Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆԻ՞Շ Է

Մարտ 12,2004 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆԻ՞Շ Է «Ժողովրդավարական ոչ մի երկրում չեն համարձակվի ո՛չ պետության ղեկավարին հայհոյել, ո՛չ էլ պաշտպանության նախարարին, որովհետեւ վերջինս եւս խորհրդանիշ է»,- ասել էր Ալվարդ Պետրոսյանը: Այս խոսքերը կարդալիս վերհիշեցի ընդդիմություն եղած ժամանակ պետության խորհրդանիշի հանդեպ Դաշնակցության պահվածքի խոսուն մի վկայություն՝ ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազատամարտի» ծաղրանկարը, ուր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկերված էր մերկ, ամոթույքը ծածկած մի թզենու տերեւով, որը մակագրված էր «Արցախ», ու կանգած էր նա ցեխալճակի մեջ, որի վրա գրված էր՝ «Հայաստան»: «Շատ վատ է»,- այդ մասին մեր հիշեցմանն արձագանքեց Ալվարդ Պետրոսյանը: Հավելեցինք, թե ՀՅԴ-ն շատ բուռն քննադատում էր նաեւ պաշտպանության նախարարին. «Բայց մենք նաեւ մասնակցում էինք պատերազմին: Եվ մասնակցի իրավունքով ՀՅԴ-ն կարող էր մի քիչ ավելին թույլ տալ իրեն, քան մնացածը, որ պարզապես միայն խոսում էր: Եվ չեն եղել անձնական վիրավորանքներ ու սուլոցներ: Ես այդ տարիներին ամենաակտիվ հրապարակախոսներից մեկն եմ եղել՝ որեւէ տող չեք կարող գտնել, որտեղ ես անձնավորված վիրավորանքներ հասցնեի որեւէ պաշտոնյայի: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանից էի դժգոհում՝ դիմում էի «պարոն նախագահ»-ով: Եվ «Իրավունք» թերթում տպագրեցի «Բեւեռացում» հոդվածը, որտեղ պաշտպանում էի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին՝ 1996-ին, երբ իմ ընկերները բանտում էին»: «Բանակն է խորհրդանիշը»,- այսպես արձագանքեց Ալվարդ Պետրոսյանը մեր հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը պետության խորհրդանի՞շ է: «Ախր Սերժ Սարգսյանից ի՞նչ պետության խորհրդանիշ: Շատ-շատ՝ նա կարող է Մոնակոյի որեւէ կազինոյի խորհրդանիշը լինել: Եվ հետո՝ ո՞վ է տեսել, որ խորհրդանիշը բենզինի առեւտրով զբաղվի»,- այս առնչությամբ նկատել էր թերթերից մեկը: «Ես չեմ տեսել ու չեմ հավատում,- ասաց Ալվարդ Պետրոսյանը:- Անկախ նրանից՝ ընդունում են, թե չեն ընդունում Սերժ Սարգսյանին՝ չեն կարող չընդունել, թե նա խելացի մարդ է: Իսկ այսպիսի երկրի խելացի մարդիկ չեն խաղում կազինոներում. խաղում են անճոռնիները»: Եվ ամփոփելով մեր զրույցն՝ ասաց. «Ես Սերժ Սարգսյանի պաշտպանը չեմ, ու կարծեմ՝ ինքն էլ չունի իմ պաշտպանության կարիքը: Ես պաշտպանության նախարարի ինստիտուտի մասին եմ խոսում՝ ոչ թե անձի: Եվ այն կարծիքին չեմ, թե բանակում ամեն ինչ շատ լավ է՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ նախկինում: Բա՛յց: Վա՞տ պաշտոնյա է Սերժ Սարգսյանը՝ թող ապացուցեն, որ այլ գործիչ կարող է ավելի լավ պաշտպանության նախարար լինի ու փոխեն: Սակայն այդ կարգավիճակն արժանի է հարգանքի եւ պաշտպանության նախարարի ինստիտուտը մարմնավորող Սերժ Սարգսյանն, այո՛, յուրօրինակ խորհրդանիշ է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել