Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմպլեքսավորված եւ հմայիչ

Մարտ 13,2004 00:00

Այսպիսին
են հայուհիները՝ ըստ գեղեցկության մրցույթի կազմակերպիչների
Ապրիլի կեսերին Հայաստանում կանցկացվի «Միսս գարուն» խորագրով գեղեցկության մրցույթ, որի կազմակերպիչը «Ռոլ Ռեյ» պրոդյուսերական կենտրոնն է: Տարվա մյուս եղանակներին էլ կկազմակերպվեն «Միսս ամառ», «Միսս աշուն» եւ «Միսս ձմեռ» մրցույթները: Ամենավերջում կընտրվեն 3 լավագույնները, որոնք առանձնահատուկ պարգեւներ կստանան ճոխ գալահամերգի ժամանակ: Նրանց լուսանկարները կտեղադրվեն «Ռոլ Ռեյ» կենտրոնի ինտերնետային էջում եւ աշխատանքներ կտարվեն հայուհիների մասնակցությունը արտերկրի մրցույթներում ապահովելու համար: «Միսս գարուն» մրցույթի գլխավոր հովանավորն է «Կոտայք» գարեջրի գործարանը:

Ինչպես տեղեկացրեց «Ռոլ Ռեյի» տնօրեն Ռոլանդ Ռեյը, արդեն մասնակցության հայտ են ներկայացրել 60-ից ավելի երեխա եւ աղջիկ: Ի դեպ, գեղեցկության մրցույթն անց է կացվելու 3 տարիքային խմբերում: Կմրցեն 3-7, 14-17 եւ 18-24 տարեկան աղջիկներ:

Արդեն սկսվել են մասնակիցների հետ տարվող աշխատանքները. ճանաչված մասնագետները ոչ միայն կսովորեցնեն նրանց գեղեցիկ քայլել, այլեւ կաշխատեն աղջիկների իմիջի վրա: Վերոնշյալ պարապմունքների համար յուրաքանչյուր մասնակից կվճարի սիմվոլիկ՝ ընդամենը 5000 դրամ: Հիշեցնենք, որ աղջիկները ներկայանալու են ազատ ոճի հագուստով, լողազգեստով եւ երեկոյան զգեստով:

Որքան էլ զարմանալի է, մարմնի՝ 90-60-90 ընդունված համամասնությունը պարտադիր չէ եւ ավելի շատ կարեւորվելու է կանացի հմայքն ու գրավչությունը: Ռոլանդ Ռեյից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է իրենց մրցույթը տարբերվելու նմանօրինակ այլ միջոցառումներից: «Մենք կաշառք չենք վերցնում գեղեցկուհիների ընտրության ժամանակ եւ ազնիվ ենք աշխատում»,- պատասխանեց նա՝ չթաքցնելով, որ նախորդ «Միսս ամառի» ժամանակ իրենց ոմանք գումար են առաջարկել:

Ռ. Ռեյը տեղեկացրեց, որ մրցույթի ժյուրիի կազմում կլինեն ոչ միայն արվեստագետներ, մոդելավորողներ, ճանաչված վարսահարդարներ, այլեւ մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ ունեն գեղեցկության հետ: Անուններ առայժմ Ռ. Ռեյը չտվեց՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «Մեր քաղաքը փոքր է, եւ բոլորն իրար բարեկամ են: Անգամ մասնակիցները գնահատման պահին են տեսնում ժյուրիի անդամներին: Մեր պրակտիկայում գրանցվել է այնպիսի դեպք, երբ ժյուրիի 3 անդամներ մրցույթի նախօրեին փոխվել են»: «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ՝ հովանավորների կողմից լինու՞մ են ոտնձգություններ գեղեցկուհիների նկատմամբ: «Բացառվում է: Եթե ինչ-ինչ առաջարկություններ մեզ, այնուամենայնիվ, արվում են, հրաժարվում ենք նման հովանավորների աջակցությունից»,- ասաց կազմակերպիչը:

Ռ. Ռեյի դիտարկմամբ, հայ աղջիկները բազմաթիվ բարդույթներ ունեն. «Մրցույթից օրեր առաջ մեկ էլ որոշում են չմասնակցել՝ «պապաս չի թողնում», «ընկերս գլուխս կկոտրի» եւ այլ պատճառաբանություններով: Հրաժարվում են նաեւ լողազգեստով պոդիում բարձրանալ»:

Չնայած այս ամենին, Ռ. Ռեյի համոզմամբ հայուհիներն ամենահմայիչն են աշխարհում եւ արժանի են ավելի մեծ ուշադրության:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել