Հնչակյան սերիալը շարունակվում է Ջորջ Հակոբյանին անվստահություն են հայտնում «Առավոտի» այն տեղեկությունը, որ Հնչակյան կուսակցության մարզային կառույցներում ընդհանուր ժողովներ են տեղի ունենում՝ ատենապետ Ջորջ Հակոբյանին անվստահություն հայտնելու նպատակով, երեկ հաստատեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Լարիսա Ղուկասյանը։ Վերջինիս տրամադրած տեղեկատվության համաձայն, Էջմիածնի, Վանաձորի մասնաճյուղերն արդեն իսկ Ջ. Հակոբյանին անվստահություն հայտնելու եւ ՍԴՀԿ շարքերից վտարելու որոշումներ են կայացրել։ Մարտի 5-ին կայացած ՍԴՀԿ ԿՎ արտահերթ նիստում եւս, որին 8 անդամներից մասնակցել են 5-ը, 4 կողմ եւ 1 ձեռնպահով որոշվել է ատենապետ Ջ. Հակոբյանին անվստահություն հայտնել։ Հնչակյան՝ «հաշիվներ մաքրելու» այս հերթական ակցիան սկսվել է կուսակցության՝ Բեյրութում գտնվող կենտրոնական վարչության փետրվարի 28-ի նիստի որոշման քաղվածքից։ Փաստաթղթում ԿՎ-ն հայաստանյան կառույցին տեղեկացնում է, որ դեմ են, որպեսզի «նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ կատարելիք ամերիկյան այցում Ջ. Հակոբյանը ներկայացնի ՍԴՀԿ-ն, քանզի դեմ են իրենց «կեցվածքը Ա. Կարապետյանի կեցվածքին նույնացնելուն»։ ՍԴՀԿ-ն հավատարիմ է մնում դեպի ՌԴ իր կողմնորոշմանը, ուստի որոշել են նաեւ չֆինանսավորել Ջ. Հակոբյանի ամերիկյան այցը։ Ի դեպ, պարոն Հակոբյանն այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում։ Նաեւ՝ «իշխանափոխության համար ընդունելի չէ ԱՄՆ-ի կամ այլ արտաքին ուժերին ապավինելը։ Նման քայլը հայրենիքը եւ հայ ժողովուրդը կարող է տանել դեպի չնախատեսված ու ոչ ցանկալի իրավիճակներ»,- գրված է սփյուռքյան ԿՎ փաստաթղթում։ Անվստահության հիմքը նաեւ ֆինանսական է։ Մասնավորապես, Կոտայքի մասնաճյուղի վերաբացման համար 500 դոլար նվիրատվություն է արվել, որն, ըստ ԿՎ անդամ Կարո Պողոսյանի, նպատակին չի ծառայեցվել։ 1000-ական դոլար նվիրաբերվել է մասնաճյուղերի ընթացիկ ծախսերի համար, Կ. Պողոսյանի պնդմամբ, յուրաքանչյուր մասնաճյուղը 300-350 դոլար է ստացել։ Հալեպի եւ Էմիրաթների հնչակյանները 2500 դոլար են նվիրաբերել Հայաստանի կառույցին, որից 150-ը տրամադրվել է ատենապետի այդ շրջայցի ճանապարհածախս, մնացյալը պետք է ի պահ տրվեր գանձապահին, սակայն չի արվել։ Ելնելով այս եւ այլ փաստերից, Լ. Ղուկասյանը անվստահություն է հայտնում Ջ. Հակոբյանին։ Փետրվարի 28-ի որոշման քաղվածքից եւ Լ. Ղուկասյանի բերած փաստերից մտահոգված, չվստահողների բանակին է միացել նաեւ ՍԴՀԿ ԿՎ անդամ Սուրեն Մարգարյանը. «Համոզված եմ, որ Հակոբյանի Վաշինգթոն այցելությունը բացասական է ընդունվելու «Արդարություն» դաշինքի կողմից, քանի որ դաշինքում լինելով, Հակոբյանն արդեն երկրորդ անգամ Ա. Կարապետյանի հետ մեկնում է ԱՄՆ։ Ջորջի վերաբերյալ շատ հարցերում ենք եղել մեծահոգի կամ աչքներս փակել ենք եւ ասել՝ կուղղվի, բայց տեսնում եմ անօգուտ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ