Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂՈՑՈՒՄ ԸՆԿԱԾ Է

Մարտ 13,2004 00:00

Մնում է այն վերցնել

Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած «մարդիկ, մարդիկ լինեին», եվրոպական չափանիշներով մի էնպիսի 1789 կամ 17 թիվ սարքեինք, որ հավեսի համար, հարեւանների ինադու իրենց անվան մեջ «յեղափոխություն» բառը պահած կուսակցությունները ամոթից շառագունեին, ինչպես Ստամբուլ գեղեցիկ քաղաքը հերթական բանակումից, մոսկովյան էմիսարների հայ իշխանավոր գործակալների վարքից Կարմիր հրապարակի անթաղ առաջնորդը դագաղում նախանձից շուռ գար, վարդերի, կակաչների, ամեն տեսակ ջանգյուլումների սիրահարները մոռանային Ազատության հրապարակ կամ Մատենադարան բերող ճանապարհը։ Բայց, ինչ արած, ոչ ազգային-ազատագրականը մնաց նախորդ դարերում, ոչ կարգին կոմունիզմ տեսանք եւ սեփական պետության համի չեկած, արդեն զզվում ենք դրանից։ Որովհետեւ անհնար է պետություն կառուցել՝ հակադրելով կառուցելու մեթոդն ու դրան հասնելու իդեալները։ Մեթոդի եւ իդեալների հակադրությունը բարձրացնում է կայսրություններ եւ թղթե տնակի պես փուլ բերում կայսրություններ, ինչպես ֆաշիզմը՝ Գերմանիայում, բոլշեւիզմը՝ Ռուսաստանում, հիմա էլ լիբերալիզմը բոլոր այն տեղերում, որտեղով երբեւէ անցել է ժամանակին Եվրոպայում շրջող ուրվականը, որ արդի լեզվով թարգմանվում է բոմժ։

Սակայն պարզվում է, որ Հայաստանում բոլոր խնդիրները լուծված են, մնում է լիդերության եւ երրորդ ուժի խնդիրը։ Սկզբում ինձ թվում էր, թե կատակ են անում։ Հետո գլխի ընկա, որ բավականաչափ լուրջ են։ Իսկ երբ մի բան լուրջ է, ուրեմն «մուտիլովկան» գալիս է իշխանություններից։ Կարծես էս իշխանություններին լուրջ ընդդիմություն էր պետք, էլ չեմ ասում՝ լիդեր։ Կարծես էս իշխանությունները իրենց զույգ նախագահով, վարչապետով, փոխխոսնակներով, կոալիցիայով, պաշտպանության նախարարով լիդերների արհմիութենական դարբնոց են՝ մանավանդ Քոչարյանը։ Որեւէ մեկը հարցրե՞լ է ինքն իրեն, թե Քոչարյանի ռեժիմի դեմ պայքարում էդ ինչ լիդեր է պետք։ Հարցը նույնիսկ քարեդարյա մտածողությունը չէ, այլ ուղղակի հաշտվածությունը քարանձավում ապրելու մտքի հետ։ Թե՞ սրանք իսկապես կարողացան ազգի մենթալիտետը փոխել։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ լիդեր դառնում է նա, ով հաղթում է օրինական ընտրություններում։

Էնքան լիդեր ման եկան, որ վաղը, եթե Ռուսաստանը իր թեկնածուին տա՝ էն էլ մոսկովյան ցանկացած խաչմերուկում ձեռք բերված քաղաքագիտության դոկտորի դիպլոմով, չկարողանան «չէ» ասել։ ԱՄՆ-ն ասի՝ լիդեր չունե՞ք, գտնեմ։ Թուրքիան իր անշառ ծառայությունը մատուցի մի թուրքատյաց-հակաթուրանականով՝ Զորի Բալայանի պես մի բան առաջարկի։ Էնքան փնտրեն, որ տեղից վերկենողը ասի՝ լիդեր չկա՞- ես ձեզ լիդեր։ Հիմա դրան նույնիսկ Կարապետիչն է հավատում։ Կարծես Քոչարյանի պես նախագահ ունենալուց հետո, էս ազգին դեռ լիդեր է պետք։ Կամ նրա պես լիդեր ունենալով՝ այլընտրանք է մնում։ Կարծես էս ազգի մեջ էլ ծնոտ ծռող չկա, «լիժա» քշողները պրծան, կոմերիտ ծնողների ֆաբրիկայի արգանդը չորացավ, ԱԺ մտնելու քֆուր կերած վիժվածքները վերացան։ Սրանց համար Երկնային Երուսաղեմը նույնքան դատարկ է, ինչքան դասականի փայփայած Հոգեւոր Հայաստանը։ Իրենց սարքած անապատում ապաշխարող չկա։ Սրանց Մհերը դեռ քարանձավում է։ Մինչեւ մասուրը, ցորենը, Գրանդ քենդիի կոնֆետը՝ չգիտեմ ինչ դառնան։ Էնքան լիդեր ուզեցին, որ Հրանտ Վարդանյանի լեզուն էլ բացվեց Արարատի հավերժ ձյունափայլը տեսնող ախորժակով։ Սրանց լիդեր է պետք, որ հայատառ թուրքերենով մտածի, ռուսատառ հայերենով արտահայտվի։ Մինչդեռ իշխանությունը փողոցում ընկած է, մնում է այն վերցնել։ Ամիսը չբոլորած, երկու լիդերները երկու անգամ նույն տեղում պարտվեցին՝ ուսանողության հետ հանդիպմանը։ Ինչ խոսք, իշխանությունը ամեն գնով պահելու ֆանատիզմը հաստատ աղանդավորական զգացում է։ Իսկ ֆանատիզմը վատ խորհրդատու է։ Ինչպե՞ս կարող է կիրքը խորհրդատու լինել։ Կիրքը պատիժ է եւ ոչ թե մեղք։ Ֆանատիկը կարող է իրեն սխալված զգալ՝ դե, ականջները այնպես չի ոլորել, կլիզման ժամանակին չի արել, պարելիս հաշվի չի առել խանգարող, ծանրակշիռ հանգամանքները, բայց մոլորված, առավել եւս՝ մեղավոր երբեք չի զգում։ Պետք չէ նրան տալ այդ հնարավորությունը, երբ իշխանությունը փողոցում ընկած է։

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել