել, որ ներկայիս ընդդիմությունը նույնիսկ ավելի կոռեկտ է իրեն պահում իշխանության հանդեպ, քան իրենք՝ 1992-94-ին: Խորհուրդ կտայի՝ դաշնակցականները վերընթերցեն իրենց մամուլը, որ վերհիշեն, թե ինչ էին ասում այն ժամանակվա իշխանավորների հասցեին, երբ շատ օբյեկտիվ պատճառներով՝ հասարակարգի ու տնտեսակարգի փոփոխություն, երկաթգծի, գազամուղի ու էլեկտրագծերի անընդհատ պայթեցումներ, շրջափակման ու պատերազմի հետեւանքներ, կային տնտեսական լուրջ խնդիրներ»: Որոշ պնդումներ կարելի է վերհիշել՝ այդ տարիների ընդդիմադիր մամուլն, ասենք, պնդում էր, թե նախկին իշխանավորներն իրենք են կազմակերպում այդ պայթեցումները՝ մոմի եւ նավթի վաճառքը խթանելու համար, թերթերից մեկն անգամ ծաղրանկար էր տպագրել՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին՝ պայթեցման սարքը ձեռքին: «Բոլորին պարզ էր, թե Ղարաբաղի պատերազմն ինչ ձեւով ու միջոցներով էր իրականացվում,- ասաց Վահագն Խաչատրյանը:- Բայց այդ պայմաններում պատերազմող իշխանությունն այնպիսի՜ մի կատաղի քննադատության էր արժանանում ներսում, որ երեւի զինվորների համար ավելի հեշտ էր, քանզի գիտեին, թե ում դեմ էին կռվում: Իսկ իշխանությունը շատ դեպքերում նույնիսկ չէր էլ կողմնորոշվում, թե ինչ աներ՝ հացի՞ հարցը լուծեր, զինամթերքի՞, թե՞ փորձեր հակադարձել ընդդիմության հանրահավաքներում սերմանվող անհանդուրժողականությանը»: Սակայն դաշնակցականներն արդարացիորեն նկատում են, թե իրենք ոչ միայն հանրահավաքներում քննադատում էին, այլ նաեւ մասնակցում պատերազմին: «Կներեք, բայց պատերազմին մասնակցել են անխտիր բոլորը՝ կուսակցական, թե անկուսակցական,- ասաց Վահագն Խաչատրյանը:- Վերջիվերջո՝ այդ պայքարը կազմակերպողը պետությունն էր: Եվ շատ տհաճ է, որ պատմական որեւէ փուլում մեր հաջողությունները դաշնակցականներն անպայման փորձում են վերագրել միայն իրենց կուսակցությանը՝ Սարդարապատի պատերազմից մինչեւ Արցախ»: Կարելի է ասել, որ այժմ վերադառնում է բումերանգը եւ եթե նախկին ընդդիմությունը նախկին նախագահին էր մեղադրում սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ հիմա նույնն անում է եւ ներկա ընդդիմությունը: Նման մեղադրանքները կդադարե՞ն երբեւէ հարցին մեր զրուցակիցը նախընտրեց այսպես պատասխանել. «Ես չեմ ասում, թե իշխանությունը պիտի դուրս լինի քննադատությունից՝ անգամ պատերազմի օրերին: Կողմնակից եմ, որ իշխանությունը միշտ էլ քննադատվի, եւ թող ամեն մեկը որոշի արտահայտություններում կոռեկտության սեփական սահմանները: Ի վերջո, եթե ՊՆ նախարարին ուսանողներն այժմ այդպես են գնահատում, ուրեմն՝ նա երեւի թե արժանի է դրան: Եվ դա բանակի հանդեպ վերաբերմունք չէ, այլ հենց այդ անձնավորության»: Այնուամենայնիվ՝ նախորդ տարիներին առավել սուր որակումների հեղինակներն այսօր ոչ թե իշխանության, այլ էլի ընդդիմության մեջ են: Ասենք՝ Արշակ Սադոյանին են պատկանում հեղինակային իրավունքներն այնպիսի կոչերի, թե պետք է վերեւից թքել այս կամ այն իշխանավորի ճակատին, նրանք օտարից էլ վատ են, ծծել են ժողովրդի արյունը, մազութ են լափել եւ այլն: «Մի մասն իշխանության մեջ է, մի մասն էլ՝ ընդդիմության,- մեր նկատառմանը չհամաձայնեց պրն Խաչատրյանը:- Եվ նրանք բոլորն էլ շարունակում են քննադատել նախկին իշխանությանը: Սակայն կարող եմ հասկանալ ու ընդունել Սադոյանի կեցվածքը, որ միշտ դժգոհ է իշխանությունից՝ սկզբունքներ ու գաղափարներ ունի, որոնց իրականացումը չի տեսել ո՛չ մինչեւ 1998-ը, ո՛չ այժմ: Բայց շատ ուրիշներ, որ մինչեւ 1998-ը պայքարում էին ինչ-որ գաղափարների համար ու հետո եկան իշխանության՝ ի՞նչ արեցին դրանք իրականացնելու համար: Պարզվեց, որ նրանց գաղափարախոսությունն ընդամենը պաշտոնն ու աթոռն էին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել