Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԵՐԸ»

Մարտ 12,2004 00:00

«ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԵՐԸ» Գտնում է ՀՅԴ խմբակցության անդամ, գրող Ալվարդ Պետրոսյանը – Մանավանդ գյուղացիները միշտ բողոքում են, թե իրենք ոռոգման ջրի, պարարտանյութի եւ այլ հարցերը միայնակ են լուծում, իսկ կառավարությունը 60 մլն դրամ է հատկացնում, ինչպես իրենք են արտահայտվում՝ «բազե խաղցնելու համար»: Ո՞րն է պատճառը, որ բյուջեի սուղ պայմաններում իշխանությունն այսքան միջոցներ է վատնում «բազեների» հանգիստը կազմակերպելու համար՝ սեփական կոմերիտմիությունն ունենալու ձգտո՞ւմը: – Կուզենայի, որ տասնապատիկ շատ հատկացվեր երիտասարդության խնդիրներին եւ ուրիշ տեղ փնտրվեր այն դրամը, որ չի տրվում գյուղացուն: 60 մլն դրամը ոչինչ է երիտասարդությանը հատկացնելու համար, բայց ո՞ր երիտասարդությանը՝ շատ նուրբ թեմա է: Բնական չէ, որ մենք մեր երեխաների սերնդի մասին խոսենք զայրույթով կամ չարացած, բայց այս երեւույթի մասին չենք կարող խոսել այլ կերպ, մանավանդ որ՝ արդեն տեսել ենք, թե ինչ է նշանակում երիտասարդության ընտրանին: Այն արցախյան պատերազմի ժամանակ հեչ չերեւաց՝ ո՞ւր էին, ի՞նչ էին: Շատ տաքուկ տեղերում էին առնվազն 90%-ը ու պատերազմ գնացին բոլորովին այլ մարդիկ: Այս մի փոքրիկ ածուն, որ կոչվում է «բազե» շքեղ անունով՝ ինձ շատ է մտահոգում: Եվ ոչ նրանց հատկացված գումարի, այլ ինչ-որ մի տեսակի պատճառով, որ ես չեմ ընդունում: Բնական չեմ համարում, որ այդ տարիքում իշխանավորների ետեւից ընկած ու նրանց դուդուկի տակ պետք է պարեն երիտասարդները: Բա այդ դեպքում էլ ե՞րբ են նրանք կերտվելու որպես անհատականություններ ու կայանալու: Սա իշխանության մեղքը չէ: Միշտ էլ անգամ ամենաառաջադեմ ու ընդունելի իշխանությունն ուզում է իր ձեռքի տակ ունենալ կատարողներ: Իմ ընկեր Վանո Սիրադեղյանն էլ էր սիրաշահում երիտասարդությանը՝ ծաղիկներ էր երկնքից թափում շրջանավարտների համար: Այդ ժամանակ էլ էին ստեղծել ինչ-որ միություն: Բայց խոսքը դրա մասին չէ: Ես ավելի արմատական եմ նայում հարցին՝ ի՞նչ դաստիարակություն ենք տալիս, ի՞նչ հոգեւոր արժեքներ փոխանցում այս երիտասարդությանը: Մեղքը, մեծ հաշվով, մերն է՝ այդ երիտասարդների ծնողների սերնդինը: Մենք ամեն ինչ դարձրեցինք շա՜տ գետնաքարշ, շա՜տ իջավ արժեքային համակարգը: «Առաջ» գոռալով՝ ետ-ետ ենք գնում. խոսում ժողովրդավարության, անկախության, ազատության, սեփական երկիրն ու ճակատագիրը կերտելու կամքի մասին, բայց նորից շատ դանդաղ ու ցավագին ձեւով ետ ենք վերադառնում տրորված ճանապարհով: Այո, «կոմսոմոլը» մեզ արդեն պիտի հուշի, թե ինչ սարսափելի բան է, երբ ստեղծում ես պալատամերձ տեսակ: Կուզենայի, որ տասնապատիկ ավելի շատ երիտասարդներ լինեին, որոնք իրենց սկզբունքներով են պաշտպանում գործող նախագահին, քանի որ ես պաշտպանում եմ նրան: Բայց չէի ուզենա, որ գնային իրենց սերնդին ոչ հարիր ճանապարհով՝ շքեղությունների, զվարճալիքների, զանազան գույների եւ այլն: – Նույն «բազեներով» էին լցրել ԵՊՀ-ի դահլիճը: Եվ նրանց շարքերը խցկված մեկ-երկու սուր հարցերի հեղինակ ուսանողին Ձեր պաշտպանյալ նախագահն ուղղակի վիրավորեց՝ «ուրեմն անհույս եք»: Ըստ այդմ՝ նրան նախընտրելի է իր ամեն խոսքին ծափահարող «բազեների» տեսա՞կը: – Եթե ես մերժում եմ «բազեականության» այս դրսեւորումը՝ չի նշանակում, թե պիտի հետապնդեմ, որ նրանք չերեւան որեւէ տեղ: Եթե նրանք ուսանողներ են՝ կարող էին լինել այդ դահլիճում: Ես կուզենայի, որ նախագահին չընդունելը կամ քննադատելը չանցներ էթիկետի թույլատրելի սահմանները: Ի վերջո՝ մեծի ու փոքրի, հարցադրումների ձեւակերպման ու վայելչության, պետության ղեկավարին դիմելու կանոններ կան: Կարելի էր շատ ավելի սուր հարցեր տալ նախագահին, բայց վայելուչ ձեւակերպումներով՝ դրա կողմնակիցն եմ: – Երբ ԵՊՀ դահլիճում սուլեցին պաշտպանության նախարարին՝ Դուք մամուլում ասացիք, թե «երեւի պիտի բռնի ուժ գործադրեր նա, որովհետեւ բռնության պահանջ կա դեռ»: Դուք կոչ եք անում, թե Սերժ Սարգսյանը պիտի ծեծե՞ր ուսանողներին: – Ո՛չ: Ես, իհարկե, չեմ կարող նման կոչ անել, քանի որ մարդկային ամենամեծ հարստությունը համարում եմ ազատությունը: Բայց նաեւ հիշում եմ, որ բռնի ուժ էին գործադրում. գուցե շատ ծանր պահ էր եւ օդակայանից բռնում-բերում էին, զորակոչում ու ուղարկում պատերազմ: Սակայն հիմա էլ ավարտված չէ պատերազմը: Իսկ Սերժ Սարգսյանին գուցե կարելի է մեղադրել շատ հարցերում, բայց չի կարելի մեղադրել գռեհկության կամ կոպտության մեջ: Մի քանի բան կա պետության մեջ, որ պիտի մի քիչ ավելի հարգանքի ու ակնածանքի արժանանա, եւ դրանից առաջինը բանակն է: Եվ Սերժ Սարգսյանի նկատմամբ ոտնձգությունները ոչ թե անձի դեմ են, այլ պաշտոնի ու նրա գրաված դիրքի: Չե՛մ ընդունում: Եթե պիտի բանակն էլ ոտնահարենք՝ ուրեմն հերթով կորցնում ենք մեր հենման կետերը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել