Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածելի «մարդասիրություն»

Մարտ 13,2004 00:00

Առանձնապես խոշոր գումարներ հափշտակողին չեն ուզում «նստացնել»

1993-ի ապրիլի 18-ին «Հայէկոնոմբանկի» Արարատի մարզի կառավարիչ Աշոտ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի արդյունքում Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման եւ 80 հազար դրամի չափով տուգանքի։ Սակայն միաժամանակ դատավճռի կատարումը հետաձգվել էր մինչեւ նրա առողջանալը։ Կառավարիչը մեղադրվում էր այն բանում, որ 436 քաղաքացիների անուններով ձեւակերպել է վարկային կեղծ փաստաթղթեր, դուրս գրելով 588.800 ԱՄՆ դոլարին համարժեք վարկի գումար։ Ըստ գլխավոր դատախազության՝ «Առավոտին» տրամադրած տեղեկանքի, վարկերը տրամադրելու դիմաց վարկառուներից որպես գրավ Ա. Սարգսյանը ընդունել է 120.186 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, ադամանդյա զարդեր եւ «մասնաճյուղում կեղծ գնահատման ակտեր կազմելու միջոցով» զարդերի արժեքը բարձրացվել ու գնահատվել է շուրջ 900.000 ԱՄՆ դոլար։ Ա. Սարգսյանի դիմումի համաձայն, վերանայվել է Արարատի մարզի առաջին ատյանի 1999-ի դատավճիռը՝ այն համապատասխանեցվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նոր քրեական օրենսգրքին։ Դատավոր Ռ. Հովհաննիսյանի դատավճռով նա ազատազրկվել է 4 տարի 6 ամիս եւ կրկին հետաձգվել դատավճռի կատարումը մինչեւ նրա առողջանալը, սակայն 15 օր անց, նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Գ. Բալյանի ձեռամբ առողջական վիճակի պատճառով Ա. Սարգսյանն ազատվել է ընդհանրապես պատժի կրումից։

Այլ դեպքերում նման կասկածելի «մարդասիրություն» չի ցուցաբերվում։ «Առավոտն» ամիսներ առաջ գրեց մի ազատամարտիկի մասին, որին 5000 դրամ պարտքի համար վախեցնում էին ազատազրկմամբ։ Ա. Սարգսյանի դեպքում, երբ խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակության մասին, որը մինչեւ օրս վերականգնված չէ, դատարանների այսօրինակ մոտեցումը անհասկանալի է։ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանն այս կապակցությամբ վճռաբեկ բողոքով դիմում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատին, որպես հակափաստարկ վկայակոչելով նաեւ այն, որ Ա. Սարգսյանի առողջական վիճակը բարվոք է եւ նա աշխատում է կապի եւ տրանսպորտի նախարարությունում։ Պատժից ազատելու վճիռը օրեր առաջ բեկանվել է եւ գործը կրկին ուղարկվել Արարատի մարզի առաջին ատյանի դատարան։ Ա. Սարգսյանի բուժող բժշկի տեղեկանքն է կցվել գործին եւ նշանակվելու է դատաբժշկական նոր փորձաքննություն։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել