«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայտարարություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրները, արձանագրելով, որ Հայաստանն անցել է պետականության ստեղծման եւ կայացման, համաշխարհային հանրության հետ ինտեգրվելու կարեւորագույն փուլերը, նպատակ ունենալով նպաստել ազատ, անկախ, ժողովրդավարական եւ բարգավաճ հայրենիքում ապրելու հայ ժողովրդի իղձերի իրագործմանը, հստակ տեսնելով Հայաստանի տնտեսական առավել արդյունավետ եւ արագընթաց զարգացման ուղիներն ու մեխանիզմները ձեւավորվող ժողովրդավարական հասարակության ու Հայաստանի արդի աշխարհաքաղաքական պայմաններում, ազգային գերխնդիր համարելով տնտեսապես հզոր պետության կայացումը՝ հայտարարում են նոր քաղաքական միավորում ստեղծելու մասին: ԾՐԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը /այսուհետ՝ Կուսակցություն/, արձանագրելով, որ Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ անցել է պետականության ստեղծման, կայացման, համաշխարհային հանրության հետ ինտեգրվելու, քաղաքացիական քաղաքակիրթ հասարակության ստեղծման առաջնային փուլերը, հիմք ընդունելով համամարդկային եւ ազգային արժեքները, ժողովրդավարությունը՝ որպես պետության համար այլընտրանք չունեցող կացութաձեւ, միտված է իր գործունեությունը նպատակաուղղել մեր երկրի տնտեսական հզորացմանը: Ազգային գերնպատակ համարելով աշխարհասփյուռ հայության հայրենիքի բարգավաճումը, կուսակցությունը նոր եւ նպատակաուղղված տնտեսական քաղաքականության շնորհիվ ու հստակ մեխանիզմների ներդրմամբ անելու է հնարավորը՝ իրագործելու համար յուրաքանչյուր հայի ամենաբաղձալի իղձերից մեկը. կառուցել բարգավաճ, ժողովրդավարական, ազատական, աշխարհիկ պետություն, ուր յուրաքանչյուր մարդ կարող է պաշտպանված լինել եւ ապրել ազատ ու արժանապատիվ կյանքով: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 1. Զարգացած ազատական տնտեսության նախապայման՝ ժողովրդավարական պետության լիարժեք կայացումը եւ եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման քաղաքականության շարունակականության ապահովումը: 2. Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն ապահովելուն միտված, արդի աշխարհաքաղաքական պայմաններում առավել արդյունավետ տնտեսական ռազմավարության մշակումը եւ գործուն մեխանիզմների կիրառմամբ՝ դրա հետեւողական իրականացումը: 3. Ժողովրդավարական, ազատական, բարգավաճ պետություն կառուցելու համար անհրաժեշտ հանդիսացող՝ համամարդկային եւ ազգային արժեքների վրա խարսխված եւ դրանք քարոզող գաղափարախոսության մշակումն ու սերմանումը նաեւ որպես պետական ու ազգային գաղափարախոսություն: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Վերոշարադրյալ նպատակների իրականացման համար կուսակցությունը հետամուտ է լինելու հետեւյալ խնդիրների լուծմանը՝ 1. Երկրում սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, օրենքի գերակայության եւ արդարության ապահովումը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, հասարակության համախմբումն ընդհանուր նպատակների շուրջ, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումը: 2. Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության օրենսդրական եւ ինստիտուցիոնալ արդյունավետ կառուցակարգերի ստեղծումը, համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածության պահպանումը՝ ազգային նկարագրի եւ ավանդույթների պահպանման ապահովմամբ: 3. Ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, ներդրումների հուսալի իրավական պաշտպանվածության վրա խարսխված, սեփականության բազմաձեւության եւ սեփականության բոլոր ձեւերի հավասար իրավական պաշտպանության վրա հիմնված տնտեսական համակարգի ստեղծումը: 4. Արդյունաբերության վերականգնումը, վերագործարկումը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված, արտահանողական ուղղվածությամբ, նոր աշխատատեղեր ապահովող արդյունաբերության ստեղծումը եւ կայուն զարգացումը, գյուղատնտեսության նկատմամբ պետական հոգածության բարձրացումը: 5. Գործուն պետական, հասարակական եւ իրավական մեխանիզմների ստեղծման, գործարար կապերի ակտիվացման ճանապարհով Հայաստան-Սփյուռք-Արցախ ներուժի համախմբումը: 6. Հարկատուների շահերի պաշտպանությունը, տնտեսվարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովումը: 7. Պայքարը տնտեսության մեջ ստվերայնության, կլանների, պետական կառավարման ապարատում կոռուպցիայի եւ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այլ երեւույթների դեմ: 8. Պետական ինքնիշխանության եւ ազգային անվտանգության ապահովման նպատակով ռազմավարական ոլորտներում պետական սեփականության պահպանում: 9. Պետական իշխանության հոգածության մեծացումը սոցիալական ապահովության, առողջապահության եւ կրթության ոլորտներում: 10. Մարդու, նրա կարողությունների ազատ ու անարգել դրսեւորման համար իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հոգեւոր անհրաժեշտ պայմանների ապահովում: 11. Նպաստել մտավորականության ներուժի համախմբմանը համազգային խնդիրների լուծման շուրջ եւ նրանց ներգրավել պետական եւ հասարակական գործընթացներում: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ Գաղափարական եւ ծրագրային դրույթներն իրագործելու համար կուսակցությունը որդեգրում է հետեւյալ գործելակերպը. 1. Կուսակցության անդամ հանդիսացող պատգամավորների կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հասնել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների, նպաստել ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմանն ու կայացմանը, համապատասխան օրենքների ընդունմանը: 2. Առաջարկություններով, հայտարարություններով, զանգվածային լրատվության եւ այլ միջոցներով արտահայտված ակտիվ դիրքորոշմամբ հասնել պետության, ազգային տնտեսության զարգացմանը խթանող ու մարդկանց սոցիալական վիճակը բարելավող օրենքների եւ այլ իրավական ակտերի ընդունմանը: 3. Հայաստանում եւ արտերկրում իրականացնել ազգային եւ համամարդկային արժեքների, բարգավաճ հայրենիք կառուցելու պատմական արդիականության եւ անհրաժեշտության ակտիվ քարոզչություն, նպաստել Հայաստանում արդյունաբերության եւ գյուղատնտեսության միջազգային մակարդակով ճանաչում գտնելու ընդունակ առկա ճյուղերի զարգացմանը եւ նոր, հեռանկարային տնտեսական ուղղվածությունների ստեղծմանը: 4. Ընտրովի մարմիններում եւ այլ պաշտոններում աշխատող կուսակցության անդամների աշխատանքային եւ կուսակցական գործունեության նկատմամբ իրականացնել մշտական վերահսկողություն: 5. Աշխուժացնել եւ գործնականացնել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերն ու համագործակցությունն ապահովող կառույցների գործունեությունը: Ջանքեր գործադրել դիվանագիտության մեջ եւ տեղեկատվական մեծ դաշտում իրականացնելու մշտական ակտիվ գործելակերպ: Դիվանագիտական, մշակութային օժանդակություն ցուցաբերել արտերկրում բնակվող հայերին, աջակցել նրանց շահերի պաշտպանությանը: 6. Ունկնդրելով ժողովրդի ձայնը եւ որդեգրած լինելով ակտիվ դիրքորոշում՝ մշտապես հանդես գալ ժողովրդի սոցիալական շահերի պաշտպանությամբ, ակտիվացնել պայքարը բյուրոկրատական կամայականությունների դեմ: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ Կուսակցության գաղափարախոսությունը հիմնվում է համամարդկային եւ ազգային արժեքներին հավատարմության, ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության, ազգային նկարագիրը չխաթարող եւ ազգային շահերը չոտնահարող միջազգային ինտեգրման եւ համագործակցության, քաղաքական կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմամբ նոր աշխարհակարգում սեփական արժանապատիվ տեղի եւ դերի ապահովման, Հայաստանը բարգավաճ պետության վերածելու դրույթների վրա: Կուսակցությունը ջատագովն է տնտեսության լիարժեք ազատականացման, նոր քաղաքականության եւ նոր մեխանիզմների միջոցով իրականացվելիք եւ միանգամայն հնարավոր դիտվող տնտեսական աննախադեպ առաջընթացի, մեր հայրենիքի բարգավաճման, հայրենակիցների արժանապատիվ կենսակերպի ու սոցիալական բարեկեցության ապահովման ազգային գերնպատակի: 1. Համամարդկային եւ ազգային արժեքներին հավատարմություն Հայ ժողովուրդը բազմադարյա պատմություն ունի, իր առաքելությամբ կրում եւ դարերի խորքից մինչեւ մեր օրերն է հասցնում մարդկության զարգացման եւ քաղաքակրթությունների ձեւավորման ընթացքում ձեռք բերած արժեքներ, որոնցից շատերը պահպանվել են նաեւ շնորհիվ հայ ազգի, նրա իմաստության, ազգային բնութագրի: Դարերից եկող այս ճանապարհին հայ ժողովուրդը ունեցել է բազմաթիվ նվաճումներ, դիմագրավել շատ արհավիրքներ, ձեւավորվել որպես ինքնուրույն, ինքնատիպ նկարագիր ունեցող ազգ: Այսօր հայ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք համամարդկային արժեք հանդիսացող ժողովրդավարությանը, մարդու ազատությանը, ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր առաջնային խնդիրներից է համարում հավատարիմ մնալ միաձուլված համամարդկային եւ ազգային արժեքներին, քարոզչական աշխատանք ծավալել այդ արժեքների իմաստավորման, դրանց պահպանման եւ սերունդներին փոխանցելու ուղղությամբ: 2. Ժողովրդավարության ամրապնդում եւ մարդու իրավունքների պաշտպանություն Հայ ժողովրդի գոյապահպանությունը հիմնված է զարգացման ունակության, առաջընթացի հակվածության եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ առավել բարձր մակարդակի հասնելու ձգտման վրա: Արդի աշխարհի պայմաններում առաջընթաց ասվածը առաջին հերթին ենթադրում է ժողովրդավարության բարձր մակարդակի պետության կայացումը, ուր լիարժեք պաշտպանված են յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու ազատությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անելու է հնարավորը՝ երկրում ժողովրդավարության մակարդակը էլ ավելի բարձրացնելու եւ այն համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս առումով կուսակցությունն առաջնային է համարում աջակցությունը իշխանությունների տարանջատման գործընթացին, պետական եւ հասարակական ինստիտուտների կայացմանը, պայքարը կոռուպցիայի դեմ, բնակչության իրազեկության մակարդակի բարձրացումը մարդու իրավունքների եւ ազատությունների, երկրում գործող օրենքների վերաբերյալ, հատուկ կրթական ծրագրերի եւ նաեւ ազգային պատմության ու մշակույթի վրա հիմնված ժողովրդավարական արժեքների քարոզչության իրականացումը, աջակցությունը ազատ մամուլի կայացմանը: 3. Ազգային նկարագիրը չխաթարող եւ ազգային շահերը չոտնահարող ինտեգրում եւ համագործակցություն Անկախացման օրից ի վեր Հայաստանի Հանրապետությունը բնականոն ինտեգրացիոն գործընթացներ է սկսել եւ անցած մեկ եւ կես տասնամյակի ընթացքում դարձել համաշխարհային հանրության լիիրավ անդամ: Այսօր մեր երկիրը շարունակում է ինտեգրման գործընթացը եվրոպական ընտանիքին՝ որպես հեռահար նպատակ տեսնելով անդամակցությունը Եվրոպական Միությանը: Ակտիվ են նաեւ Հայաստանի գործընկերային հարաբերությունները տարբեր մակարդակի տարածաշրջանային կազմակերպություններում եւ վեհաժողովներում, հատկապես ԱՊՀ շրջանակներում: Լինելով այդ գործընթացների շարունակականության ջատագովը, միեւնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ տեսնում է այն ուղեծիրը, որից շեղվելու պարագայում, ընդունելով մեր ազգային նկարագրի հետ անհամատեղելի որոշ դրույթներ, Հայաստանը կարող է լրջորեն վտանգել եւ հետզհետե փոփոխել ազգային բնութագիրը: Համարելով այս խնդիրը ազգային անվտանգության օրակարգային հարցերից մեկը, կուսակցությունը անելու է հնարավորը ինտեգրացիոն գործընթացներում ոսկե միջինը գտնելու եւ երկիրը բարոյական ցնցումներից զերծ պահելու համար: Բացի այդ, ընդունելով ժողովուրդների եւ պետությունների համընդհանուր բարեկամության եւ գործընկերության սկզբունքը եւ նպաստելով դրա կյանքի կոչմանը, կուսակցությունը որոշ վերապահումներով է վերաբերվում բազմամակարդակ գործընկերության այն դեպքերին, որոնք կարող են ազդեցություն ունենալ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին գնահատականներ տալու արդարացիության վրա, վտանգել Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ անվտանգությունը, նվազեցնել Հայոց Բանակի մարտունակությունը կամ հանգեցնել ազգային տնտեսության անկմանը: 4. Քաղաքական կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմամբ նոր աշխարհակարգում սեփական արժանապատիվ տեղի եւ դերի ապահովում Պետության՝ որպես քաղաքական համակարգի, հզորության հիմքը ազգային եւ հանրային ուժերի կազմակերպման ու կառավարման ունակությունն է: Հայկական պետությունը պետք է ունենա քաղաքական կառավարման ճկուն եւ գործուն կառույցներ եւ մեխանիզմներ, որոնք կկարողանան ապահովել քաղաքական կայունություն, ուժեղ տնտեսություն եւ սոցիալական բարվոք վիճակ: Քաղաքական կառավարման համակարգի կարեւորագույն բաղկացուցիչ մասը ճկուն եւ գործուն դիվանագիտությունն է, որը պետք է կարողանա երկրի թե տնտեսական, թե քաղաքական եւ թե ռազմական հաջողությունները ամրապնդել միջազգային ասպարեզում՝ ապահովելով նոր աշխարհակարգում համապատասխան դիրք ու կեցվածք: 5. Հայաստանը՝ բարգավաճ պետություն Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ անցել է պետականության ստեղծման, կայացման, համաշխարհային հանրության հետ ինտեգրվելու, քաղաքացիական քաղաքակիրթ հասարակության ստեղծման առաջնային փուլերը: Պատմություն են դարձել էներգետիկ ճգնաժամի, տնտեսության անկմանը հանգեցրած տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման, զանգվածային արտագաղթի, լայն տարածում գտած հանցագործությունների, քաղաքական արհավիրքների տարիները: Հաղթանակելով ազատագրական պատերազմում, հայ ժողովուրդը իր երկու անկախ Հանրապետություններով այսօր իր արժանի տեղն է գրավում աշխարհի ժողովուրդների ընտանիքում՝ ձգտելով խաղաղության եւ համընդհանուր հանդուրժողականության, ժխտելով ազգային խտրականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ վստահելի գործընկեր հանդիսանալով յուրաքանչյուր բարեկամ պետության ու ժողովրդի համար: Այդպիսով, անցնելով պետականության կայացման առաջին եւ երկրորդ փուլերը, լուծելով մեր առաջ դրված երկրի եւ պետության գոյատեւման եւ կայացման հիմնական խնդիրները, այսօր արձանագրում ենք, որ եկել է ժամանակը իրագործելու համար յուրաքանչյուր հայի ամենաբաղձալի իղձերից մեկը՝ կառուցել բարգավաճ, ժողովրդավարական, ազատական, աշխարհիկ պետություն, ուր յուրաքանչյուր մարդ կարող է պաշտպանված լինել եւ ապրել ազատ ու արժանապատիվ կյանքով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ազգային գերնպատակ համարելով աշխարհասփյուռ հայության հայրենիքի բարգավաճումը, նոր եւ նպատակաուղղված տնտեսական քաղաքականության շնորհիվ, հասարակության, համայն հայության ներուժի համախմբման, նպատակաուղղված քարոզչության եւ հստակ մեխանիզմների ներդրմամբ անելու է հնարավորը այդ նպատակն իրականացնելու համար: Կուսակցությունը գտնում է, որ յուրաքանչյուր մարդու եւ ամբողջ ժողովրդի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ստեղծման մայրուղին քաղաքակիրթ շուկայական հարաբերությունների հաստատումն է, որի պայմաններում երաշխավորում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց տնտեսական ազատությունը, նրանց սեփականության անձեռնմխելիությունը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների իրավունքների եւ ազատությունների համապարփակ ու լիակատար դատական պաշտպանությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համոզմամբ, տնտեսական ազատությունը եւ շուկայական հարաբերությունները միայն այն ժամանակ են դառնում առաջընթացի արդյունավետ աղբյուր, երբ դրանք ամրագրում են մարդկանց լիակատար իրավահավասարությունը՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները եւ ազատությունները սահմանող ու երաշխավորող, ինչպես նաեւ սպառողների շահերը պաշտպանող օրենքների համակարգում: Հետեւաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այն կարելի է հաստատել միայն այնպիսի տնտեսական օրենքների ընդունմամբ, որոնք հուսալի երաշխիքներ կապահովեն տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար: 6. Հնարավոր տնտեսական աննախադեպ առաջընթաց Համաշխարհային փորձը, մասնավորապես առանձին պետությունների օրինակները ապացուցում են, որ տնտեսական աննախադեպ առաջընթացը, «տնտեսական հրաշք» ասվածը, հաճախ պայմանավորված է ոչ թե այս կամ այն երկրի բնական պաշարների կամ շահավետ աշխարհագրական դիրքի առկայությամբ, այլ իրագործվում է բացառապես հասարակության համախմբվածության, քաղաքական հարաբերական հանդուրժողականության պայմաններում, հստակ, նպատակաուղղված քաղաքականության, աշխարհի, տվյալ տարածաշրջանի եւ տվյալ պետության արդի իրավիճակի, ընդհանուր շուկայի մանրամասների վերլուծությամբ, տնտեսության առավել հեռանկարային ճյուղերի զարգացմանն ուղղված եւ նոր հեռանկարային ճյուղերի ստեղծմանն աջակցող ռազմավարության օգնությամբ: Աներկբա է, որ Հայաստանն ունի բավական ներուժ տնտեսական հրաշք իրագործելու համար: Առանձին անվանի ձեռնարկատերերի՝ խոշոր արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մանր եւ միջին բիզնեսի եւ տնտեսության այլ ճյուղերում արձանագրված լուրջ հաջողությունները, հայկական ապրանքատեսակների որակը եւ մատչելիությունը, հայ աշխատավորի ու մտավորականի ջանասիրությունն ու տաղանդը, անկասկած, հնարավորություն են ընձեռում համալրել այն երկրների ցանկը, որոնք աննախադեպ տնտեսական առաջընթաց են արձանագրել ընդամենը մի քանի տարիների ընթացքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համախմբելով Հայաստանի Հանրապետության բոլոր ստեղծարար ուժերին, իրականացնելով բարգավաճ պետություն կառուցելու ակտիվ քարոզչությունը, հասարակության դատին ներկայացնելով հստակ ռազմավարություն եւ գործուն մեխանիզմներ, անելու է հնարավորը՝ Հայաստանը ժողովրդավարական, ազատական եւ բարեկեցիկ պետության վերածելու համար: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2004 ապրիլի 30 8211ին, 15.00-ին, թիվ 83 դպրոցի նիստերի դահլիճում: «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ