Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնորեն փակված աչքերով»

Մարտ 13,2004 00:00

Զգուշացեք,
ձեր ուղեղները կարող են ենթարկվել նախկին կարատեիստի հրամաններին
Եթե տառապում եք միգրենով, ռադիկուլիտով, իշյազով, թութքով, մազաթափությամբ, ունեք դիմային ներվի բորբոքում, զոբ, խոց, երիկամներում՝ քար ու ավազ, ապա դիմեք Ռաֆայել Սարգսյանին: Նա կթելադրի ձեր ուղեղին՝ «բուժվել», ու ձեր հիվանդությունները «100%-ով կբուժվեն»:

Ռաֆայել Սարգսյանը ապրիլի 16-ից սկսած «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում կտա միաժամանակյա բուժման սեանս: Սակայն մինչ այդ հարկ է իմանալ, որ պարոն Սարգսյանի հրամաններին չեն ենթարկվում քաղցկեղով, դիաբետով, ոսկրափուտով, մանկական պարալիչով տառապող մարդկանց ուղեղները: Այնպես որ, զուր փող չծախսեք ու չգնաք անտեղի տեղը Ռ.Սարգսյանի «էներգիան» խլելու: Մանավանդ որ, տոմսի արժեքի մասին տեղեկություն ստանալու մեր համառ խնդրանքներին ի պատասխան պարոն Սարգսյանի կողմնակիցները մեզ «մանր-մունր հարցերի մեջ խորանալու» մեղադրանք ներկայացրին:

Պրն Սարգսյանն առաջարկեց լրագրողներին՝ ցուցադրել իր «հրաշքներից»: Լրագրողներից մեկն օգտվեց առիթից եւ առաջարկեց բուժել իր գլխացավը: Պարոն Սարգսյանը, մանրամասն տեղեկանալուց հետո, թե ինչպիսի ցավեր են անհանգստացնում փորձարկվողին, պատրաստակամորեն անցավ գործի. «Փակիր աչքերդ»: Աղջիկը փակեց աչքերը, «բժիշկը»՝ նույնպես: Տաս վայրկյան հետո նրանք բացեցին աչքերը: Պարզվեց, որ Սարգսյանի հրամաններին լրագրողուհու ուղեղը չի ենթարկվել, ավելին՝ ճակատացավին գումարվել է ծոծրակի շրջանում առաջացած ցավը: Կրկին փորձեցին: Նորից՝ ապարդյուն: Այս անգամ «բժիշկը» անցավ իսկական ֆիզիկական ազդեցության: Բռնեց ցավացող գլուխը, փակեց իր եւ դիմացինի աչքերը: Հրամայեց՝ «բուժվիր»: Չօգնեց: «Նման բան չի եղել իմ պրակտիկայում»,- ընդվզեց բժշկողը: «Բայց ես հավատացնում եմ՝ ցավը չի անցել»,- դիմադրեց անհնազանդ ուղեղով լրագրողուհին: Ռաֆայել Սարգսյանի կողմնակիցները անմիջապես գտան պատճառը. «Դուք անբուժելի հիվանդ եք»:

Այս ամենը տեսնելուց հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ պարոն Սարգսյանն ասել էր, թե յուրաքանչյուր հիվանդություն տարբեր ժամանակում եւ տարբեր ներգործմամբ է բուժում, հետաքրքվեցինք՝ «այդ դեպքում, ինչպե՞ս եք անցկացնելու միաժամանակյա սեանս, եթե չգիտեք, թե նստածներից ո՞ր մեկն ի՞նչ հիվանդություն ունի»: Պատասխանը շատ ռոմանտիկ էր. «Էներգիան վերեւից իջնում է ամպերի նման, եւ հիվանդների ամեն խումբը ստանում է իր բաժին էներգիան, ու բուժվում»: Բուժման մեթոդը երկու նախադասությամբ բացատրեց այսպես. «Մտքի էներգիան ուղղում եմ հիվանդ տեղն ու ակտիվացնում: Հրամայում եմ, որ բուժվի»:

Ի դեպ, Ռաֆայել Սարգսյանը ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, արեւելյան մարտաձեւերով է զբաղվել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել