Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատիրոջը չի հասնում

Մարտ 12,2004 00:00

Սեփականատիրոջը չի հասնում Երեկ կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 510 մլն դրամ հատկացնել վերջին օրերին հեղեղից ու քամիներից տուժած մարզերին ու համակարգերին։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրեց նախարար Հովիկ Աբրահամյանը։ Դատելով գումարի չափերից, ամենաշատը տուժել է Տավուշի մարզը, որին հատկացվել է 71 մլն դրամ։ Գումարները կուղղվեն վնասված դպրոցների եւ այլ շինությունների տանիքները, ճանապարհները վերանորոգելուն, աղետից անտուն մնացածներին օթեւան գնելուն։ Գումարի կեսը տրամադրվել է վնասը վերացնելիս իրենց բյուջեներում ճեղքվածք տված 3 պետական համակարգերի՝ Ջրտնտպետկոմին, Արտակարգ իրավիճակների վարչությանը եւ գյուղնախարարությանը։ Իսկ վնասված էլեկտրագծերը վերականգնելու համար կառավարությունը «Հայէլեկտրացանցեր» ընկերությանը ոչինչ չի հատկացրել։ «Ընկերությունը պահանջ չի ներկայացրել, որովհետեւ վնասի վերականգնումը սեփականատիրոջ հաշվին է, ոչ թե պետության»,- մեր հարցը պարզաբանեց նախարարը։ Նույն տրամաբանությամբ փոխհատուցման ակնկալիք չպետք է ունենան նաեւ Հրազդանի կիրճում տեղակայված եւ հեղեղից վնասված օբյեկտների սեփականատերերը։ Ստեղծված հանձնաժողովը կհաշվի վնասի իրական չափը, որի վերականգնման համար կառավարությունն արդեն դիմել է միջազգային դոնոր կազմակերպություններին։ Ի դեպ, մարզեր այցելելը «պայծառացրել» է կառավարության միտքը. այս գարուն 22 տոննա թունաքիմիկատ անվճար կբաշխվի գյուղացիներին, կփոխհատուցվի պարարտանյութի՝ անցյալ տարվա համեմատ բարձրացած գնի 800 դրամ տարբերությունը (մեկ պարկի համար), 291 տրակտոր կվաճառվի գյուղացիներին՝ 3 անգամ էժան գնով եւ այլն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել