Երեկ կայացավ ՀՖՖ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության եւ «Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների (պատվիրակների) համատեղ համաժողով:
ՀՖՖ 2003 թվականի գործունեության հաշվետվությամբ ելույթ ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց անցած մրցաշրջանի ձեռքբերումները, ընդգծեց մարզական լուրջ անհաջողությունները, որոնց համար ֆեդերացիան լուրջ հետեւություններ է անելու:
ՀՖՖ նախագահը իր ծրագրային գործունեության հիմք նշեց հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի էլ ավելի ամրապնդումն ու հետագա զարգացումը՝ այդ նպատակի համար ջանք ու եռանդ չխնայելու պայմանով: Դա ոչ միայն Հայաստանի ֆուտբոլային ապագայի առաջնային հեռանկարն է, այլեւ ՈՒԵՖԱ-ի պահանջը:
Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը պատվիրակների քվեարկությամբ գնահատվեց դրական: Այնուհետեւ, ՀՖՖ ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Հաշվետու տարում ֆեդերացիայի՝ այս ոլորտում կատարած աշխատանքներին նույնպես քվեարկությամբ միաձայն տրվեց դրական գնահատական:
Պատվիրակները հաստատեցին նաեւ «Հեթտրիկ» եւ «Գոլ-2» ծրագրերի շրջանակներում ՀՖՖ-ի երկարաժամկետ ծրագիրը, վերակազմակերպեցին Միությունը, հաստատեցին «փոխանցման ակտերը», համապատասխան փոփոխություններ կատարեցին Միության կանոնադրությունում, ՀՖՖ կազմ ընդունեցին նոր անդամների, ինչպես թելադրում են նոր իրավական պայմանները:
ՀՖ ֆեդերացիայի կոնֆերանսի մասին մանրամասները՝ հաջորդ համարում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ