Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԵԿԵԼ ԷՐ ԱՌԱՆՑ ՎԱՐԴԵՐԻ

Մարտ 13,2004 00:00

Եվ
խոստացավ Հայաստանի համար բարեխոսել Անկարայում
Երեկ սկսվեց եւ այսօր կավարտվի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնական այցը Հայաստան։ Սահակաշվիլին Երեւան էր եկել առանց վարդերի, լայն ժպիտով եւ հենց օդակայանում իր այցը կոչեց «սրտի այց», հայտարարելով, թե ինքը ոչ թե պաշտոնական այցի է եկել, այլ՝ հարեւանի տուն։ Դե, քանի որ հարեւանի տուն էր եկել, ուրեմն պետք է տանտիրոջ կենացը խմեր։ Վրաստանի երբեմնի ընդդիմադիր քաղաքական գործիչը, այսօր արդեն նախագահը, Հայաստանի նախագահին հետեւյալ կերպ բնութագրեց. «Հայաստանի նախագահը դրական տպավորություն թողեց։ Կարծում եմ, նա բավականին եռանդուն, շատ ընդունակ ղեկավար է, խնդիրները տեսնում է բավականին լայնածավալ։ Կարծում եմ, Հայաստանի բախտը բերել է, որ այսպիսի նախագահ ունի, այսպիսի կառավարություն։ Ես իմ նախարարներին ասացի, որ այստեղից շատ բան կարելի է սովորել։ Օրինակ, մեր պաշտպանության նախարարին ասացի, որ ինձ շատ դուր է գալիս այդքան լավ կազմակերպված Հայոց բանակը։ Մենք կուզեինք կիրառել այդ փորձը։ Նույնը վերաբերում է նաեւ ավտոճանապարհային ոստիկանությանը եւ կառավարության գործունեության մյուս ոլորտներին։ Մենք պայմանավորվել ենք միասնաբար պայքարել մաքսանենգության դեմ, միասնական ուժերով կարգուկանոն հաստատել, չթույլատրել ավտոմեքենաների գողություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, վճռել երկաթգծի տարիֆների հարցը»։

Միխայիլ Սահակաշվիլին ասաց նաեւ, որ Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարեւոր գործընկեր է եւ որ իր նախորդի օրոք Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները բավականին վատ էին. «Ես կարծում եմ, որ մեր կորուստներից մեկն այն էր, որ Ռուսաստանի հետ չունեինք նորմալ, բարեկամական հարաբերություններ եւ չենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք Հայաստանը օգտագործում է իր եւ ամբողջ տարածաշրջանի զարգացման համար»։ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների նորմալացման հարցում, ըստ պրն Սահակաշվիլու, կարող է օգտակար լինել Հայաստանը, այնպես, ինչպես Վրաստանը կարող է «խաղաղասիրական դերակատարություն ունենալ ե՛ւ Կովկասում, ե՛ւ բոլոր մյուս հարաբերություններում, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում, որը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է»։

Երկու երկրների նախագահներին, իհարկե, տրվեցին հարցեր, որոնց հնարավորությունը տրվեց, բնականաբար, միայն երկու երկրների ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցներին։ «Ռուսթավի-2» (այժմ՝ պետականամետ) հեռուստաընկերության լրագրողին հետաքրքրում էր Աբխազիայի երկաթգծի վերականգնման հարցը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը համատեղ հանդիպման ժամանակ քննարկվել է. «այդ ճանապարհը հարկավոր է բոլորին, ե՛ւ մեզ, ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Աբխազիային, ե՛ւ Ռուսաստանին։ Պարզապես հարկավոր են ավելի եռանդուն ջանքեր՝ փոխադարձ ընդունելի տարբերակների որոնման ճանապարհին»։ Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին ասաց, թե երկաթգծի հարցը անմիջականորեն կապված է փախստականների հարցի հետ, ամբողջ տարածաշրջանի ընդհանուր տնտեսական վերակառուցման հետ. «մենք աշխատում ենք երկկողմանի հանձնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ, նաեւ Աբխազիայի փաստացի իշխանությունների հետ։ Կարծում ենք, որ Ռուսաստանը այս հարցում կարող է կառուցողական դերակատարություն ունենալ»։ Պրն Սահակաշվիլին ասաց, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո սպասվում է իշխանության փոփոխություն նաեւ Աբխազիայում եւ դրանից հետո հարցն ավելի արագ լուծում կստանա։

Միխայիլ Սահակաշվիլու հաջորդ պաշտոնական այցը կլինի Թուրքիա, եւ «Մեդիամաքսին» հետաքրքրում էր՝ Վրաստանի նախագահը պատրաստվո՞ւմ է այնտեղ քննարկել Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացման հնարավորությունը։ Սա հարց է, որ անմիջականորեն պետք է որ նաեւ Վրաստանին հետաքրքրի։ Միխայիլ Սահակաշվիլին ասաց, որ իրենք կողմ են ամբողջ տարածաշրջանում ճանապարհային հաղորդակցության անընդհատությանը, սակայն հավելեց, որ այդ հարցը միայն Վրաստանը չի կարող լուծել. «այս դեպքում հիմնական է Թուրքիայի կամքը, եւ ամեն ինչ կախված կլինի Թուրքիայի բարի կամքից։ Դա կախված է նաեւ մեր ջանքերից, նաեւ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ջանքերից։ Ինչ վերաբերում է ուրիշ ճանապարհներին, ապա, բնականաբար, մենք շատ կուզեինք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը։ Ընդհանուր առմամբ Անկարա կատարած իմ այցի ընթացքում կշոշափվեն տարածաշրջանային խնդիրներ»։ Ռոբերտ Քոչարյանը հավելեց՝ «սա այն դեպքն է, երբ ճանապարհների բացումը շահեկան է բոլորի համար, փոխվում են ինչ-ինչ ստանդարտներ, ստատուս-քվոն եւ այլն, բայց ընդհանուր առմամբ՝ ձեռնտու է բոլորին։ Եվ մենք շնորհակալ կլինենք վրացական կողմին, եթե իր այցի շրջանակում բարձրացնի այդ հարցերը»։

Վրացական «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին հետաքրքրում էր Ջավախքի հարցը։ Այս հարցին պատասխանելու ընթացքում պարզվեց, որ երկու երկրների նախագահները կողմ են ջավախքահայության ինտեգրմանը Վրաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքին։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սա հիմքն է, որի վրա պետք է կառուցել կոնկրետ գործողությունները՝ այն է Թբիլիսի-Ջավախք ճանապարհի կառուցումը, տնտեսական ծրագրերի իրականացումը. «ընդհանրապես մենք երկուսով կարող ենք բավականին հրաշալի այնտեղ աշխատել»։ Միխայիլ Սահակաշվիլին համաձայնեց, որ Վրաստանում ապրող հայերը իրենց պետք է զգան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ։ Ասվեց նաեւ, որ կայունությունը խախտող ցանկացած գործողություն դատապարտված է. «քանի որ Հայաստանի նախագահը շատ լավ հասկանում է կայունության եւ խաղաղության գինը։ Եվ հետո, դա հղի է այնպիսի ողբերգությամբ, որ մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա նույնիսկ մտածել այդ մասին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել